ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված հայտնի հարցազրույցում նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մասին հարցին, թե նա 1991-ին ձեզ ինչո՞ւ նշանակեց «Հայծխախոտի» տնօրեն` պատասխանել էր` «Երկրում անիշխանություն էր : Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ զանգվածային թալան էր սկսվել : Զինված խմբավորումներ կային, որոնք մտնում էին պետական ձեռնարկություններ եւ տանում էին, ինչ որ ուզենային : Իրականում ինձ նշանակեցին, որպեսզի թույլ չտայի, որ ձեռնարկությունը թալանվեր եւ կարգուկանոն հաստատեի, ինչը եւ արեցի : Իսկ դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը կոպեկներով է գնել «Հայծխախոտ» միավորումը` նա հերքել էր` ասելով. «Ես ձեռնարկությունը կոպեկներով չեմ գնել : Ընդհակառակը, բավականին թանկ եմ վճարել: Այն տարիներին դա ամենաթանկ մասնավորեցումներից մեկն էր, որովհետև ԼՏՊ-ն ու իր ընկերներն ամեն ինչ անում էին, որ ես չկարողանայի գնել գործարանը: Որովհետեւ ես Վազգեն Մանուկյանի համախոհներից էի: Վազգեն Մանուկյանի բոլոր մտերիմներին հալածում ու քշում էին: Չէին թողնում հանգիստ ապրել: 1994-ին ինձ ուղղակի վտարեցին երկրից»:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս Ռուբեն Հայրապետյանը լուրջ ճնշումների է ենթարկվել` Ձեր կողքին կանգնելու համար, միայն այն բանի համար, որ Ձեր համախոխներից է եղել: Պարոն Մանուկյանը հաստատեց այն, ինչ հարցազրույցում ասել էր Ռուբեն Հայրապետյանը. «Ես հարցազրույցը չեմ կարդացել, բայց կարող եմ ասել, որ 96-ին Հայրապետյան Ռուբիկը իսկապես եղել է մեր կողմնակիցների շարքում, եւ 96 թվի սեպտեմբերի 26-ից հետո ինքը բավականին տուժել է, քանի որ իր հակումը դեպի այս կողմը, դեպի մեր կողմն ակնհայտ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ