Կապանում սեպտեմբերի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին 30 հազար 496 ընտրողներից մասնակցել է 17 հազար 366 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 56.59 %-ը:
Ըստ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի` Կապանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանին կողմ է քվեարկել մասնակից ընտրողներից 10 հազար 262-ը, 6 հազար 75 ընտրող էլ դեմ է քվեարկել Ա. Հայրապետյանին: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը Կապանում հասնում է 858-ի:
Նույն օրը ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաեւ Մեղրիում, Ագարակում ու Քաջարանում: Ընտրությունների արդյունքում` Մեղրիում նոր քաղաքապետ ընտրվեց: Մեղրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 75.75%-ը: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարող 3 թեկնածուներից, ձայների առավելությամբ, ինքնաառաջադրված 47-ամյա անկուսակցական, անհատ ձեռնարկատեր Արշավիր Հովհաննիսյանը հաղթեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանին: Նշենք, որ ավելի վաղ գործող քաղաքապետը «Առավոտին» հավաստիացրել էր, որ այս ընտրություններում ինքն է վերընտրվելու եւ համոզված է իր հաղթանակի մեջ:
Իսկ Ագարակում ու Քաջարանում քաղաքապետի պաշտոնի համար միայնակ պայքարող գործող քաղաքապետերը` Վարդան Գեւորգյանն ու Մխիթար Զաքարյանը, ընտրողների կողմից հավաքած 97% ձայների շնորհիվ հաղթանակ են տարել եւ կրկին վերընտրվել իրենց պաշտոններում:
Կարդացեք նաև
Ագարակում ընտրողների մասնակցությունը կազմում է 65.43%, իսկ Քաջարանում 69.62%:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ