Լրահոս
Օրվա լրահոսը

Անկենդան ընտրություններ Գյումրիում

Սեպտեմբեր 09,2012 21:54

Ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների, երբ Գյումրին եռուզեռի մեջ էր` բաժանված երկու թևի`այսպես ասած մարտունիկականների ու վարդանիկականների, ու չկողմնորոշված զանգված գրեթե գոյություն չուներ. քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հիասթափվածները շտապում էին ընտրել ԱԺ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, այսօր գյումրեցիները դժկամությամբ, շատերն էլ ընդհանրապես չէին գնում ընտրությունների: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, ժամը 17.00 դրությամբ հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից մասնակցության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Գյումրում` 28,02 տոկոս:

Ցածր ակտիվությունից դժգոհ էին նաև ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները: Օրինակ` Ջորջ Բայրոնի անվան դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը, որը 34/57 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն էր, փաստում էր, թե ժամը 13.00-ի դրությամբ ընտրության են գնացել ընտրողների ընդամենը 10 տոկոսը, ընդ որում մեծամասամբ ծերերն էին իրենց քաղաքացիական պարտքը կատարել: Հետաքրքիրն այն է, որ այդ թաղամասից ավագանու 4 թեկնածուներ կային առաջադրված, սակայն այս փաստը ևս տներից չէր հանել ընտրողներին: «Միգուցե շտաբները լավ չեն աշխատել կամ երիտասարդները սպասողական վիճակո՞ւմ են , սպասում են օրվա երկրորդ կեսի՞ն», – կարծիք հայտնեց հանձնաժողովի նախագահը:

Ակտիվությունը չափազանց ցածր էր նաև թիվ 34/49 ընտրատարածքային ընտրատեղամասում:Այս փաստը հաստատեց նաև ընտրատեղամասի նախագահ Սամվել Ոսկանյանը` տեղեկացնելով, որ ընտրախախտման վերաբերյալ ոչ մի արտառոց դեպք չեն արձանագրել:Քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանն էլ պասիվությունը բացատրեց այսպես. «Մենք էլ ենք նկատել ու գիտենք , երբ որ մարդիկ ինքնակամ են գնում, տանել-բերել չկա, երևի նաև սրա հետ է կապված:Հավանական է, որ ակնկալիք ունեն, թեև չեմ կարող պնդել, ուղղակի զգում եմ, որ մարդկանց մի զանգված կա, որ սպասում է ոնց որ թե: Բայց հուսախաբ պետք է լինեն, հաստատ չենք թողնելու, էս անգամ պիտի փորձենք լուրջ ընտրություններ կազմակերպել, դա կլինի 50 տոկոս մասնակցություն, 60, թե 70, ավարտից հետո կերևա: Էս քաղաքի փրկությունը միայն ընտրված քաղաքապետի մեջ է , նշանակված քաղաքապետը ի վիճակի չի լինի մթոլորտը փոխել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930