Օրեր առաջ Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր վրեժը Սերժ Սարգսյանից լուծելու համար ՏԻՄ ընտրություններում որոշել է սատարել ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանին: Ու թեև 13 տարվա քաղաքագլուխը այժմ Գյումրիում չէ (նա, որպես բողոքի նշան, իր մտերիմներով մեկնել է հարևան Վրաստան), սակայն, ըստ տարածված խոսակցությունների, իր թաղի`Սլաբոդկայի բնակիչներին հրահանգել է, որպեսզի գնան ու իրենց ձայնը տան կա’մ դաշնակցական թեկնածուին, կա’մ ջնջեն 4 թեկնածուների անուններն էլ ու քվեաթերթիկի վրա «Վարդան Ղուկասյան» գրեն:
Մենք եղանք Գյումրու քաղաքապետի թաղում, մասնավորապես, թիվ 6-րդ դպրոցում, որտեղ տարիներ շարունակ ընտրությունները կառավարել է քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ու այստեղ անընդմեջ սկանդալներ են գրանցվել: Նշենք, որ քաղաքապետի թաղում, ինչպես և Վարդանանց հրապարակում, որտեղ և գտնվում է Գյումրու քաղաքապետարանի շենքը, այնպիսի ամայություն էր, որ մի պահ թվում էր, թե քաղաքը սգի մեջ է (տես լուսանկարներում):
Կարդացեք նաև
Թիվ 6-րդ դպրոցում տեղակայված 34/25 ընտրատեղամասի ավագանու անդամի թեկնածու Վարդան Եդիգարյանի վստահված անձ Սուսաննա Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց . «Կյանքում առաջին անգամ է, որ էս ընտրատարածքում էսպես խելոք են, կազմակերպված, չափած-ձևած, բոլորը համարյա ակտիվ գալիս են: Պատկերացնո՞ւմ եք, որ այստեղ ոչ մի խախտում չի արձանագրվել, խելոք-շնորհքով սպասում են դրսում: Էսօր գոհ եմ, անկեղծ ասած, էսպիսի ընտրություն առաջին անգամն է, ո՞նց ասեմ, ոնց որ սանատորիայում լինենք, ընտրություն չլինի: Աստծուց շնորհակալ կլինենք, եթե երեկոյան մինչև ժամը 8-ը այսպես լինի»:
Սամվել Բալասանյանի վստահված անձ Հակոբ Սարգսյանն էլ ապշել էր այս ընտրատեղամասում տիրող անդորրից: «Կուտակումներ էդքան չի լինում, լինելու դեպքում էլ կազմակերպված անցկացնում ենք մարդկանց, դժգոհություններ չկան , կամաց-կամաց ընտրությունները մեզ մոտ քաղաքակիրթ մթնոլորտում են անցկացվում», -ասաց վստահված անձը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ