Ախթալայի քաղաքապետի ընտրություններին նախօրեին` այսօր, Ախթալայի եկեղեցու բակում տեղի ունեցավ խորովածի ավանդական ամենամյա 4-րդ փառատոնը, որին մասնակցում էին 18 ռեստորաններ, սննդի օբյեկտներ եւ 5 անհատ:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի խորովածը վճարովի էր. մեկ «շիշը» սկսվում էր 2500 դրամից: Խորովածի վճարովի լինելը ամենեւին չնվազեցրեց մարդկանց ակտիվ մասնակցությունը, ընդհակառակը, միջոցառումն ավելի կազմակերպված ու կոկիկ ընթացավ`առանց միջադեպերի եւ ուրախ մթնոլորտում:
Խորովածի փառատոնն իրեն կատարմամբ «ծաղկեցրին» ազգագրական համույթներ, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանն ու «The Beautified project» ռոք խումբը: Փառատոնի կազմակեպիչներն ամեն ինչ արել էին, որպեսզի միջոցառումը չվերածվեր ընդամենը «սնվելու փառատոնի». երեխաների համար կազմակերպել էին ժամանցային խաղեր:
Կարդացեք նաև
Խորովածի փառատոնին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանին հյուրասիրությունից առաջ Հաղպատի հոգեւոր առաջնորդ Հայր Ասպետ Բալյանը անգլերեն լեզվով օրհնեց սեղանը, որից հետո Ջոն Հեֆերնը մեծ ախորժակով համտեսեց հայկական խորովածն ու իր հիացմունքն արտահայտեց:
Փառատոնի կազմակերպիչներն էին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Ախթալայի քաղաքապետարանը եւ Լոռի մարզպետարանը:
Փառատոն-մրցույթի 23 մասնակիցներից 3-րդ անգամ բացարձակ չեմպիոն դարձավ «Արվասար» ռեստորանը:
Միջոցառման ամբողջ ընթացքին հետեւում էին մի խումբ տեղացի ոստիկաններ, որոնք շատ բարեհամբույր էին հյուրերի հետ եւ հետեւում էին, որպեսզի հյուրերն իրենց կյանքը չվտանգեին` տարածքի պատմամշակութային վտանգավոր գոտիներ չմագլցեին:
Ի դեպ, այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է եւ Ախթալայի եկեղեցում, որը կրում է Աստվածածնի անունը առավոտյան, նախքան փառատոնի մեկնարկը, պատարագ մատուցվեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ