Թաիլանդում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն սկսեցին ազատ ոճայինները: Մրցագորգ մտած չորս քաշային կարգերում Հայաստանն ուներ ներկայացուցիչներ, որոնցից երեքը բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունեին: Սակայն նրանցից միայն 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Սկսելով 1/16 եզրափակչից, Վոլոդյան միմյանց ետեւից պարտության մատնեց չինացի, ամերիկացի, հնդիկ մրցակիցներին, կիսաեզրափակչում զիջեց ռուս Զաիբեր Մուզարովին, որից հետո բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթելով Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին` դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
Չնայած նախնական փուլերում կրած պարտություններին, սփոփիչ գոտեմարտերով երրորդ մրցանակային տեղ բարձրանալու հնարավորություն էին ստացել նաեւ 50 կգ քաշային Գեւորգ Արզումանյանը, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), որոնք սակայն բավարարվեցին 5-րդ տեղերով: Միայն 96 կգ քաշային կարգում հանդես եկող Վիկտոր Կոզաշվիլին առաջին իսկ գոտեմարտը տանուլ տալով դուրս մնաց հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ