Այսօր` սեպտեմբերի 8-ին աշխարհահռչակ դիրիժոր, երաժիշտ, մեծանուն մտավորական, համաժողովրդական շարժման նվիրյալ Օհան Դուրյանը կդառնար 90 տարեկան: Նա մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երեւանում: Կոմիտասի անվան պանթեոնում դիրիժորի շիրիմին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նրա բարեկամները, ընկերները, եկել էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ. առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լավ ընկեր եւ տաղանդավոր մարդ. այսպես է բնութագրում Օհան Դուրյանին ժամանակակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը: Վերջինիս խոսքով` հայ կոմպոզիտորի մեջ կար կյանք, որը փոխանցվում էր ժողովրդին. «Ես երախտապարտ եմ նրան, որովհետեւ նա հոյակապ կատարեց իմ երազանքը` Օթելլոն: Դուրյանը բացառիկ է նրանով, որ իսկական երաժիշտ է: Երբ բնութագրում եմ նրան, միշտ կատակով ասում եմ`մեծ տաղանդ էր, խենթ էր, բայց շատ համով»: Ըստ հայկական սովորույթի, այս երկու կոմպոզիտորները փորձել են իրար խանգարել, բայց Ճգնավորյանը ուրախ է, որ այդքանից հետո մնացին ընկերներ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի կարծիքով, մենք չէ, որ պետք է մեծարենք Օհան Դուրյանին: Նա իր ամենամեծ գործով ապացուցել է իր հանճարեղությունը. «Լինելով տաղանդավոր մարդ, նա խոնարհվում էր տաղանդի առջեւ: Նարեկ Դուրյանից հետո, ես ինձ համարում եմ նրա երկրորդ զավակը: Երբ ասում են Օհան Դուրյան, հասկանում ենք բարություն, աշխատասիրություն…»: Բժիշկ Գագիկ Շահվերդյանը, թեեւ հայ կոմպոզիտորի ստեղծագործությունների սիրահարն է, ասաց, որ եթե չլիներ Կոմիտասը, չէր լինի Դուրյանը: Նա ցավով նշեց, որ այսօր նրա շիրիմին ծաղիկ դնող չկար: «Մեր ամեն ինչի սկիզբն է Կոմիտասը»,- ասում է Շահվերդյանը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ