Լրահոս
Օրվա լրահոսը

Հակավճիռների տրամաբանությունը. Վճռաբեկը արձակեց նախադեպային որոշում

Սեպտեմբեր 08,2012 16:35

Դատարանները խնդրին անդրադարձել են մի քանի անգամ և ամեն անգամ արձակել են տարբեր վճիռներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է սեփականատիրության իրավունքի խախտումների և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին նախադեպային որոշում:

Քաղաքացի Ռաֆիկ Նիկողոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասն ու շինություններն ազատել Լավուրիկ Ասլանյանի, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյանների ապօրինի տիրապետումից և նրանց վտարել այնտեղից։

Հակընդդեմ հայցով Անդրանիկ և Նարինե Մանուկյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը` այդ նույն հողամասի և շինությունների նկատմամբ:

Դատական այս գործընթացը սկսվել է 2008թ-ին: Այն Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերջնական հանգրվանի է հասել միայն մի մասով: Իսկ մյուս մասով գործը կուղարկվի նոր քննության:
Այսպես, դատական վեճին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության և վերաքննիչ քաղաքացիական դատարաններն անդրադարձել են մի քանի անգամ և ամեն անգամ արձակել են տարբեր վճիռներ, որոնք մի դեպքում մասնակիորեն բավարարել են հօգուտ հայցվորի, մեկ այլ դեպքում, կրկին մասնակիորեն, հօգուտ հակընդդեմ հայց ներկայացնողների:

Գործի քննության ընթացքում հարցը, նույնիսկ, նոր խնդիրների է հանգել: Օրինակ, Ռաֆիկ Նիկողոսյանը, դիմելով դատարան` պահանջել է պարտավորեցնել Լավուրիկ Ասլանյանին, Անդրանիկ, Նարինե, Քնքուշ և Կարեն Մանուկյաններին քանդել Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցները:

Նկատի ունենալով այս նոր պահանջը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ այս նոր խնդիրը միացվել է նույն գործի առաջին հատվածին և դիտարկվել որպես մեկ վարույթում քննվող քաղաքացիական գործ:

Ի վերջո, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2011 թվականի վճռով հայցերը մերժվել են:
Սակայն Ռաֆիկ Նիկողոսյանը բողոքով դիմել է վերաքննիչ դատարան: Իսկ վերաքննիչն ընդհանուր իրավասության դատարանի այդ վճիռը բեկանել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Ռաֆիկ Նիկողոսյանը դեպքերի այս զարգացման արդյունքում բողոքով դիմել է վճռաբեկ դատարան:
Նրա դժգոհությունը վերաբերել է այն խնդրին, որ գործը քննելիս վերաքննիչ դատարանը խախտել է՝ 1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը, 2.«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները և չի կիրառել մի շարք իրավական ակտեր, որոնք պետք է կիրառվեին:

Այս ամենի հիման վրա վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ Ռաֆիկ Նիկողոսյանի բողոքն առաջին հիմքով հիմնավոր է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճռաբեկ դատարանը նաև նշել է. «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել ստորադաս դատական ատյանի վճռի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել»:

Դրա հիման վրա վճռաբեկ դատարանը գտել է, որ Անդրանիկ և Նարինե Մանուկյանների կողմից դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չներկայացնելու, իսկ Ռաֆիկ Նիկողոսյանի կողմից, վճիռն իր հայցի մասով բողոքարկելու պայմաններում, դատական ակտն Անդրանիկ և Նարինե Մանուկյանների հայցը մերժելու մասով մտել է օրինական ուժի մեջ: Իսկ Ռաֆիկ Նիկողոսյանի բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը պետք է վերանայեր և բեկաներ միայն վճռի` նրա կողմից բողոքարկված մասը:

Միաժամանակ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, որ Ռաֆիկ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է: Դատարանը այս մասով նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։

Ելնելով այդ հանգամանքից՝ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն օրինական ուժ է տվել ստորադաս դատարանի կողմից ընդունված դատական ակտին և կայացրել նախադեպային որոշում:
Վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն։ Բեկանվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը Անդրանիկ և Նարինե Մանուկյանների հայցը մերժելու մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու մասը և այդ մասով օրինական ուժ է տրվել նույն դատարանի 29.11.2011թ.-ի վճռին։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ռաֆիկ Նիկողոսյանի հայցի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը թողնել օրինական ուժի մեջ։

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930