Արվեստագետ Արման Գրիգորյանը՝ հայ ժամանակակից արվեստի մասին
Ճանաչված գեղանկարիչներ Արփենիկ Ղափանցյանի եւ Ալեքսանդր Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, որը Հայաստանում 1980-ականների վերջերից Pop Art-ի հիմնադիրներից է, գտնում է, որ մերօրյա մտավորականները իրենց գործերում կարծես վախենում են անդրադառնալ պատմական ավելի խոր շերտերի:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արման Գրիգորյանն ասաց. «18-րդ դ. վերջին եւ 19-րդ դ. սկզբին հնագիտությունը, մարդաբանությունը եւ այլն, ուսումնասիրելով նախնիների ապրելակերպը, ապագա իրենց տեսլականները կառուցեցին: Մինչեւ ստալինյան ժամանակահատվածը, մեր մտավորականների մոտ արդեն նման հետաքրքրասիրություն նկատվում էր, օրինակ՝ գրող Կարա Դարվիշի, ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի, Գեւորգ Քոչարի եւ մյուսների ստեղծագործություններում: Մինչդեռ այդ ժամանակահատվածում տարվող քաղաքականությունը սկսեց վարկաբեկել գիտական մոտեցումները, էվոլյուցիայի տեսությունը համարյա արգելվեց, էլ չասենք, որ ծաղրի ենթարկվեց: Բայց կային անհատներ, ովքեր խիզախություն դրսեւորեցին պատմությունն ուսումնասիրելով գլոբալ՝ տիեզերքի ստեղծման օրվանից մինչ այսօր: Հայազգի մտավորականների մեջ էլ եղան անհատներ, այդ թվում՝ մոսկվաբնակ պատմաբան Հակոբ Նազարեթյանը, ով այսօր էլ ներկայացնում է այնպիսի գիտական փաստեր, որոնք հակառակվում են իշխող ստերեոտիպերին: Այսպես. պատմաբանը հերքում է, փաստերով ապացուցում, որ 20-րդ դարը ոչ թե ամենաարյունալին էր, այլ ճիշտ հակառակը: Ավելին, յուրաքանչյուր ապրող էակի (մարդ, բույս, կենդանի) նկատմամբ ավելացել է հոգատար վերաբերմունքը»:
Արվեստագետը հայտնեց նաեւ, որ ժամանակակից ստեղծագործողների թվում էլ կան անհատներ, որոնք հաշվի առնելով գիտական նվաճումները, փորձում են ստեղծել նորը, ինչը մեզանում ընդունված է անվանել պոստմոդեռն, նշելով արձակագիրներ Արամ Պաչյանին, Արմեն Օհանյանին, կոնցեպտուալիստ համարվող նկարիչներ Տիգրան Խաչատրյանին, Ազատ Սարգսյանին, կոմպոզիտոր Տիգրան Թահմիզյանին:
Նոր արվեստի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ի պատասխան մեր հետաքրքրության՝ հայտնեց, որ սեփական նկարների ստեղծման, ոգեշնչման աղբյուր են հանդիսանում Բոնոբո կապիկը, տանզանյան Հաձա ցեղը եւ հողագործության սկիզբ համարվող, 1960-ականներին Անատոլիայում հայտնաբերված նեոլիտի դարաշրջանի կոմունիստական հասարակության մոդելը, նշելով, որ այս երեքին էլ հատուկ են մինիմալ ագրեսիվությունն ու մաքսիմալ էգալիտարիզմը (ներհամայնքային հավասարություն): Հարցին, թե 1960-ականների մտավորականների սերնդի ո՞ր ներկայացուցիչներն են այդ ազդեցության կրողներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինակ, Փարաջանովի, Մինասի, Հրանտ Մաթեւոսյանի գործերում արտահայտվում է թվարկածս՝ նախնիների հանդեպ ունեցած կարոտը եւ ձգտումը՝ հաղթահարելու հասարակության դասակարգային շահագործում ու խտրականություն ծնող պատկերացումները»: Միաժամանակ էլ հավաստիացնում է, որ եթե մերօրյա գրականագիտությունը, արվեստաբանությունը վերանայի կարծրացած իր հայացքն ու հենվի 20-րդ դարի գիտական մտքի վրա, ապա ոչ միայն նորովի կտեսնենք ու կընկալենք մեզ արդեն ծանոթ արվեստագետների աշխատանքները, այլեւ կկարողանանք գնահատել նորը արվեստում: «Սա անհրաժեշտ է նաեւ քաղաքական եւ քաղաքացիական շարժումները ճիշտ գնահատելու ու դրանց լիարժեք մասնակիցը դառնալու համար»,- հավելեց Արման Գրիգորյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ