Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան եւ Ադրբեջան-2012. իրադարձություններ եւ մեկնաբանություններ

Սեպտեմբեր 08,2012 14:09

Հայաստանում եւ Ադրբեջանում տպագիր ԶԼՄ-ների ներկայիս խնդիրների, դրանց լուծման կարեւորության  եւ հետագա զարգացման մասին են ստորեւ բերված հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցները անց է կացնում Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Գրի ինչ ուզում ես, միեւնույն է՝ չի ազդում 

Հարցազրույց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ

 

– Հայաստանում այսօր քանի՞ տպագիր թերթ է լույս տեսնում, եւ ի՞նչ տեղ են դրանք գրավում այլ ԶԼՄ-ների (հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ-մեդիայի, սոցցանցերի) շարքում:

– Ես չգիտեմ տպագիր թերթերի ճշգրիտ թիվը Հայաստանում: Միայն գիտեմ, որ 11 անուն օրաթերթ է լույս տեսնում մայրաքաղաքում: Մեր շուկայի համար, իհարկե, սա մեծ թիվ է, քանի որ ընթերցողների լսարանը շատ է փոքրացել: Ես իմ թերթի օրինակով կարող եմ ասել. մեր թերթի տպաքանակը հիմա 3000-3200 է, այնինչ մինչեւ 1996թ.-ը մենք տպագրվում էինք 40.000-45.000 տպաքանակով, եւ առաջին տեղում չէինք: Տպաքանակի կրճատման երկրորդ պատճառն այն է, որ ընթերցողների մեծ մասը բնակվում է մայրաքաղաքում, եւ 11 օրաթերթերը այս լսարանի համար շատ են: Իմ մոտավոր հաշվարկով՝ մայրաքաղաքում տպագրվող 11 օրաթերթերի միջին ընդհանուր տպաքանակը չի գերազանցում մինչեւ 1996թ.-ի մեր թերթի տպաքանակին:

Ուսումնասիրությունների համաձայն՝ հանրապետության բնակչության ընդամենը 5%-ն է թերթ կարդում կամ ինֆորմացիա ստանում տպագիր մամուլից: Դա շատ քիչ է: Բնակչության մեծամասնությունը կախում ունի հեռուստատեսությունից: Հեռուստատեսությունն անբնական չափերի է հասել, դարձել է ժամանց՝ Հայաստանի բնակչի միջին սոցիալ-տնտեսական ցածր մակարդակի պատճառով նրա միակ ժամանցի աղբյուրը հեռուստացույցն է: Հայ ընտանիքն Ամանորի նախօրեին իր խնայողություններով գնում է մի մեծ հեռուստացույց, տեղադրում է տան ամենակենտրոնական մասում, քանի որ այդ սարքավորումը շատ կարեւոր է իր համար: Երեկոները ընտանիքը հանգստանում է ոչ թե դրսում, այլ՝ հեռուստացույցի առաջ նստած:

Ռադիոն այդպես էլ չգրավեց իր տեղը թերթի եւ հեռուստատեսության միջեւ: Այդ սանդղակը դատարկ մնաց: Մենք բազմաթիվ ռադիոկայաններ ունենք, որ հիմնականում գովազդի-ժամանցի-երաժշտության մեջ են, կան լուրեր հաղորդող երկու-երեք ռադիոկայաններ: Ռադիոյի տեղն էլ հեռուստատեսությունը գրավեց: Էլեկտրոնային միջոցները դինամիկ աճում են, բայց ի հաշիվ հատկապես տպագիր մամուլի:

ԶԼՄ-ների ուսումնասիրությունների մեջ ինձ համար ամենազարմանալին ու կարեւորն այն է, որ լրատվության 18%-ը մարդիկ ստանում են ընկեր-ծանոթ-հարեւան-բարեկամ աղբյուրներից: Սա նշանակում է, որ ԶԼՄ-ների նկատմամբ չկա վստահություն: Հարեւանի ասածը մարդկանց համար շատ ավելի արժանահավատ է:

– Երկրում քանի՞ իշխանամետ, ընդդիմադիր եւ անկախ թերթեր կան, ի՞նչ տպաքանակ ունեն դրանք: Ազգային փոքրամասնությունների լեզուներով թերթեր կա՞ն:

-11 թերթերից գոնե 55-60%-ն իրեն ընդդիմադիր է համարում: Հակաիշխանական մամուլը ես ընդդիմադիր չեմ համարում, դա կուսակցական մամուլ է: Այն կողմնապահ է, իրենց ճամբարի հանդեպ ոչ մի քննադատություն թույլ չի տալիս, եւ զբաղվում է «քիլլերությամբ», բարոյապես ճնշում նրանց, ովքեր չեն համաձայնվում իրենց հետ: Այդ մամուլը ոչ թե ընդդիմադիր է, այլ՝ ընդդեմ: Այստեղ մի նրբություն էլ կա. մեր հասարակության մեջ սիրում են, որ թերթերը քննադատեն: Մարդիկ, երբեմն, ինձ հանդիպելիս, հարցնում են, թե ինչո՞ւ ես այս կամ այն մարդուն իմ թերթում «մի լավ տեղը չդրեցի». դրանից մարդիկ հաճույք են ստանում:

Հայաստանում թերթերը կուսակցականացված են՝ առանց կուսակցություն ներկայացնելու: Թերթեր ունենք, որ անընդհատ փնովում են իշխանությանը, թերթեր էլ կան, որ իշխանության գովերգողներն են: Անկախ թերթեր չկան գոնե այն պատճառով, որ ինքնուրույն գումար չեն վաստակում. բոլորը կախված են հովանավորչությունից: Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների լեզուներով թերթերին, ապա տպագրվում են ռուսերեն լեզվով թերթեր, ուրիշ լեզուներով թերթերն ավելի քիչ են, գուցե համայնքի շրջանակներում եւ ոչ կանոնավոր պարբերականությամբ:

– Ի՞նչ արժեն թերթերը Հայաստանում եւ ինչպե՞ս են դրանք իրացվում մայրաքաղաքում եւ շրջաններում: Որտե՞ղ են ավելի շատ թերթ կարդում՝ մայրաքաղաքո՞ւմ, թե՞ շրջաններում:

-1994թ.-ից ի վեր Հայաստանում թերթերը վաճառվում են 100 դրամով, բացառությամբ 1-2-ը: Այսինքն՝ 18 տարի թերթերի գինը մնացել է անփոփոխ, երբ երկրում թանկացել եւ փոխվել է ամեն ինչ: Հայաստանում տպագիր թերթերի շուկա չկա, մենք շուկայական սկզբունքներով չենք լույս տեսնում: Օրինակ՝ հիմա մեր մեկ համարի իրական արժեքը 135 ՀՀ դրամ է, բայց մենք այն վաճառում ենք 100 դրամով: Այս պարագայում թերթը չի կարող դիտարկվել որպես բիզնես ծրագիր:

Թերթերի մեծ մասը տարածվում է մայրաքաղաքում եւ 2-3 խոշոր քաղաքներում: Սա վերաբերում է մայրաքաղաքային բոլոր թերթերին, բացառություն է միայն «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: Գեղարքունիքի մարզից հեռու թերթ չի գնում: Հետաքրքիր է, որ Վանաձորում եւ Գյումրիում մայրաքաղաքի օրաթերթի տպաքանակի չափ տպագրվող թերթ կա:

– Որո՞նք են Հայաստանի տպագիր մամուլի ամենագլխավոր խնդիրները:

– Ես լավատես չեմ տպագիր մամուլի ապագայի հարցում, եթե մենք ոչինչ չանենք: Կարծում եմ, որ տպագիր մամուլի ներկայացուցիչներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն այստեղ:

Նախ՝ որպես խնդիր կարող եմ նշել, որ թերթի բիզնեսում ներդրումներ չեն արվում, դրա արդյունքում մեր թերթերի էջերը 8-ից չեն անցնում: Առեւտրային գովազդներ չեն լինում. հիմնականում հայտարարություններ, ծանուցումներ են: Չունենք գունավոր տպագրություն: Թերթերն ապրում են հովանավորչական գումարներով, եւ սա քանդում է մեր տունը:

Մենք չենք տալիս լսարանին այն, ինչ իրեն է պետք: Օրինակ, պետական կառույցներն ունենում են արձակուրդային օրեր, երբ մենք աշխատում ենք, եւ այդ օրերին թերթերը չգիտեն ինչի՞ մասին գրեն: Թերթերի բովանդակությունը չի անցնում նախագահական նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ կառավարության եռանկյունու սահմաններից: Մեր թերթերը շատ բան չեն գրում հասարակության մասին:

Տպագիր մամուլի դաշտը լրիվ ազատ է, ինչ ուզում ես գրի: Տարիներ առաջ լրագրողների հանդեպ հաշվեհարդարներ էին լինում, 2010-2011թթ.-ին դատական գործեր եղան խմբագրություններին սնանկացնելու նպատակով, հիմա դա էլ չկա: Գրի ինչ ուզում ես, միեւնույն է՝ չի ազդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930