ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ալեքսանյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա օժանդակության համար մեղադրվող Աշոտ Առուշանյանի պաշտպանն է: Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, համաձայն որի՝ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը:
Ըստ մեղադրանքի, Ա. Առուշանյանը 2011թ. հունիսին՝ «քննությամբ չպարզված օրը», Երեւանի «Կարապի լճի» տարածքում գտնվող սրճարաններից մեկում հանդիպել է Էդ. Կարաքեշիշյանին եւ Ա. Գալուստյանին: Հանդիպման ընթացքում վերջիններիս տեղեկություն է հայտնել, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից սպիտակ գույնի «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արմաշ գյուղից Երեւան մեծ քանակությամբ գումար է տեղափոխվում, Էդ. Կարաքեշիշյանին է փոխանցել մինչ այդ իր կողմից ««Էյչ-Էս-Բի-Սի» բանկի համակարգչային բազայից ձեռք բերված, թղթի վրա տպված գրավոր տեղեկատվություն՝ ընկերության փոխտնօրեն Ա. Մանուկյանի կողմից Երեւան գալու օրերի հաճախականության եւ այդ օրերին տեղափոխած եւ բանկ վճարած խոշոր՝ 10 միլիոն դրամից մինչեւ 200 միլիոն դրամ գումարների վերաբերյալ: Ըստ գործի նյութերի, Ա. Առուշանյանի տրամադրած տեղեկատվության հիման վրա մինչեւ 2011թ. նոյեմբերի 21-ը Էդ. Կարաքեշիշյանը մի քանի անգամ Ա. Գալուստյանի հետ, իսկ մի քանի անգամ էլ՝ մենակ, գնացել է Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի աջ մասում գտնվող «Արաքս» առեւտրի կենտրոնին կից գազալցակայան, սպասել Ա. Մանուկյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պ/հ ավտոմեքենային եւ այնտեղից հետեւել նրան: Քանի որ այդ օրերին Ա. Մանուկյանն առանց կանգառի գնացել է մինչեւ Ա. Առուշանյանի աշխատավայր՝ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի գլխամաս, նրանց չի հաջողվել իրականացնել հափշտակությունը: Հերթական անգամ Էդ. Կարաքեշիշյանն ու Ա. Գալուստյանը 2011թ. նոյեմբերի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, Էդ. Կարաքեշիշյանին պատկանող եւ վերջինիս վարած «Աուդի Ա4» մակնիշի 27 ՕՕ 795 պ/հ ավտոմեքենայով Ա. Գալուստյանի հետ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի աջ մասում գտնվող «Արաքս» առեւտրի կենտրոնին կից գազալցակայանի մոտից հետապնդել են «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ա. Մանուկյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պ/հ ավտոմեքենան, որը Ա. Մանուկյանը կանգնեցրել է Երեւանի Գետառի 4 հասցեում գտնվող «Սեմ» ռեստորանային համալիրի պատի մոտ եւ գնացել «Տիգրան Մեծ» տպարան: Ա. Գալուստյանը հետեւել է Ա. Մանուկյանին, հսկել տեղանքը, իսկ Էդ. Կարաքեշիշյանը քարով հարվածելով եւ կոտրելով ավտոմեքենայի հետեւի աջ դռան ապակին՝ ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 56. 400. 000 ՀՀ դրամ գումարը եւ 2 կնիքներով ու պաշտոնական փաստաթղթերով ճամպրուկը:
Կարդացեք նաև
Պաշտոնական այս վարկածին դեմ է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: Նա գտնում է, որ Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաեւ այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաեւ այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել եւ իրացնել այդպիսի առարկաներ: Սուբյեկտիվ կողմից օժանդակությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Ըստ պաշտպանի, գործի նյութերին ծանոթանալուց ակնհայտ է, որ Ա. Առուշանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն Արտաշես Գալուստյանի ցուցմունքի վրա: Նախաքննության ժամանակ Ա. Գալուստյանը ցուցմունք էր տվել, որ 2011թ. ամռանը Օպերայի սրճարաններից մեկում Էդգարի հետ հանդիպել է Աշոտին եւ միասին սուրճ խմելու ընթացքում Աշոտը Էդգարին տվել է մի թուղթ, որի վրա տպագիր տվյալներ էր գրված: Աշոտը ասել էր, որ դա այն տվյալներն են, որոնք վերաբերում են մեծ քանակությամբ Արմաշից բանկ գումար տեղափոխող անձին եւ դա բանկից հանած տվյալներն են:
Փաստաբանը հղում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2005թ. հունիսի 22-ի որոշմանը, որը «Ս. Բալաբեկյանի վերաբերյալ գործով» արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն հետեւության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել»: Ա. Գալուստյանը ձերբակալվելուց հետո տվել է խոստովանական ցուցմունքներ: Իր կողմից տրված այդ խոստովանական ցուցմունքներից ոչ մեկում նա Ա. Առուշանյանի կողմից իրենց տեղեկություններ տրամադրելու մասին չի հայտնել: 19.06.2012թ.-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գ. Գաբրիելյանը գրություն է ուղարկում Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Բայադյանին, որ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ գողությանն օժանդակել է Ա. Առուշանյանը: Նշված գրությունը քննչական բաժնի գրասենյակ է մուտք եղել 20.06.2012թ.-ին: Նույն օրը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ելք է եղել մեղադրյալ Արտաշես Գալուստյանի 19.06.2012թ.-ին թվագրված դիմումը, որով նա հրաժարվել է պաշտպան ունենալուց: Նշված գրությունը Էրեբունու քննչական բաժին մուտք է եղել 20.06.2012թ. ամսաթվով: Ինչպես՝ հայտնի չէ: Ա.Գալուստյանը հենց այդ օրն էլ տալիս է ցուցմունք ընդդեմ Ա. Առուշանյանի: Նախաքննության հետագա ընթացքից ակնհայտ է դառնում, որ նախաքննական մարմնի եւ Արտաշես Գալուստյանի միջեւ տեղի է ունեցել «գործարք». Ա. Գալուստյանը Աշոտի դեմ տվել է ցուցմունքներ, որի փոխարեն կալանքից ազատ է արձակվել: Ա. Գալուստյանի կողմից Ա. Առուշանյանի դեմ տված ցուցմունքները չեն հաստատվում գործով ձեռք բերված մյուս ապացույցներով, դրանք հերքված են Ա.Առուշանյանի ցուցմունքներով: Ա. Առուշանյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել, որ ինքը Էդ. Կարաքեշիշյանին եւ Ա. Գալուստյանին որեւէ տեղեկություն չի տրամադրել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի՝ բանկ վճարած խոշոր՝ 10 միլիոն դրամից մինչեւ 200 միլիոն դրամ գումարների վերաբերյալ: Ա. Առուշանյանը հայտնել է նաեւ, որ ինքը տեղյակ չի եղել Էդ. Կարաքեշիշյանի եւ Ա. Գալուստյանի կողմից գողություն կատարելու մտադրության մասին:
Ոստիկանության բաժին բերվելուց հետո Աշոտին տարել են Էրեբունու բաժնի ոստիկանապետի մոտ (այդպես է ներկայացել), որտեղ ոստիկանապետը ու այլ աշխատակիցներ փորձել են նրան համոզել, որպեսզի քննիչի մոտ ինքը ընդունի, որ Էդ. Կարաքեշիշյանին եւ Ա. Գալուստյանին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից վերցրած թղթեր է փոխանցել, որտեղ նշված է եղել, թե «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի աշխատակիցը երբ է գումարներ բերում բանկ: Համոզելու ընթացքում իրեն խոստացել են նաեւ, եթե ինքը նման ցուցմունք տա, իրեն բաց կթողնեն տուն, եթե ոչ, ապա կկալանավորեն եւ ինքը զրկված կլինի հուլիսի 28-ին թեկնածուական թեզը պաշտպանելու հնարավորությունից: Այդ ողջ ընթացքում միլպետի սենյակ ելումուտ է արել նաեւ այն անձը, որը հետագայում իր համար պարզվել է, որ հանդիսանում է սույն գործով քննիչը, որը նույնպես մասնակցել է իրեն համոզելու գործընթացին: Ի դեպ, Ա. Գալուստյանը հետագայում ինքնասպան է եղել, եւ Լ. Սիմոնյանին հետաքրքրել է, թե ո՞րն է եղել դրա պատճառը, արդյոք այն առնչվո՞ւմ է սույն գործի հետ, թե՞ ոչ. «Գործով չի կատարվել փորձարարություն, պարզելու, թե Ա. Մանուկյանի եւ գանձապահի կողմից նկարագրված պոլիէթիլային մեկ տոպրակում հնարավո՞ր է 56. 400.000 ՀՀ դրամ տեղավորել, թե՝ ոչ: Նախաքննությամբ պարզված չէ, մինչ գողությունը կոնկրետ որ օրերին է Ա. Մանուկյան իր կողմից վարած սպիտակ գույնի «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արմաշ գյուղից Երեւան գումարներ բերել եւ արդյոք այդ բերված գումարները մուտք են արվել միայն «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ», թե այլ բանկեր նույնպես մուտք են արվել»: Պաշտպանը միջնորդում է Աշոտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ