Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում երկու հայ կնոջ «Happy Voyage»-ը դրդել է հանցագործությունների

Սեպտեմբեր 08,2012 14:01

Մոտ 3 շաբաթ է՝ «Happy Voyage» տուրիստական գործակալության շուրջ սկանդալային պատմություններ են տեղի ունենում. հայ զբոսաշրջիկները այս ընկերության պատճառով տարբեր երկրներում բառի ուղիղ իմաստով խայտառակվում են, բավական չէ՝ ֆինանսական մեծ վնասներ են կրում, մի բան էլ հյուրանոցներից դուրս են շպրտվում: Այս առնչությամբ «Happy Voyage» ընկերությունը տարբեր լրատվամիջոցներով հանդես է գալիս եւ պարզաբանումներ տալիս՝ մեղքը բարդելով «Ռամադանի» տոների, հայ զբոսաշրջիկների եւ արտերկրի հյուրանոցների վրա՝ հարցը համարելով փակված: Սակայն «Happy Voyage»-ից տուժած տուրիստների հոսքը մեր խմբագրություն չի պակասում: Հիշեցնենք, որ «Առավոտն» իր 22.08.2012-ի «Հայ տուրիստները Եգիպտոս են մեկնել՝ մեղրամսի, բայց կարող է հայտնվեն բերդում» հրապարակմամբ ներկայացրել էր, թե ինչպես է «Happy Voyage»-ը «գցել» Եգիպտոս մեկնած տասնյակ տուրիստների: Երեկ էլ «Առավոտի» խմբագրություն էր եկել այս ընկերությունից եւս մեկ տուժած, որը ոչ թե Եգիպտոսում, այլ Թուրքիայում է խաբվել «Happy Voyage»-ից եւ փախուստի դիմելով եւ կյանքը վտանգելով՝ մի կերպ հասել Հայաստան:

Մ. Ղազարյանը 2010 թվականին, երբ «Happy Voyage»-ը դեռեւս «Magic time» անունով է բիզնես ծավալել, $2800-ով ձեռք էր բերել Եգիպտոսում հանգստանալու փաթեթ, սակայն մեկնելուց մի քանի օր առաջ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ «Magic time»-ը մոտ 500 զբոսաշրջիկների «գցել է», ինչի պատճառով ընկերության ղեկավարները 6-րդ վարչությունում «պահվում» են: Մ. Ղազարյանը «Magic time»-ից պահանջել է վերադարձնել իր գումարը, սակայն ընկերությունը $2800-ից միայն 1500-ն է վերադարձրել՝ պատճառաբանելով՝ եթե նոր փաթեթ ձեռք բերեն, մնացած $1300-ը կներառեն այդ փաթեթի մեջ: Եվ որպեսզի գումարները չկորչեն, տիկինը համաձայնվել է նոր փաթեթ վերցնել:

2011 թվականին հարյուրավոր զբոսաշրջիկների խաբած «Magic time»-ն իր ընկերության անունը փոխել է՝ վերանվանելով՝ «Happy Voyage», բայց աշխատաոճն այդպես էլ չի փոխել:

Տիկին Ղազարյանն «Առավոտին» պատմեց, որ այս տարվա օգոստոսին դիմել է «Happy Voyage»-ին իր մնացած գումարից օգտվելու եւ որեւէ երկիր մեկնելու համար: Տուրիստական գործակալությունը տիկնոջն առաջարկել է ավելացնել եւս $1670 եւ 14 օրով 2 անձով մեկնել Անթալիայի Սիդե քաղաք: Ընդ որում, տիկնոջից պահանջել են $1670-ն առձեռն վճարել գործակալությանը, ինչն էլ տիկին Ղազարյանն արել է: Տիկնոջ խոսքերով՝ «Այլ տուրիստական ընկերություններ նույն ճանապարհորդությունը մոտ $400 էժան էին առաջարկում, բայց ես քանի որ գումար ունեի դրանց մոտ, ստիպված համաձայնվեցի: Երբ հարցրի, թե ինչո՞ւ են այսքան թանկ գին առաջարկում, Նոնա անունով աշխատակիցն ասաց՝ դե, մեզ էլ հասկացեք, Մհերը՝ շեֆը, քեշ փող չունի»:

Օգոստոսի 20-ից մինչեւ 28-ը տիկին Ղազարյանն իր 19-ամյա զարմուհու հետ նորմալ վայելել են իրենց հանգիստը, սակայն օգոստոսի 28-ի երեկոյան, երբ էքսկուրսիայից վերադարձել են հյուրանոց, ղեկավարությունը հրաժարվել է սենյակի բանալիները տալ՝ պատճառաբանելով, թե իրենց հաշվին ոչ մի կոպեկ վճարված չէ, եւ իրենք $800 պիտի վճարեն. «Քանի որ ուշ ժամ էր, եւ Երեւանում «Happy Voyage»-ի գրասենյակը փակ էր, ու ոչ ոքի հետ չէի կարող կապվել, ստիպված հյուրանոցին վճարեցի 150 դոլար, որ գոնե դրսում չհայտնվենք ու մինչեւ հաջորդ օրվա կեսը մնալու տեղ ունենանք: Հաջորդ օրը մեծ դժվարությամբ կապնվեցի տուրընկերության օպերատոր Նոնայի հետ եւ ներկայացրեցի խնդիրը: Նոնան վստահեցրեց, որ ամեն ինչ լավ կլինի, եւ ես եւս 150 դոլար վճարեմ ու մնամ հյուրանոցում, իսկ իրենք այդ գումարն ինձ կվերադարձնեն Երեւանում: Նորից վճարեցի, բայց հաջորդ օրը իրենք նորից հյուրանոցի գումարը չփոխանցեցին, իսկ հյուրանոցից ասացին, որ տուրընկերության ղեկավար Մհերը իրենց ասել է, որ պայմանավորվածության համաձայն՝ հենց տուրիստները պետք է տեղում այդ $800-ը վճարեն, ու «Happy Voyage»-ը կապ չունի այդ փողի հետ: Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը, օտար երկրում, այն էլ՝ Թուրքիայում, ու այն էլ՝ հայերից խաբված, մենք չգիտեինք, թե ինչ անենք: Տուրընկերության հեռախոսահամարները չէին պատասխանում: Գիշերվա կեսին ճամպրուկներով փողոցում կանգնած էինք մնացել, իսկ թուրք ոստիկաններն ու 2 գիդ մեզանից հեռու չէին գնում, որպեսզի հանկարծ չխաբեինք ու փախչեինք: Ծանոթներիս միջոցով տուրօպերատոր Նոնայի բնակարանի հեռախոսահամարը գտա ու զանգեցի»: Իսկ տուրօպերատոր Նոնան տուժած տիկնանց դրդել է անօրինական քայլի՝ զբոսաշրջիկներին հորդորել է անձնագրերը թողնել հյուրանոցի ղեկավարության մոտ, իսկ տիկին Ղազարյանին եւ նրա զարմուհուն տեղափոխել են մեկ այլ հյուրանոց, այն էլ իրենց նշած 5 աստղանի հյուրանոցը, տիկին Ղազարյանի նկարագրմամբ՝ ուղղակի «խոզանոց է եղել»: Տիկնոջ պատմելով՝ 4 օր էլ այդ 5 աստղանի «խոզանոցում են» անցկացրել՝ կրկին խաբվելով, որ ուր որ է՝ իրենց հաշվին Երեւանից գումար կփոխանցվի: Մ. Ղազարյանի պատմելով՝ «Նոնայի հրահանգով մեզ մի թուրք էր ուղեկցում, որն էլ անընդհատ ասում էր՝ մի վախեցեք, հանգիստ եղեք, ձեր անձնագրերը կբերեն: Փաստորեն, $800-ն այն հյուրանոցին էինք պարտք մնում, մի քանի հարյուր դոլար էլ՝ այս խոզանոցին: 4 օր անընդմեջ մեզ խաբելուց ու ստորացնելուց հետո Նոնան մեզ հեռախոսով ասաց, որ ոչինչ չեն կարող անել՝ Մհերը փող չունի, ու մենք պետք է մեր ուժերով այդտեղից դուրս գանք: Ես էլ չեմ նկարագրում մեր ապրումներն ու վախը: Ո՞նց կարելի է նման բան անել. խոսում են Սաֆարովի հանցանքի մասին, իսկ հայը հային իր ձեռքով ու խաբեությամբ ուղարկում է թուրքի «բերան»: Մեզ հետ ինչ ասես՝ կարող էր լինել: Ի՞նչ է, մենք մեզ պիտի վաճառեի՞նք, որ այդ խարդախ Մհերի ու «Happy Voyage»-ի պարտքերը փակեինք: Սրանց ո՞վ է դատելու»: Տիկնոջ պատմելով՝ նախորդ հյուրանոցի պարտքերը վճարելուց հետո իրենց անձնագրերը օդանավակայանում վերադարձրել են. «Այն էլ՝ բախտի բերմամբ «Բագրատտուրի» տնօրենն այդ օրերին Անթալիայում էր եւ մեզ օգնեց»:

Բայց սա դեռ վերջը չէր, հայ տուրիստները դեռ պետք է կարողանային 5 աստղանի հյուրանոցի գումարն էլ վճարեին, որովհետեւ նրանք իրենց ճամպրուկներով ու թուրքերի հսկողությամբ հյուրանոցի ընդունարանում էին «իջեւանել»: Մ. Ղազարյանի պատմելով՝ Թուրքիայում գտնվելու 13-րդ օրը կրկին զանգահարել է Նոնային եւ ասել, որ փորձելու է փախչել այդ հյուրանոցից, իսկ Նոնան մեծագույն ուրախությամբ ողջունել է՝ ասելով, թե դա միակ ելքն է:

Տիկին Ղազարյանի խոսքերով՝ «Զարմուհուս հետ այնքան նստեցինք ընդունարանում, մինչեւ շատ մարդիկ հավաքվեին, որպեսզի մենք աչքներից վրիպեինք. ու ես էլ չեմ հասկանում, թե ոնց կարողացանք զարմուհուս հետ մեր ճամպրուկները վերցնել ու փախչել: Վախեցած ու խուճապահար 2 փողոց վազել ենք ու մի կերպ տաքսի ենք կանգնեցրել՝ հասել օդանավակայան ու թռել Երեւան»: Երեւան ժամանելուց անմիջապես հետո տիկնոջ վիրավորանքն ու զայրույթն այնքան մեծ է եղել, որ «Զվարթնոց»-ից ուղիղ Չարենցի 40 հասցե է գնացել, որտեղ «Happy Voyage»-ի գրասենյակն է, սակայն դռները փակ են եղել, ու զանգերին ոչ ոք չի պատասխանել. «Այնքան զայրացած էի, որ ուզում էի պատուհաններն ու դուռը կոտրել, այն էլ՝ եղբայրս չթողեց»:

Ներկայումս տիկին Ղազարյանի փաստաբանը փաստաթղթերն է կարգավորում, որպեսզի դիմի դատարան:

«Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ նաեւ «Happy Voyage»-ից, սակայն իրենց կայքէջում եւ Սփյուռ տեղեկատուում տեղադրված 010-57-44-44 եւ 010- 57-17-87 հեռախոսահամարները չէին պատասխանում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Happy Voyage»-ի տանիքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է, որի հովանավորությամբ այս ընկերությունը արդեն 2-րդ անգամ է «գցում» իր հաճախորդներին եւ մնում անպատիժ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930