Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանը հայհոյանքներ տալու տեղ չէ

Սեպտեմբեր 08,2012 13:57

Հակադարձում է ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ կարծում է, որ Հունգարիայի իշխանությունները կարող են իրենց մեղքերը քավել՝ ճանաչելով ԼՂՀ անկախությունը:

«2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ-ի ընդունած հայտարարությունը վերջին երկու օրերին բավականին խիստ քննադատության արժանացավ:  «Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձելով մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած խիստ գնահատականներից հետո խորհրդարանի հայտարարությունն իսկապես թույլ էր, ասաց. «Ես շատ բարձր եմ գնահատում երկրի նախագահի հայտարարության թե տոնայնությունը, թե ասածների մտայնությունը եւ  խորհրդարանի հայտարարությունն էլ համարում եմ շարունակություն երկրի ղեկավարի որդեգրած քաղաքականության: Ես տարօրինակ եմ համարում հնչած գնահատականները, որովհետեւ խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել ոչ թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությունների կամ մեր ռազմավարության եւ մարտավարության մշակման համար, այլ որպեսզի հայտարարությամբ եւ կոչով հանդես գար՝ ուղղված միջազգային կառույցներին, խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, որպեսզի վերջիններս քննադատեն Ադրբեջանի տմարդի, ֆաշիստական կեցվածքը եւ Հունգարիայի իշխանությունների հակամարդկային քայլը»:

Այս իմաստով, ըստ մեր զրուցակցի, շատ հստակ «մեսիջներն» ուղղված են եւ Հունգարիայի իշխանությունների դեմ, որը գործեց սխալ եւ հակասեց այն արժեքային համակարգին, որի անդամն է Հունգարիան, հստակ գնահատական է տրված Ադրբեջանի ֆաշիստական գործունեությանը եւ վերահաստատում ու եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհնար է ԼՂՀ-ի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ ցանկացած կարգավիճակով, եւ որ ԼՂՀ-ի անկախությանն այլընտրանք չկա: «Եթե սա անատամ է… եթե այդպիսի հայտարարություն անողները սպասում էին հայհոյանքների… ես համամիտ եմ իմ գործընկերներ Ալեքսանդր Արզումանյանի եւ բոլոր նրանց հետ, ովքեր ասացին, որ սա շատ կառուցողական հայտարարություն է, ավելորդ  զգացմունքայնությունից զերծ, շատ կոռեկտ, հստակ եւ խիստ: Եթե մարդիկ սպասում են, որ խորհրդարանը պետք է հայհոյանքներ տա, կարծում եմ՝ սխալ հասցեով են դիմել: ՀՀ ԱԺ-ն հստակ տվել է այն երեք կոչերը, որոնք եղել են նախագահի ելույթում եւ բխում են մեր պետության եւ ազգային շահերից»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հայտարարության ընդունումից երկու օր առաջ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսք է գնացել նաեւ այն մասին, որ առաջիկայում, անհրաժեշտության պարագայում, կլինեն նաեւ լսումներ՝ հստակեցնելու համար խորհրդարանականների հետագա քայլերը. «Մեկը մյուսի հետ պետք չէ խառնել: Սա հայտարարության տեքստ է եւ ոչ՝ գործողությունների պլան կամ ծրագիր: Դրանց համար կլինեն խորհրդակցություններ, քննարկումներ, հարկ եղած դեպքում՝ նաեւ լսումներ»:

«Առավոտը» ՀՀ ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այն տեսակետը, որ Հունգարիան եւ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն չեն կրում եղածի համար: «Պատասխանատվություն կրում է Հունգարիայի իշխանությունը, որը գնացել է այդ ստոր գործարքին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կիսում է Հունգարիայի նախկին վարչապետի կարծիքը, ով նամակով դիմել էր մեր երկրի նախագահին: Նա կիսում է նաեւ այն բոլոր գնահատականները, որոնցում խիստ քննադատություն է հնչել Հունգարիայի իշխանությունների հասցեին: Շարմազանովի կարծիքով՝ այդպիսիք են ԱՄՆ նախագահի, ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի կողմից հնչած հայտարարությունները, որտեղ հստակ տարակուսանք եւ վրդովմունք է հայտնվում Հունգարիայի իշխանությունների գործողություններից: «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց՝ իբրեւ ԱԺ փոխնախագահ՝ ի՞նչ քայլեր է սպասում Էդուարդ Շարմազանովը միջազգային հանրության կողմից՝ Ալիեւի եւ Ադրբեջանի նկատմամբ. «Բանակցային գործընթացի ընթացքում առաջին անգամ միջազգային հանրությունը հստակ, միակողմանի քննադատում եւ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները: Բոլորը միաբերան ասում են, որ Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը տեղ չունի, իրենք դա չեն խրախուսում, ավելին՝ շատ վրդովված են եւ մտահոգված Ադրբեջանի՝ նման քաղաքականությունից, հստակ մեսիջ են ուղարկում, որ որեւէ մեկը թույլ չի տա, որ Ադրբեջանը ռազմական հռետորաբանություն բանեցնի, ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Սրան, բնականաբար, պետք է հետեւեն նաեւ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար զինվում է, մեծացնում իր ռազմական բյուջեն»: Ինչ մնում է Հունգարիայի իշխանություններին, Շարմազանովը կասկածելով հանդերձ նրանց արդարացումներին գործարքի վերաբերյալ՝ ակնկալում է, որ հանցագործ Սաֆարովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեն կամ էլ ճանաչեն ԼՂՀ անկախությունը՝ ներողություն խնդրելով հայ ժողովրդից, ու տարբեր դիվանագիտական միջոցառումների ժամանակ ներկայացնեն Ադրբեջանի իրական ֆաշիստական դեմքը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930