Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան դատապարտում է Հունգարիայի որոշումը

Սեպտեմբեր 08,2012 13:51

2012թ օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ Նախագահի հրավիրած  Անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչով դիմեց ամբողջ աշխարհի  ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներին, հայկական լրատվամիջոցների խմբագիրներին՝ կոչելով  ազգովի համախմբման:

ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը հայտնում է, որ Եվրոպայի տարբեր երկրներում սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել իրենց երկրների Հունգարիայի դեսպանության կամ հյուպատոսության առջև,  դժգոության նամակներ են հղել Հունգարիայի դեսպաններին, տարածել են համապատասխան նյութեր  և թռուցիկներ եվրոպական  հայկական և ոչ հայկական ԶԼՄ-ներում՝ ներկայացնելով Ադրբեջանի  և Հունգարիայի ոչ մարդկային արարքը:

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական միությունը բողոքի նամակ է ուղարկել Բելգիայի Թագավորությունում Հունգարիայի դեսպանին` մտահագություն հայտնելով Հունգարիայի քայլի առնչությամբ:

Բուլղարիայի հայ համայնքը Բուլղարահայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ  Հոգեշնորհ Տ. Աբգար Վրդ. Հովակիմյանի առաջնորդությամբ ս.թ. սեպտեմբերի 4-ին   Սոֆիայում Հունգարիայի դեսպանության առջև կազմակերպել է բողոքի ցույց  և նամակ ուղղել Բուլղարիայում Հունգարիայի դեսպանին: Բողոքի ակցիայի ընթացքում  Հայ համայնքին սատարում էր բուլղարական «Ատակա» ազգային կուսակցությունը:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) տարածել է մամլո հաղորդագրություն /Բաքու-Բուդապեշտ չարածին դաշինք/ , որով հայտնում է իր ցասումը: Գերմանիայի Հայոց առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեանը նամակով դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչապետ Անգելա Մերկելին, արտգործնախարար Գուիդո Վեսթերվելեին, Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին, Ավետարանական Եկեղեցու Խորհրդին, Ուղղափառ Եկեղեցիների Եպիսկոպոսաց Ժողովին և Գերմանիայի Միջ-Եկեղեցական Շարժման նախագահության:

Սեպտեմբերի 2-ին Հայ-Դանիական Ասոցիացիայի անդամները, համախմբվելով տարբեր կղզիներից Կոպենհագեն ժամանած մի խումբ դանիահայերի հետ, բողոքի ցույց  են կազմակերպել Հունգարիայի դեսպանատան առջև՝ Հունգարիայի և Ադրբեջանի միջև ձեռնարկված փոխշահավետ քայլերի իրագործման համար: Բողոքի նամակը գցվել է Հունգարիայի դեսպանատան փոստարկղը, իսկ նամակի կրկնապատճեները` ուղարկվել Դանիայի կառավարության տարբեր ատյանների համապատասխան պատասխանատու  ղեկավարներին:

Հարավային Էստոնիայի հայ ազգային միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը բողոքի նամակ է ուղղել Էստոնիայում Հունգարիայի դեսպան Էրիկ Հոպտին` Հունգարիայի կողմից միջազգային իրավական չափանիշների խախտման  կապացությամբ:

Հռոմի հայ համայնքի խորհուրդը բողոքի նամակ է հղել Իտալիայում Հունգարիայի դեսպանին` Հունգարիայի կողմից միջազգային իրավական չափանիշների խախտման  և ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու կապացությամբ: Հռոմի hայ hամայնքը մտադիր է հարցը ներկայացնել նաև Իտալական ազգային ժողով` որակելով արարքը «բռնաբարում միջազգային օրէնքի եւ արդարութեան սկզբունքներուն» :

Ս.թ. սեպտեմբերի 6-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում Հունգարիայի դեսպանության առջև կայացել է բողոքի ցույց: Իսպանահայությունը ներկայացնող Մադրիդի հայ երիտասարդների միության, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի և Իսպանիայի Հայ ազգային խորհրդի առաջնորդությամբ ցուցարարներն իրենց վրդովմունքն ու բողոքն են  արտահայտել` հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ: Համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին փոխանցվել է  համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը:

Լեհաստանի հայ համայնքը ևս հայտարարություն-բողոք է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ: Սեպտեմբերի 3-ին  Վարշավայում ՀՀ դեսպանատունը հրավիրել է մամլո ասուլիս  ՀՀ-ի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու և վերջինիս վարքագծի` Հարավային Կովկասում սրվող իրավիճակի համատեքստում հետագա հետևանքների կապակցությամբ:  Համաժողովին մասնակցել են  դեսպան Աշոտ Գալոյանը և Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կիպրոսի ՀՅԴ, ՍԴՀԿ  և ՌԱԿ ղեկավար մարմինները նույնպես հայտարարություն-բողոք են տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ:

Սեպտեմբերի 5-ին Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներում հայկական երկու ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի և Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ հունահայությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հունգարիայի ներկայացուցչությունների առջև:

 Մալթայի հայ համայնքը հայտարարության մեջ խորը վրդովմունք և տարակուսանք է հայտնել Հունգարիայի կառավարության որոշման կապակցությամբ:  «Մենք կարծում ենք, որ հունգարական կառավարությունը լիովին պատասխանատվություն է կրում 2004թ. տեղի ունեցած ողբերգության համար»,-նշված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը` ի դեմս տեղի համայնքային և եկեղեցական խորհրդի բողոքի ցույց է կազմակերպել Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առաջ: Հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել Հունգարիային` հայտարարելով, որ Հունգարիան իր քայլով արդարացրեց հայերի սպանությունը Եվրամիությունում:

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը  ս.թ. սեպտեմբերի 6-ին   կազմակերպել է բողոքի ցույց   Հունգարիայի կառավարության քստմնելի քայլի կապակցությամբ, բողոքի նոտա է ուղարկվել Հունգարիայի դեսպանություն և բացատրություն է պահանջվել միջազգային իրավական չափանիշների խախտման կապակցությամբ, նամակ է հղվել Նիդերլանդների արտգործնախարարին` դիմելով անմիջապես արձագանքել Հունգարիայի կառավարության վարքագծի վերաբերյալ և միջոցներ ձեռք առնել անօրինական այս քայլի նկատմամբ: Կազմակերպվել է բողոքի ցույց Հաագայում Հունգարիայի դեսպանության առջև` ընդդեմ Հունգարիայի կառավարության ստոր քաղաքականության:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 3-ին դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին՝ խնդրելով դատապարտել Հունգարիայի որոշումը:

Նորվեգիայի հայ համայնքը` ի դեմս Նորվեգիայի հայկական միության, ս.թ. սեպտեմբերի 3-ին բողոքի ցույց է կազմակերպել Օսլոյում Հունգարիայի դեսպանության դիմաց և նամակ հղել Հունգարիայի դեսպանին: Դեսպանն ընդունել է Նորվեգիայի հայ համայնքի ղեկավար Հենրիկ Սանասային և  ակտիվ անդամ Էրիկ Գրիգորյանին:

«Հավանաբար արդարությունը կոլապսի մեջ է նաև Հունգարիայում, որը, անտեսելով իր իսկ օրենքները, մարդասպանին առանց երաշխիքների հանձնել է այն երկրին, որտեղ նրան հերոսացնում են: Դա չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»,- Շվեդիայի հայկական կազմակերպությունները համադրող միության՝ Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատուն առաքված նամակում:

Շվեյցարիայի հայ համայնքը` ի դեմս Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության, Շվեյցարահայոց միության, Հայ դպրոցական և ընտանեկան միության,  Շվեյցարիայի ՀՕՄ-ի, ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղի, «Սևակ» ասոցացիայի, Ցյուրիխի  հայկական միության ս.թ. սեպտեմբերի 8-ին  բողոքի ցույց են կազամակերպելու  Հունգարիայի կառավարության դեմ:

Չեխիայի հայ համայնքի տարածած դատապարտող հայտարարությանը հաջորդել է տեղական մամուլի բուռն արձագանքը:

Օգոստոսի 31-ից ռումինիահայ համայնքի ներկայացուցիչների ակտիվ ջանքերի արդյունքում ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը:

Ս.թ. սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի հայ համայնքը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF)  գլխավորությամբ Փարիզում Հունգարիայի դեսպանատան մոտ անցկացրել է բողոքի լայնամասշտաբ ակցիա: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի կողմից ԵԽ արժեքների ոտնահարումը և պահանջել, որպեսզի Սաֆարովը շարունակի պատիժ կրել միջազգային հսկողության տակ:

 

Հատկանշական է Հունգարիայի  բուռն արձագանքը: Սեպտեմբերի 4-ին Բուդապեշտում` խորհրդարանի շենքի մոտ,  բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ 2004թ.-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձման: Ցուցարարների թիվը հասել է 3000-ի: Մասնակիցները  եղել են ազգությամբ  հունգարներ և հայեր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930