Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենը ցույց տվեց, որ ամեն ինչի պատրաստ պիտի լինենք»

Սեպտեմբեր 08,2012 13:46

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը

«Անկեղծ ասած, իմ մոտեցումներն այս հարցում լրիվ այլ էին: Թու Ալիեւին կամ ամոթ հունգարական իշխանություններին, կամ լոլիկներով կատու ճղելու քաղաքականությունը բացարձակապես ոչինչ չտվող բան է: Եվ ինձ դուր չեկավ նաեւ այդ հռետորաբանությունը, այդ ագրեսիվ կեցվածքը: Մարդիկ, որոնք երեկոյան անգամ իրենց սեփական տանը տուալետ գնալուց շվշվացնում են՝ չվախենալու համար, քիչ էր մնում Ադրբեջանին պատերազմ հայտարարեին»,- «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու Հունգարիա-Ադրբեջան  գործարքից հետո ինչքանո՞վ էր մեր իշխանությունների եւ նախագահի արձագանքն ադեկվատ եւ ճիշտ: Ըստ նրա՝ «Դա ահազանգ էր մեր իշխանություններին, մեր հասարակությանը, առաջին հերթին՝ երկրի նախագահին՝ Սերժ Սարգսյանին, որի փտած պետական կառավարման համակարգով, իր ոչ կոմպետենտ կատարողներով դրսի ոչ մի մարտահրավերի դիմանալ չի լինի: Արագ պետք է հետեւություններ անել, որովհետեւ մենք ապրում ենք  չավարտված, չամրագրված պատերազմի պարագաներում, եւ այս ամենը ցույց տվեց, որ ամեն ինչի պատրաստ պիտի լինենք: Իսկ պատրաստ պիտի լինենք նորմալ, մտածող, արմատական համակարգային փոփոխություններով եւ նորմալ մտածող մարդկանցով, որոնցով մեր պետական կառավարման համակարգը պետք է համալրվի: Այլապես նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու»:

ԼՂՀ բանակցային գործընթացները դադարեցնու առաջարկները Սուրեն Աբրահամյանը անհեթեթ որակեց. «Ընդհակառակը՝ դրանով հարցի լուծում չի լինի: Երբեք չի կարելի մեր ամենակարեւոր խնդրին այդպիսի լուծում տալ: Հաստատուն քայլերով պետք է խաղաղության գնալ: Ընդհակառակը՝ բանակցային գործընթացը պետք է ավելի ակտիվ լինի, սեփական արժանապատիվ կեցվածքով, ոչ թե սրան-նրան հայհոյելով կամ կուրծք ծեծելով, այլ սեփական սխալները ճշգրտելով: Իրենք պիտի հասկանան իրողությունը: Չեմ ուզում կոպիտ  ու կոշտ բառեր ասել մեր վերաբերմունքի նկատմամբ, պիտի այս երկիրը հասկանա, որ իր ակտիվությամբ, իր պետական կուռ համակարգով, ոչ թե ուժեղ իշխանությունով, այլ ուժեղ պետությունով պետք է դիմակայել այդ բոլորին: Հիմնական խնդիրը ոչ թե պոմիդոր շպրտելը, թուր ճոճելը պետք է լինի, այլ սեփական սխալների հաշվարկը, սխալներն ուղղելը, շտկելը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու նախագահի որոշումը շտապողականությա՞ն արդյունք էր, տղայակա՞ն քայլ էր, ինչպես որակում են շատերը՝ պարոն Աբրահամյանն ասաց, որ ամբողջական ինֆորմացիային չի տիրապետում, դրա համար չի ուզում այդ քայլին գնահատական տալ. «Միգուցե տեղին էր, չգիտեմ, չեմ իմանում, բայց մնացած բոլոր հարցերում, ցավոք սրտի, ես չտեսա սեփական սխալի գիտակցում, որը մեր խաղի մեջ ամենակարեւորն էր, ամենաճիշտը, այսինքն՝ դրանից հետեւություն անելը: Ես խոսքս ուղղում եմ իշխանության սթափությանը, որ հասկանան՝ այս ձեւով, այս փիլիսոփայությամբ, այս հոգեբանությամբ երկիր չեն ղեկավարում: Հո մենակ ընտրությունները կեղծելը չե՞ն: Վերջին հաշվով մարդիկ են, չէ՞ պատասխանատու ամեն մի ոլորտի համար, կարելի էր, չէ՞, կանխել՝ մի փոքր հեռատես լինելով: Մեր հնարավորություններն այդ առումով կային, վերջապես մի անգամ մենք կարող էինք Սփյուռքի հնարավորություններն օգտագործել: Արի տուն, չգիտեմ պապուդ գերեզմանը ջրի անհեթեթ միջոցառումների փոխարեն մի անգամ մենք կարող էինք մոբիլիզացնել Սփյուռքը, եւ Հունգարիան ոչ մի շանս չուներ նման անազնիվ գործարքի գնալու: Ցավոք, ամբողջ պետական կառավարման փիլիսոփայությունն ի սկզբանե սխալ է՝ իր կատարողներով: Այսօրվա պատասխանատուներին հլը տեսեք՝ ռեալ իշխանություն ունեցող, ոչ թե այն, ինչ մենք ունենք: Ամբողջ երկիրը զոն նայողների բաժանած, որոնք ամբողջական ինտելեկտ  չունեցող, ընդամենը երեւի միասնական մի ծծանի հաստության գիրք էլ չեն կարդացել: Ուզում եք, որ նրանք կարողանան նորմալ երկիր ղեկավարել ու արտաքին  մարտահրավերին էլ դիմակայե՞լ»:

Մեր դիտարկմանը՝ մեր կառավարությունը նախապես իմացել է գործարքի մասին՝ պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ես որ իմանամ դրանք  մի ինչ-որ ծանրաբեռնվածությամբ աշխատում են, կասեմ՝ ոչինչ, դա կամ Ազգային անվտանգության խորհուրդը: Ընդամենը կարող էին երկու պատասխանատուի նշանակել՝ գիշեր-ցերեկ այդ գործը վարելու համար: Ես կարդացի փաստաբանի աղիողորմ ճիչը, թե՝ օգնեք ինձ, ես մենակ ի զորու չեմ սրա դեմն առնել: Մի քիչ զգոնություն էր պետք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930