Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հիմա հիշում «Մարտի 1»-ը

Սեպտեմբեր 08,2012 13:42

Բառերը ամիսների եւ տարիների ընթացքում կորցնում են իրենց փայլը եւ վեր են ածվում մաշված պիտակների, որոնք կրկնվում են հենց այնպես, առանց մտածելու, իներցիայով: Քաղաքական կարգախոսների բաղադրիչը հանդիսացող բառերը՝ առավել եւս: «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ռեժիմ»՝ դրանք բոլորը հրաշալի բառեր են, բայց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե այդպես կարելի է ասել, մագնիսականությունը: Որքան էլ դրանք դիպուկ լինեն, մարդիկ դրանցից հոգնում են: Եվ այնպես, ինչպես դրանք ասվում են մեխանիկաբար, առանց մտածելու, այնպես էլ այն «թիրախային խմբերը», ովքեր պետք է «բոցավառվեն» այդ բառերից, այլեւս չեն բոցավառվում եւ լսում ու կրկնում են դրանք՝ առանց իմաստի մեջ խորանալու: Այդպիսին է մարդկային հոգեբանության առանձնահատկությունը՝ մեզանից շատ քչերն են կարողանում հավերժորեն մտասեւեռվել մի գաղափարի վրա, եւ դա ունի իր թե բացասական եւ թե դրական կողմերը, որովհետեւ այդպիսին է, ի վերջո, մեր պաշտպանական մեխանիզմը: Թող ինձ ներվի այս փոքր-ինչ ցինիկ համեմատությունը, բայց եթե մարդը հարազատ է կորցրել, ապա գրեթե անհնարին է, որ կորստի 10-րդ տարում նրա զգացմունքները նույնքան սուր լինեն, որքան առաջին տարում: Հակառակ վարքագիծը դիտվում է որպես տարօրինակ, եթե ոչ պաթոլոգիկ:

Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ ես չեմ լսել, որ վերջին մի քանի ամիսներին որեւէ ընդդիմադիր խոսի «Մարտի 1»-ի մասին: Քաղաքական գործիչները, կարծես թե, ամեն ինչ «քամել են» իշխանության կազմակերպած այդ սպանդից, եւ այն դադարել է լինել «հնչեղ թեմա»: Չնայած այդ օրը սպանվել է ոչ թե մեկ, այլ տասը հայ, իսկ ոճրագործություն կատարողները եւ դրա կազմակերպիչները չեն դատապարտվել: Հավերժորեն հնչեղ թեմաներ չկան՝ ճիշտ այնպես, ինչպես չկան հավերժական թարմությունը պահպանող բառեր եւ կարգախոսներ:

Գործիչները նույնպես «մաշվում են», կորցնում քաշը, արդիականությունը՝ որքան էլ մեծ լինեն նրանց արժանիքներն ու ծառայությունները: Օրինակ՝ 96 թվականին Վազգեն Մանուկյանն արդիական էր որպես իշխանության այլընտրանք, իսկ մեկուկես տարի անց արդեն հնացել էր: Մի կողմից՝ փոխվել էր քաղաքական կոնֆիգուրացիան, մյուս կողմից՝ հասարակությունը հոգնել էր նույն մարդուց նույն բաները լսելուց:

Ուզում եմ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ՀԱԿ-ը հանդես է գալու սեփական թեկնածուով, ապա պետք է դրսեւորի որոշակի կրեատիվություն եւ փորձի չկրկնել հին կարգախոսները, հին փաստարկներն ու կոչերը: Դրանք այլեւս չեն ընկալվի: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար նոր թեկնածուով՝ դա կարող է լինել  ՀԱԿ-ի ներկայիս խմբակցությունից յուրաքանչյուրը: Գուցե նա չունենա քաղաքական այն փորձառությունն ու հեղինակությունը, որն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց փոխարենը կկարողանա անել նոր շեշտադրումներ, որոնք թերեւս ավելի հետաքրքիր կլինեն ընդդիմադիր ընտրազանգվածի համար: Իսկ առաջին նախագահը կսատարի նրան իր փորձով ու ելույթներով: Ինչպես, ասենք, Բիլ Քլինթոնը՝ Օբամային:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930