Լեհաստանի Արտաքին Գործերի Նախարարության և լեհական Հանուն Ժողովրդավարության Զարգացման ԷՐՎԻՆ լեհական ընկերության կողմից ` «Հույսի կամուրջ» ՀԿ-ում անցկացվել է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար նախատեսված դասընթաց, որն իրականացվել է «Կարողանալու ուժը» (The power of being able to) ծրագրի շրջանակում:
Ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող 12 երիտասարդ լրագրողներին, հատկապես էական նշանակություն ունի հասարակական տեղեկատվության հասանելիության վերաբերյալ նրանց գիտելիքների մակարդակի բարձարացման հարցը: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի գրասենյակում անցկացվել է 25 ժամ տևող համապատասխան սեմինար, որը մասնակիցներին հնարավորություն է տվել ամրապնդել իրենց գործնական գիտելիքները, ինչպես նաեւ` ծանոթանալ համապատասխան օրենքների լեհական և ամերիկյան տարբերակներին, կիրառման հնարավորությունների մեկնաբանություններին:
«Հմայված եմ մեր երիտասարդների պահվածքով: Կան հաշմանդամ երիտասարդներ, ովքեր մեծ ջանքերի գնով են կարողանում տեղաշարժվել, բայց ուզում են սովորել, ծանոթանալ դիմում գրելու կանոններին, գրագետ հարցադրումներ անում, քննարկում իրենց հուզող այս կամ այն խնդրիրը: Եվ գիտե՞ք` ինչն է հետարաքրքիր: Իրենց չէր հետաքրքրում մանր-մունր խնդիրները, որոնք կարող էին կապված լինել, ենթադրենք` տեղաշարժման հետ, այլ ազատությունը եւ պաշտոնատար անձի ակտիվությունը: Ինչպե՞ս նման մարդկանց դիմում գրել, չպատասխանելու դեպքում ինպե՞ս վարվել եւ այլն»,-ասում է Հրայր Մաղաքյանը: Ըստ նրա` ծրագրի վերաբերյալ նկարահանվում է փաստավավերագրական ֆիլմ, որը պատրաստ կլինի ամենաուշը մինչև նոյեմբեր: «Առայժմ հստակ ասել չեմ կարող, թե ֆիլմը լեհական որ հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի, բայց աշխատանքները շարունակվում են»,-ասում է նա:
Հաշմանդամություն ունեցող 12 երիտասարդ լրագրողների ծրագրին մասնակցություն ունենալու բարդ ընտրությունն ընկած էր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի վրա: Ծրագրի բոլոր մասնակիցները, շնորհիվ լեհական կառավարության հովանավորության, ստացան իրենց աշխատանքը դյուրին դարձնող տեխնիկական օգնություն՝ ժամանակակից նեթբուքեր:
Դասընթացները վարել են Լեհաստանի Կիելցի համալսարանի գիտաշխատող Հրայր Մաղաքյանը եւ Հանուն Ժողովրդավարության Զարգացման ԷՐՎԻՆ լեհական ընկերության նախագահության անդամ Մոնիկա Մաղաքյանը:
Քրիստինա Միրզոյան