Երեկ, սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Սևան քաղաքի «Սևան» երկաթգծի կայարանի դիմացի հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի անձանց միչև:
Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վիճաբանության ժամանակ Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 25-ամյա Արամ Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի 658 ՕՏ 64 համարանիշի ավտոմեքենան քշել է իր հետ վիճաբանողների ուղղությամբ և վրաերթի ենթարկել 35-ամյա Նվեր Սերգեյանին: Ն. Սերգեյանը տեղում մահացել է, իսկ Ա. Ղազարյանը դիմել փախուստի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երկուսն էլ աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունում, «Միցուբիշին» էլ պատկանում է նշված ՓԲԸ-ին: Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` հայտնաբերելու համար Ա. Ղազարյանին և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան: