Հղում անելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, Տավուշի մարզպետարան էինք դիմել, որպեսզի իմանանք, թե այս տարի մարզում հացահատիկի ընդհանուր առմամբ քանի հեկտար ցանք կա: Նաեւ խնդրել էինք հայտնել, թե սահմանամերձ մարզի որ համայնքում որքան հեկտար արտ է ցանվել:
Օգոստոսի 28-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը գրավոր պատասխանել է հարցմանը, ուր նշել է. «Տավուշի մարզում առ այսօր հնձվել է 5675 հա արտ: Ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են եւ ավարտից հետո մարզպետարանի կայքում կտեղադրվի արտհունձի վերջնական արդյունքները»:
Մարզպետի տեղակալը (մարզպետ Արմեն Ղուլարյանն այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում), ըստ էության, չի պատասխանել հարցմանը: Մենք չենք հարցրել արտհնձի մասին, այլ՝ արտերի քանակի վերաբերյալ: Բացի այդ, մարզպետի տեղակալ Սարգսյանն այդպես էլ չի հայտնել, թե մարզի համայնքներից յուրաքանչյուրում որքան հացահատիկ է ցանվել: Մարզի շատ համայնքներում հացահատիկ չի ցանվել:
Արտհունձը դեռ ավարտված չէ, նշանակում է, որ Լեւոն Սարգսյանի նշած 5675 հա-ն պիտի ավելանա: Եթե հաշվի առնենք, որ մարզի 5 քաղաքներից 4-ում՝ Նոյեմբերյանում, Իջեւանում, Դիլիջանում եւ Այրումում հացահատիկ ընդհանրապես չի ցանվում, ապա այդ 5675 հա-ն վերաբերում է մարզի մնացած 58 համայնքներին: Ստացվում է, որ մարզի 58 համայնքներից յուրաքանչյուրում միջինը գրեթե 100 հա հացահատիկ է ցանվել: Սա խիստ կասկածելի է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ