Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպտացող զինվորների» դեմ են դուրս եկել

Սեպտեմբեր 08,2012 00:11

 

«Սթրիտ-արտի» հերթական օրինակը երեկ երեկոյան հայտնվեց Երեւանում` Աբովյան փողոցում` Խաչատուր Աբովյանի արձանի մոտ եւ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում:

Պատերին փակցված էին հայ զինվորների լուսանկարներ: Ժպտացող, ուրախ, չճնշված, չվախեցող, գեղեցիկ դեմքեր: «Ժպտացող զինվորները» սակայն, ընդամենը մեկ օր մնացին Խաչատուր Աբովյանի արձանի մոտ: Անհայտ անձինք ուղղակի պատառոտել էին պաստառները եւ նետել:

 

«Inside out» նախագծի շրջանակներում իրականացված այս ակցիայի կազմակերպիչ Ալբերտ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ խոսել է ականատեսի հետ, ըստ որի, այդ չարագործությունն անողները ոչ թե երիտասարդ դեղնակտուցներ էին, այլ «տարիքով, սոլիդնի մարդիկ», իսկ մոտակայքում մի քանի ջիպեր են կանգնած եղել:

Կարծիքներին, որ գուցե քաղաքապետարանից են դա արել, քանի որ թույլտվություն չի եղել, պարոն Պողոսյանը պատասխանել է, որ քաղաքապետարանից վստահեցրել են, որ իրենց էլ է դուր եկել ակցիան եւ հաստատ իրենք չեն արել նման բան:

Պաշտպանության նախարարությունը նույնպես վստահեցրել է, որ դա իրենց ձեռքի գործը չէ:  Ավելին, ըստ պարոն Պողոսյանի, պաշտպանության նախարարությունը օգնել է այս նախագծի իրականացմանը, այնպես որ չէր կարող նման բան անել:

Կասկածներ կան, որ գուցե տարածքի տերերն են արել, Ֆեյսբուքի որոշ օգտատերեր էլ կարծիք էին հայտնում, որ գուցե բանակում զոհված զինվորների հարազատներ են արել: Մեկ ուրիշ օգտատերի կարծիքով` կան խմբեր, որոնք պատերից մաքրում են ամեն ինչ, ինչ «լեւոնական» է, եւ գուցե չհասկանալով, թե սա ինչ ակցիա է, «լեւոնական» են համարել, եւ պատռել են ժպտացող զինվորների պաստառները:

«Տեղական սաֆարովներ»` այսպես են ՖԲ-ում բնութագրում զինվորների լուսանկարներով պաստառները ոչնչացրածներին, իսկ նախագծի հեղինակները առաջակել են Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում, որտեղ նույնպես փակցված են նույն լուսանկարները, որոնց ոչ ոք չի կպել, հերթապահություն սահմաներ: Ալբերտ Պողոսյանը գրել է.«ՀԻՄԱ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Են ԱԲՈՎՅԱՆ-ՍԱՅԹ-ՆՈՎԱ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՆԿԱՐՆԵՐԸ: Առաջարկում եմ այսօր գիշերը հերթափոխ կազմակերպել դրանց պահպանության համար»:

Ակցիայի հեղինակները նաեւ խոստանում են կրկնել նույն ակցիան` նույն տեղում փակցնել պաստառները եւ հետեւել, որ դրանց ոչինչ չպատահի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930