Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եկել էր Գյումրի` քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու ու նրա վերջին քարոզարշավին մեկ-երկու խոսք ասելու: Թատերական հրապարակ եկած գյումրեցիները, ովքեր ցուցապաստառներ էին բռնել ` նշելով, որ իրենք Սամվել Բալասանյանի հետ են, պատրաստ են սատարել նրան, «Սամվել» գոռալու փոխարեն, հանկարծ սկսեցին «Մարտո~ւն, Մարտո~ւն» գոռալ : Նրանց բացականչությունը ուղղված էր Գագիկ Ծառուկյանին ուղեկցող ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին , ով նույնպես մեծ ցանկություն ուներ դառնալ Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ –ի հավանական 3 թեկնածուներից մեկն էր, սակայն կուսակցությունը գերադասեց Սամվել Բալասայանին: Սրանով բնականաբար մեկ անգամ ևս հաստատվեցին այն տեղեկությունները, որ տեղի ԲՀԿ-ականներն` իրենց մեծ ընտրազանգվածով, ամենևին էլ չեն սատարելու կուսակից ընկերոջը, և իրոք նեղված են պարոն Ծառուկյանից` Գյումրու քաղաքապետի պաշտոնում իրենց ուզած թեկնածությունը չառաջադրելու պատճառով:
Լրագրողները այս թեմայի շուրջ փորձեցին պարզաբանումներ ստանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, սակայն նրան բառի իսկական իմաստով թատրոնի մյուս մուտքից փախցրեցին, որպեսզի չառնչվի Գյումրու աղքատ ու իրենից անհատական օգնություն ակնկալող մասսայի հետ: Երբ լրագրողները զարմացած քննարկում էին կատարվածը, հանկարծ մոտեցավ ԲՀԿ-ական մի տիկին ու պարզաբանեց. «Բա Մարտունի ընտրազանգվածն էր եկել, ի՞նչ կուզեիք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ