Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի ամենաերիտասարդ թեկնածու Անդրանիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի`օրեր առաջ Գյումրիում հօգուտ Սամվել Բալասանյանի հնչեցրած ելույթը չի՞ ընկճել արդյոք իրեն` որպես թիկունք չունեցող թեկնածուի: «Ճիշտն ասած, ես ժամանակ չեմ ունեցել լսելու նախագահի ելույթը, բայց կարծում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ երկրի նախագահն իրավունք ունի իր կարծիքն հայտնելու, նախագահը հո գյումրեցի չէ՞, գյումրեցին է իր օջախի ու իր օջախի ձայնի տերը, ու ոչ ոք չի կարող ասել` դու մի լինի քո օջախի տերը», -ասաց թեկնածուն:
Ըստ նրա, քարոզարշավը Գյումրիում թեև անցավ բավականին հանգիստ, սակայն նրա կարծիքով, թեկնածուները խախտեցին ի սկզբանե ձեռք բերած այն պայմանավորվածությունը, որ քաղաքակրթություն շրջանակներում են քարոզարշավն անցկացնելու` առանց միմյանց քննադատելու: Անդրանիկ Ավետիսյանը, ով այս ընթացքում հրաժարվել էր ցուցապաստառներից ու հեռուստատեսային ելույթներից, այն կարծիքին է, որ այսօր ընտրազանգվածին շռյալ խոստումներով ու ճոխ ցուցապաստառներով խաբել հնարավոր չէ: «Ես իմ խառնվածքին հարիր քարոզարշավ տարա, խոստումներ չտվեցի ու կարծում եմ, որ ցանկացած թեկնածուի հիմնաքարը ազնվությունը պետք է լինի: Այսօր 71 ավագանու ու 4 քաղաքապետի թեկնածու ունենք ու նրանց` հեռուսատեսությամբ պատվիրած ռոլիկները ճիշտ հակառակ ազդեցությունն են գործել քաղաքացիների վրա: Ես ուզեցի տարբերվել, դրա համար էլ ցուցապաստառ որևէ տեղ չփակցրեցի»: Ի դեպ, Անդրանիկ Ավետիսյանի կարծիքով, Գյումրու հիմնախնդիրները թվարկելուց զատ , թեկնածուներից դեռ ոչ մեկը Գյումրու զարգացման ծրագիր չի ներկայացրել: