Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում նախատեսված հավաքն այդպես էլ չկայացավ: Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքում հավաքի անցկացման գրությունը ուշ ներկայացնելու պատճառով մերժվել էր քաղաքապետարանի կողմից:
Ըստ ՀՀ հավաքների ազատության մասին օրենքի հոդված 12-ի` պետք էր ոչ ուշ, քան 7 օր առաջ իրազեկել հավաքի անցկացման մասին, այնինչ կազմակերպիչներն ընդամենը 2 օր առաջ էին ներկայացրել գրությունը: Բայց եւ այնպես օրենքը չէր արգելում 99 հոգով տարբեր ժամերի տարբեր վայրերում ինքնաբուխ հավաք կազմակերպել: Հիշեցնենք, որ Կապանում նախատեսվում էր հավաք անցկացնել ի դժգոհություն քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումների պատճառով մարզկենտրոնում ստեղծված անառողջ մթնոլորտի, որի պատճառով կապանցին զրկվել է ընտրելու իրավունքից: Այդ իսկ պատճառով, Կապանում շարունակում են իրազեկել ընտրողներին, որ անպայման մասնակցեն ընտրություններին ու դեմ քվեարկեն` անվավեր անելով ՏԻՄ ընտրությունները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ