ՏԻՄ ընտրություններին ահազանգներ եղան, որ ճնշումներ են գործադրվում իշխանական թեւից: Մասնավորապես, հայտնի է Կապանի դեպքը: Մենք խնդրեցինք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին այդ ճնշումների հետ կապված ասել ՕԵԿ-ի գնահատականը: Նրա խոսքերով՝ «Նախ անընդունելի է իսկապես, որ ազդեն անձի վրա, որը ցանկություն ունի մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին : Այստեղ սահմանափակում պետք է չլինի, որովհետեւ չի կարելի մեկին ասել, որ դու իրավունք չունես մասնակցել ընտրություններին, մյուսի համար ամեն ինչ անել, բոլորի թեկնածությունները հանել եւ ասել, որ այս մեկն է, պետք է այս մեկին պաշտպանել: Սա անընդունելի տարբերակ է: Ես գտնում եմ, որ պետք է անհրաժեշտ բոլոր միջոցներն ու հնարավորությունները թողնել, ազատ, արդար ընտրությունների, ցանկություն ունեցողների, որոնք ուզում են առաջադրվել, փորձել իրենց հեղինակությունը, իրենց հնարավորությունները: Այստեղ խոչընդոտելը միշտ անընդունելի է: Մեզ համար՝ ՕԵԿ-ի համար անընդունելի է, որ կաղապարեն, թե ովքեր պետք է մասնակցեն ընտրություններին, ովքեր՝ ոչ: Ես իհարկե բացասական եմ գնահատում նման երեւույթները»:
Տիկին Բիշարյանը նաեւ ասաց, որ իրենք ակտիվ մասնակցություն ունեն ՏԻՄ ընտրություններին. «Կիրակի օրը գլխավոր գրասենյակում կգործի շտաբը, որը հետեւողականություն կցուցաբերի այն տարածքներում, որտեղ ընտրությունները տեղի են ունենում, նաեւ մասնակցելու են մեր կուասակցության անդամները: Շտաբը գործելու է առավոտվանից մինչեւ ուշ երեկո, մինչեւ կավարտվեն բոլոր տեղերում ընտրությունները: Եթե խնդիրներ կառաջանան, որեւէ արտառոց դեպք տեղի կունենա, մեր անդամները արագ կարձագանքեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև