Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը՝ Սամվել Բալասանյանի մասին. «Այդ անցած իր ճանապարհն է գուցե, որի արդյունքում երկրի նախագահը պաշտպանում է նրան»

Սեպտեմբեր 07,2012 20:57

«Շատ խայտաբղետ տեսք ունեցավ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների հարցը: Իհարկե, ողջունելի է, որ կան մի քանի թեկնածուներ, որովհետեւ ընդհանրապես անընդունելի է, որ ողջ համայնքում ընտրությունների մասնակցում է մեկ թեկնածու: Դա անընդունելի է, հնարավորություն չի տալիս  քաղաքացուն ընտրություն կատարել թեկնածուների միջեւ: Գյումրին ուղղակի խոշոր քաղաք լինելու, կոլորիտով քաղաք լինելու արդյունքում է, որ այսպես կոլորիտային ընտրությունների պրոցեսների մեջ ենք: Ուղղակի մի քիչ անընդունելի է այսքան շահարկել թեկնածուների անունները, այսքան շահարկել քաղաքական ուժերին: Ինձ համար մի տեսակ արդեն անընդունելի են այդ աստիճան շահարկումները»,- Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսպես մեկնաբանեց Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Նա առաջարկեց հանգիստ թողնել, որ գյումրեցիներն ում ուզում են՝ հանգիստ ընտրեն. «Այսքան կարելի՞ է մանրացնել, մանրախնդիր դառնալ, եւ քաղաքական ուժերն են խոսում, ե՛ւ քաղաքական գործիչներն են խոսում: Ե՛վ իրար մեկնաբանում, քննադատում են»:

Մեր հարցին՝ Սամվել Բալասանյանը ՕԵԿ անդամ էլ է եղել, Դուք շատ լավ գիտեք իր պոտենցիալը, նա կարո՞ղ է կառավարել Գյումրին, արժանի՞ թեկնածու է, թե՞ ոչ՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ես գյումրեցի չեմ, որ գնահատեմ` ինքը  արժանի՞ է, թե՞ ոչ, թեեւ իմ արմատներն էլ Շիրակի մարզից են: Գյումրեցին ինքը կոլորիտով մարդ է: Գյումրեցու մոտ այլ արժեքներ են գործում: Սամվել Բալասանյանը թեկուզ մեր նախկին կուսակցական անդամն է, բայց գիտեք, կա այսպիսի բան. ճանապարհ անցած անձնավորություն է, որը 3-4 անգամ կարծեմ եղել է ԱԺ պատգամավոր, իսկ նրանք, ովքեր ԱԺ պատգամավորի ճանապարհով անցած են, նրանք տիրապետում են եւ երկրի կառավարման գործընթացներին, եւ տարբեր համակարգերին: Այդ անցած իր  ճանապարհն է գուցե, որի արդյունքում, ինչու չէ, երկրի նախագահը պաշտպանում է նրան: Ես  չգիտեմ, թե նա գործադիրում ինչպիսի հնարավորություններ կօգտագործի, բայց այդքան ճանապարհ անցնելուց հետո կարծում եմ կունենա ներուժ՝ ղեկավարելու Գյումրիի պես քաղաքը: Մնում է գյումրեցիների հետ, այսպես ասած, լեզու գտնեն եւ աշխատեն»:

Մենք հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է, որ ՀՀԿ-ն սեփական թեկնածու չունենալով՝ ուզում է սատարել ԲՀԿ-ի թեկնածուին՝ նա պատասխանեց. «Այստեղ ես կարծում եմ, անձի վրա են կանգ առել, որովհետեւ ինչպես երկրի նախագահն ասաց՝ սեփական թեկնածուն ո՞րն է, կամ ի՞նչ նշանակություն ունի, թե թեկնածուն որ քաղաքական ուժից է: Այստեղ խնդիրը դրված է անձի վրա, որ Շիրակի մարզի թեկնածուների մեջ համարելով լավագույնը՝ նախապատվությունը տալիս են իրեն: Բայց առջեւում ընտրություններ են, էլի կան թեկնածուներ, եւ գյումրեցիները պետք է ընտրություն կատարեն, դա նախասիրություն է եւ ցանկություն է, որն արտահայտում են տարբեր մարդիկ, բայց ընտրությունների արդյունքում է, որ պետք է տեսենք, թե ով կանցնի: Գյումրեցիների խնդիրն է, թե նրանք նախապատվությունն ում կտան: Ով կկազմի ձայների քանակով մեծամասնությունը, թող նա էլ կառավարի Գյումրի քաղաքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930