Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 30-ին հանրապետության 13 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 5-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 4-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 1-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը: Քաղաքացի Հովհաննես Պապոյանը 2012թ. օգոստոսի 18-ին դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով 2012թ. սեպտեմբերի 3-ին դիմումը վերահասցեագրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունել է որոշում` քաղաքացի Հովհաննես Պապոյանի 18.08.2012թ. դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ Հովհաննես Պապոյանի կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմումը, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած:
ԿԸՀ մամուլի ծառայություն