«Եթե մեր խմբակցությանը չարգելվեր գործելու որպես խմբակցություն, ապա ավագանու առաջիկա նիստում ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկեր «Նոր Նորքի վարչական շրջանի նախկին ղեկավարի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» ավագանու որոշման անհիմն նախագծի դեմ»,-այսօր Երեւան քաղաքի ավագանու ՀԱԿ խմբակցությունը նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի մահացած որդու`Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի հուշարձանը Նոր Նորքի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում տեղադրելու մասին է։
ՀԱԿ խմբակցության անունից հանդես եկող Ռուբեն Թորոսյանը նաեւ նշել է, որ այդ նախագիծը քննարկման է ներկայացվել նաեւ ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, այն է՝ ավագանու անդամների փոխարեն նախաձեռնություն են իրականացրել քաղաքապետարանի աշխատակիցները: Պարոն Թորոսյանը նաեւ հայտարարել է. «Ավելին, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, արդեն 5-րդ ամիսն է, քաղաքապետը չի պատասխանում եւ Երեւանի պաշտոնական կայքում չի տեղադրում «Կոմիտասի անվան այգու պանթեnնն ըստ իր նշանակության օգտագործման մասին» իրեն ուղղված մեր հարցման պատասխանը: ՀՀԿ-ական քաղաքապետը վաղուց հատել է օրինականության սահմանները… հերթը հասել է յուրայինների հավերժացմանը»:
Այս առնչությամբ, Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Ռուբեն Թորոսյանի հայտարարությունը, Երեւանի ավագանու գործունեությունը ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գագիկ Բաղդասարյանը մատնանշեց Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատող ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ին ընդունված որոշումը: Համաձայն այդ որոշման 2-րդ կետի` «Հուշարձանի իրականացումը կարող են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները եւ առանձին քաղաքացիներ: Հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական եւ հասարակական նշանավոր գործչի կամ նրա առաջին հերթի ժառանգների ու համապատասխան համայնքի ավագանու հետ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով ներկայացվում տվյալ գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին է ներկայացնում գործչին նվիրված հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկություն` նշելով հուշարձանի տեսակը, տեղադրման վայրը, պատվիրատուին եւ ֆինանսավորման աղբյուրների մասին: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև