Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի գլենդելաբնակ թեկնածու Սպարտակ Պետրոսյանից հետաքրքրվեց , թե ինչպե՞ս կգնահատի քարոզարշավը, որևէ լարվածություն այս ընթացքում նկատո՞ւմ էր: «Իմ կարծիքով գուցե ներքին լարվածություն եղել է, բայց արտաքուստ էդ լարվածությունը չէր երևում, չկար, բայց մի բան պետք է անկեղծ ասեմ, որ թեկնածուները անհավասար պայմաններում են գտնվում, ես չեմ անձնավորում, ուղղակի երբ որ երկու հզոր կուսակցություն պաշտպանում են մի թեկնածուի` հանրապետության ղեկարությամբ, այլ թեկնածուի` առանձնահատուկ անկուսակցական թեկնածուի համար դա շատ դժվար է արդեն: Չեմ թաքցնում` կան կազմակերպություններ, ղեկավարներ` պետական համակարգում աշխատող, որոնք խուսափում, խուսանավում են հանդիպումների կազմակերպումից: էդ պահը կա, զգացվում է , բայց ես, ի վերջո, էս քաղաքում իմ տեղն եմ ունեցել, իմ դիրքը, այնպես որ էդ հարցերը հարթում եմ, բայց համենայնդեպս այդ դժվարությունները կան», -ասաց Լենինականի «Շիրակի» շրջկոմի առաջին քարտուղարը:
Ըստ նրա, թեև ցուցապաստառները ձևական բնույթ են կրում, բայց հեռուստաելույթները անչափ կարևոր են թեկնածուների համար: «Թեկնածուն ինչքան շատ խոսի հեռուսատեսությամբ, ավելի ճիշտ կլինի, բայց անկեղծ պետք է ասեմ բավականին բարձր արժեքներ է դրված, և պետք է մտածվի, որ հեռուստաժամերում լինեն ոչ վճարովի պահեր, կա դա, բայց շատ քիչ է»,-դժգոհեց մեր զրուցակիցը:Նա դժգոհ է նաև Գյումրու քարոզարշավին հատկացված ժամակահատվածից, ըստ նրա, օրենսդրական փոփոխություն պետք էկատարվի, քանի որ այն շատ կարճ է Գյումրու նման մեծ ընտրազանգված ունեցող քաղաքի համար: Ի դեպ, նույն կարծիքին է նաև քաղաքապետի իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանը: Նա ևս նեղված էր ժամանակահատվածի կարճ լինելուց: «Ես գտնում եմ, որ Գյումրի քաղաքի համար անհրաժեշտություն կա ավելի երկար ժամանակ քարոզարշավ անցկացնելու, որովհետև Արթիկ քաղաքը կամ փոքրիկ մի գյուղական համայնքը և այլն, դե ազգաբնակչությունը փոքր թիվ է կազմում և հնարավոր է մարդկանց հետ հանդիպել ասենք մի 15-17 օրվա ընթացքում, բայց Գյումրիում դա անհնար է. մեծ զանգված է, ընտրողների թիվը մոտավորապես 125 հազար, դե պատկերացրեք մարդկանց հետ հանդիպելու, շփվելու, կոլեկտիվներ, կազմակերպություններ, ձեռնարկություններ գնալու համար չի բավարարում:Այդ տեսակետից ես գտնում եմ, որ խնդիրներ կան, և ինչ-որ բան առաջիկայում պետք է մտածվի, օրենսդրական փոփոխություններ արվի, մեծ համայնքներում ասենք 20 հազար,30 հազար կամ 40 հազար ընտրող ունեցող համայքներում փոփոխություն արվի, և ժամկետը քարոզարշավի ավելի երկարացվի», -առաջարկում է Սպարտակ Պետրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ