Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարությունը ադրբեջանցի մարդասպանի արտահանձման, ներման եւ հերոսացման փաստի կապակցությամբ

Սեպտեմբեր 07,2012 18:36

Քաղաքակիրթ աշխարհը ցնցված է Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների միջեւ իրականացված գործարքից, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի սպային քնած վիճակում կացնահարած ադրբեջանական բանակի սպան, դատապարտված լինելով ցմահ ազատազրկման, Հունգարիայի իշխանությունների կողմից տարհանձնվեց Ադրբեջան եւ վերջինիս նախագահի հրամանագրով ոչ միայն ազատ արձակվեց, այլեւ փառաբանվեց ու հերոսացվեց:
Ադրբեջանի ղեկավարության եւ հատկապես նախագահ Ի. Ալիեւի գործելաոճը, կեցվածքը մեզ չի զարմացնում: Նրանք տարիներ շարունակ հայության նկատմամբ ազգային ատելություն են սերմանել սեփական ժողովրդի մեջ, եւ Սաֆարովի կատարածն այդ քաղաքականության արդյունքն  է:
Իր այս վերջին քայլով Ադրբեջանի նախագահը հայատյացության բնագավառում գերազանցեց ինքն իրեն եւ հակահայկական հիստերիան  Ադրբեջանում հասցրեց ցինիզմի մակարդակի, հակադրվելով ոչ միայն առողջ բանականությանը, հումանիզմին, այլեւ համամարդկային բարոյականության տարրական սկզբունքներին: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունն իր վարքագծով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը, ոտնահարում միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու իր հետեւողական քաղաքականությունը:
Համաշխարհային հայկական կոնգրեսը դատապարտում է Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ իրականացված գործարքը, Ի. Ալիեւի կողմից հանցագործին ներում շնորհելու եւ մեծարելու պահվածքը: Հայատյացության այդ արկածախնդիր քաղաքականությունը հղի է լուրջ վտանգներով ոչ միայն հայ ժողովրդի, յուրաքանչյուր հայի անվտանգության, այլեւ միջազգային անվտանգության եւ կայունության համար:
Համաշխարհային հայկական կոնգրեսը լիովին պաշտպանում է այս իրադարձությունների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի դիրքորոշումը, որը նա շարադրեց օտար պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Կոնգրեսը գտնում է, որ ստեղծված իրավիճակը հրամայաբար պահանջում է ձեւավորել համահայկական մի կառույց, դրանում ընդգրկելով համազգային- հասարակական կյանքը ձեւավորող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որը կհամակարգի մեր բոլորիս ջանքերն ու գործողությունները՝ ի նպաստ ազգային շահերի:
Համաշխարհային հայկական կոնգրեսը կոչ է անում սփյուռքում բնակվող բոլոր հայերին, սփյուռքի հասարակական, քաղաքական կազմակերպություններին հետեւողական աշխատանք տանել, որպեսզի ձեր բնակության երկրների իշխանությունները, հասարակական կառույցներն արտահայտեն իրենց դիրքորոշումը հունգարա-ադրբեջանական գործարքի նկատմամբ, դատապարտեն Ադրբեջանի նախագահի անիրավական գործողությունները՝ որպես միջազգային դատական վարույթների վտանգավոր եւ կոպիտ չարաշահում, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը: Այդ աշխատանքները պետք է տարվեն այն հաշվով, որպեսզի մարդասպանը աշխարհի մարդասեր հասարակայնության ճնշման ներքո հետ վերադարձվի Հուգարիա իր պատիժը կրելու համար: Դա է արդարության ճանապարհը:
Կատարված աննախադեպ իրադարձությունները հասունացրել են այն պահը, որպեսզի քաղաքակիրթ երկրների իշխանությունները, եկեղեցական եւ հասարակական կազմակերպությունները, միջազգային ողջ հանրությունը համոզվեն, որ Արցախի ժողովուրդը երբեք չի կարող ապրել հայատյացության արկածախնդիր քաղաքականություն վարող, հայասպանությունը քաջալերող պետության կազմում ¨ ճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես հիմնահարցի լուծման միակ ճշմարիտ ճանապարհ:
Համաշխարհային հայկական կոնգրեսը հորդորում է մեր բոլոր հայրենակիցներին, որտեղ էլ նրանք բնակվելիս լինեն, ստեղծված ներկա բարդ պայմաններում, էլ ավելի համախմբվեն ազգային շահերի շուրջ, չենթարկվեն ոչ մի տեսակ սադրանքի, պահպանեն այն բարձր բարոյական ոգին, որը միշտ ներհատուկ է եղել հայ ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել