Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տիգրան Գրիգորյանը երեւանակենտրոնությունը անոմալիա է համարում:
Նա կարծում է, որ Հայաստանի մարզերի զարգացման հաշվին ներքին հոսքերի ուղղվածությունը դեպի մայրաքաղաք հղի է վտանգավոր միտումներով:
«Յուրաքանչյուր վանաձորցի, ով հնարավորություն է ստանում մեկնել որպես որակյալ աշխատուժ, այնտեղ լավ վաստակել, նա հիմնականում ընտրում է մեկնելու տարբերակը: Ներքին հոսքերը ամբողջությամբ ուղղվում են դեպի մայրաքաղաք, արդյունքում ստանում ենք մի գերծանրաբեռնված Երեւան եւ մի թերբնակեցված սահմանամերձ եւ մարզային բնակավայրեր: ՀՀ բնակչության ուղիղ կեսը ապրում է մի քաղաքում, իսկ մյուս կեսը` մնացած քառակուսիների վրա: Դա անոմալիա է»:
Նա նշում է, որ մարզային քաղաքների, մասնավորապես Վանաձորի բնակիչը իր ապագան չի տեսնում ծննդավայրում:
Կարդացեք նաև
«Օդում ճախրում է մի վտանգավոր լոզունգ` հույսդ մի կապիր այս քաղաքի հետ, այստեղ ամեն ինչ մեռնում է»,- «Առավոտի» հետ զրույցում իր կարծիքն է արտահայտում նա:
Իրավիճակի ելքը համայնքի ղեկավարի թեկնածուի կարծիքով հավակնոտ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի կատարումն է:
«Մենք առաջնային խնդիրներն ենք լուծում` ասենք ասֆալտապատում եւ այլն, ու մեր առջեւ հավակնոտ ծրագրերի լուծումներ չենք դնում, հեռանկարի առումով առանձնապես խնդիրներ չենք ձեւակերպում: Դրա հետեւանքով էլ մարդը, հույսեր չկապելով այստեղի հետ, արտագաղթում է: Մարդուն երաշխիքներ են պետք, ապահովության աստիճան, ինքնադրսեւորվելու հնարավորություններ են պետք, իսկ դրանք չկան: Չունենալով հեռանկար` մենք չունենք նաեւ մշտապես բնակվող քաղաքացիներ, մենք չունենք վաղվա օրվա նկատմամբ վստահություն»:
Տիգրան Գրիգորյանը նշում է, որ խնդրին ճիշտ մոտեցման դեպքում, Վանաձորը մոտ ապագայում կարող է ունենալ ներկայանալիք ուղղություններ:
Ըստ նրա` Վանաձորի` համահայկական երիտասարդական միջոցառումների կենտրոն դառնալը կխթանի քաղաքի հյուրանոցային բիզնեսի ու զբոսաշրջության զարգացմանը, առեւտրաշրջանառության աճին, տնտեսական զարգացմանը:
«Բացի այդ` Վանաձորի զարգացմանը կխթանի նաեւ մարդու իրավունքների հայկական դպրոցի ստեղծումը, ինչպես նաեւ Վանաձորի պատկերասրահի`համաշխարհային չափանիշներին համապատասխան ցուցասրահ ունենալը. համաշխարհային մակարդակի ցուցադրությունների կազմակերպումը կխթանի օտարերկրացիների հոսքը քաղաք ու զարկ կտա նաեւ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ