Այսօր Գյումրու Թատերական հրապարակում, համերգային ծրագրի ուղեկցությամբ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի վերջին քարոզարշավը, որին մասնակցելու էր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի ժողովուրդ, ես այսօր այստեղ եմ, ոչ թե եկել եմ որևիցե մի բանի տեր կանգնելու, օգտվելու, շահ ստանալու, այլ եկել եմ օգնելու, հասնելու, ձեր հույս-հավատը իրականություն դարձնելու, ձեր սպասելիքը իրականացնելու և կարողանալու ձեր հոգսերը հնարավորինս թեթևացնելու: Ես այսօր հայտարարում եմ, որ իմ կողմից Գյումրի քաղաքին նվիրում եմ 10 մեքենա, որը մաքրությամբ կզբաղվի, աղբը կտեղափոխի, և 10 տրակտոր, որը դարձյալ մաքրելու է փողոցները, ձյունը հեռացնելու համար: Գյումրի քաղաքին նվեր եմ տալիս իմ կողմից և պարբերաբար իմ ուշադրությունն է լինելու, որովհետև Լենինականը, ճիշտ հասկացեք, համով, հոտով գեղեցիկ քաղաք է եղել, որը հարկավոր է վերականգնել, որպեսզի ժողովրդի դեմքին ժպիտ լինի, որ մարդ երջանիկ լինի, հզոր լինի, առավոտյան արթնանալուց մտահոգ չլինի, հույսով, հավատով, իր տան գործով զբաղվի, կամ գնա գործի, որ վաղը լավ է լինելու, զգա, որ մարդիկ իրենց մասին մտածում են:
Այն ղեկավարը, որը ժողովրդի հետ է, ժողովրդի մասին մտածում է , ուրեմն նա ժողովրդական ղեկավար է: Ով չի մտածում, ժողովրդի հետ չէ, ուրեմն ինքն իր մասին է մտածում, ես մոտ օրերս նորից հանդիպելու եմ գյումրեցիներին, և նորից լավ անակնկալ ունեմ: Մոտ 20-25 օրից կհանդիպենք, այդ անակնկալը նվեր գյումրեցիներին ես ձեզ կասեմ»,- խոստացավ Գագիկ Ծառուկյանը:
Նա մեկ անգամ ևս կրկնեց իր այն միտքը, որ աշխատող մարդը չպիտի աղքատ լինի, գլուխը չպիտի կախի իր կնոջ ու երեխաների առաջ, իսկ մեր ժողովուրդը կարիք ունի արդարության , մրցակցության, հնարավորության և պայմանի, միայն այդ ժամանակ կարող ենք ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն ու բարեկեցիկ ընտանիք:
«Ով կարող է դա անել, նա պետք է անի, ով չի կարող, իր տեղը պիտի զիջի նրան, ով կարող է անել, որ ժողովուրդը իրեն գնահատված զգա, պաշտպանված զգա, որ ժողովուրդը չթողնի գնա, չարտագաղթի: Մարդը իր երկրում պետք է կարողանա աշխատի, ստեղծի, իր ընտանիքը պահի, իսկ դրա համար հարկավոր է պայման, հնարավորություն և մրցակցություն»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Կարդացեք նաև
Ի դեպ, նրան հազիվ կարողացան փախցնել թատրոնի բակում հավաքված աղքատ գյումրեցիների ձեռքից, սոցիալապես անապահով, դեղորայքի ու հացի կարոտ մեծ թվով կանայք եկել էին օլիգարխ Ծառուկյանին անձամբ տեսնելու ու նրանից օգնություն խնդրելու: Սակայն ելույթի ավարտից հետո թիկնապահները նրան մի կերպ կարողացան մտցնել թատրոնի շենք ու մուտքի կողմից նստեցնել մեքենան: Այդուհանդերձ, թիկնապահները ստիպված եղան վերցնել ԲՀԿ առաջնորդին ուղղված նամակների մի հսկա կապոց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ