Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյան. «Բոլորը քննադատում են, բայց որևէ մեկը կոնկրետ պահանջ չի դրել, որ Սաֆարովին հետ վերադարձնեն Հունգարիա»

Սեպտեմբեր 07,2012 17:06

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու փաստը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Կատարվածին գնահատականներ տրվեցին մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, իր գնահատականները ներկայացրեց նաև ՆԱՏՕ-ի գլխավար քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանին խնդրեց գնահատել Ռասմուսենի և ընդհանրապես միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը: Նա նշեց. «Գոհ չեմ, քանի որ ես ինքս միանգամայն այլ ռեակցիայի էի սպասում, թե ՆԱՏՕ-ի, թե ԵՄ-ի կողմից, քանի որ այդ հանցավոր արարքի կատարմանը նպաստել է մի երկիր, որն այդ երկու կազմակերպությունների անդամն է: Հետևաբար նրանց դիրքորոշումը խիստ պիտի լիներ: Լսեցի նաև Ռասմուսենի գնահատականները, բայց այնուամենայնիվ ուղերձը, որը պիտի հղվի Ադրբեջանին, քայլը, որ պիտի կատարվի, պիտի կատարվի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ արդարադատության իրականացման ուղղությամբ»: Այնուհետև Ս. Սաֆարյանը հավելեց. «Եթե անգամ մի պահ ընդունենք, որ գնահատական են տվել կատարվածին, ապա փաստենք, որ նրանք չեն պահանջել այնպիսի քայլ Ադրբեջանից, որը կբերի նրան, որ Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Հունգարիայի կայացրած վճիռը գործի: Բոլորը քննադատում են, դատապարտում, բայց որևէ մեկը ժամկետներ չի նշանակում, կոնկրետ պահանջ չի դրել, որ Սաֆարովին հետ վերադարձնեն Հունգարիա: Ի՞նչ իմաստ ունի քննադատությունը, եթե պրակտիկայում ունենալու ենք Ադրբեջանի լկտի վերաբերմունքը արդարադատության և մարդկային կյանքի նկատմամբ»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նշվածի պատճառը: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Չեն կարող քննադատել Հունգարիային, քանի որ իրենց ընտանիքի անդամն է, Ադրբեջանին չեն ցանկանում շատ ուժեղ սեղմել, քանի որ նավթային շահեր ունեն»:

Մինչդեռ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հակառակ կարծիքն ունի: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ողջունում եմ Ռասմուսենի այցը: Նա հստակ ասաց, այն, ինչ անում է Բաքուն, անընդունելի է: Դրանից մեծ բան դժվար էր պատկերացնել: ՆԱՏՕ-ն լուրջ կառույց է, նրա ամեն խոսք լուրջ բան է»:

Դառնալով միջազգային կառույցներին՝ քաղաքագետը նշեց. «Միջազգային կառույցները բավականին խիստ արտահայտվեցին, դրանից ավելին պատկերացնել դժվար է: Միջազգային հանրության արձագանքը լուրջ էր, դատապարտող Ադրբեջանին: Ադրբեջանի այս լուրջ սխալը պիտի ֆիքսվի Ղարաբաղի հարցում: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե ճիշտ ենք արել, իրավունք ունենք: Դա նշանակում է, որ այլևս Ղարաբաղը չի կարող ադմինիստրատիվ կերպով  ենթարկվել Ադրբեջանին, իսկ դա մենք պիտի արձանագրենք բանակցային սեղանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930