Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՐԻՍԻ

Սեպտեմբեր 07,2012 16:51

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՐԻՍԻ

Էս տասնհինգերորդն ու հերթականն սկսելով՝ չեմ կարող Ջանիբեկյան Կարենի պատմությունը կիսատ թողնել ու անմիջապես վերադառնալ անցյալ դարի յոթանասունականների վերջերի «Ծիծեռնակ», եւ  նմանապես Ջոնի ու Սեմերջյան Մանուկի պատմությունը չեմ կարող կիսատ թողնել, բայց, այսուհանդերձ, խոստանում եմ հնարավորինս արագ ավարտել Ջանիբեկյան Կարենի ու Սեմերջյան Մանուկի հետ կապված պատմություններն ու հնարավորինս շուտ վերադառնալ անցյալ դարի յոթանասունականների վերջերը, մանավանդ որ՝ Ջանիբեկյան Կարենի հերթական երջանկության եւ Ջոնի հետ կապված Սեմերջյան Մանուկի հետմահու երջանկության մասին ինչ որ ասելու էի՝  համարյա լրիվ ասել եմ, եւ էս արանքներում Հարությունյան Հայկունու մասին էլ որոշ չափով ձեզ տեղեկացրի, եւ  Սադոյան Արշակի էսօրվա մասին էլ ձեզ որոշ տեղեկություններ հաղորդեցի, եւ Ջավախյանի «Քիրվան» պատմվածքի մասին էլ որոշ մանրամասներ հրապարակեցի, ինչպես նաեւ՝ գրողների միությունից Ջավախյանի հեռանալու մասին, եւ չնայած Արշակի էսօրվա վիճակի եւ Ջավախյանի ընթացիկ կյանքի մասին թերթերում էլ որոշ բաներ կարդացած կլինեք, համաձայնվեք, որ իրենց ու մյուսների մասին իմ էս պատմածները որեւէ թերթից չէիք կարող իմանալ՝ մանավանդ Արշակի մասին, եւ չնայած իր էս վերջին՝ «Բոլորս դեպի համակարգիչ ու ինտերնետ» շարժման  մասին ինքը բազմիցս ասուլիսներ  է տվել, միայն ինձնից կարող եք տեղեկանալ, որ Արշակը համակարգչից ու ինտերնետից ավելի հեռու է՝ քան նույնիսկ ձեր խոնարհ ծառան, որովհետեւ ձեր խոնարհ ծառան, չնայած իր բազմակի փորձերին, ոչ մի կերպ չի կարողանում ազատագրվել բուքմեյքերական կախվածությունից ու կապվածությունից, իսկ դա նշանակում է, որ, ի տարբերություն Արշակի, ես օրվա մեջ առնվազն մի անգամ պարտավոր եմ սողոսկել ինտերնետ եւ որոշակի տեղեկություններ քաղել համաշխարհային սպորտի էսօրվա անցուդարձերի ու առուծախերի վերաբերյալ, բուքմեյքերականների մասին էլ եմ ձեզ էնպիսի բաներ հաղորդում, որ որեւէ ուրիշից չէիք կարող իմանալ, եւ, փաստորեն, Օրթախի ու Լիպոյի մասին էլ պատմեցի ու կիսատ թողեցի, եւ, ի բարեբախտություն ինձ, ամեն ինչի մասին էսքան պատմելս ու ամեն ինչ էսպես  կիսատ թողնելս արդեն ոճի պես բան են դառնում, եւ էս ոճս նույնիսկ պահանջարկ ունի՝ մանավանդ հերոսներիս կողմից, որոնց մասին գրել ու շարունակում եմ գրել, եւ նույնիսկ կողմնակիների կողմից պահանջարկ կա, եւ, որ ամենակարեւորն է, էդ պահանջարկը ոչ թե պակասում, այլ, ընդհակառակը, ավելանում է, եւ նորանոր ընթերցողներ են մանրից ի հայտ գալիս, եւ ինչքան էլ չճշտված դեպքեր ու տարեթվեր եմ գրում, էս անճշտություններս շարունակում են կարդալ նաեւ ճշգրիտ գիտության ներկայացուցիչներ Ջոնը, Օրթախ Աբոն, Ղազարյան Հայկը, Աթոյան Լյովան եւ իրենց կոլեգաներից էլի ոմանք՝ ինձ անծանոթ ֆիզիկոսներ ու մաթեմատիկոսներ, եւ այլ նորանորներ էլ են հայտնվել, եւ սրանց հանկարծակի  հայտնվելը նշանակում է, որ իմ էս անվերջանալի սերիալը մեր հայրենական մյուս սերիալների պես կարելի է ցանկացած տեղից սկսել եւ հեղինակի ու հերոսների հետ առաջանալ, եւ հեչ կարեւոր չի իմանալ՝ էդ հերոսները նախկինում ինչեր են արել եւ ինչ ճանապարհ են անցել, որովհետեւ իսկական սերիալի մեջ հերոսների նախկին արածների մասին մշտապես ասվում ու խոսվում է, որպեսզի սերիալի կեսից ներգրավված  հանդիսատեսն էլ տեղեկանա՝ նախկինում ինչեր են տեղի ունեցել, եւ չնայած իմ էս կրկնողությունները միանգամայն այլ նպատակ ունեն, այդուհանդերձ, վերոնշյալ նպատակին էլ են ծառայում. այսինքն, շատ կարեւոր է, որ էս նոր ընթերցողներս որոշ չափով տեղյակ լինեն էն ամենին՝ որոնց հներն են տեղյակ, եւ  չնայած որոշ ու որոշակի տարբերություններին, իմ էս սերիալն էականորեն է տարբերվում հայրենական արտադրության մեր հեռուստասերիալներից, եւ չէր էլ կարող չտարբերվել՝ ոչ միայն էն պատճառով, որ ակնհայտորեն ավելի երկար է, այլեւ էն պատճառով, որ իմը, փաստորեն, հայոց առաջին սերիալն է, եւ առաջինը լինելով՝ չէր կարող չտարբերվել ու չառանձնանալ գալիքներից, եւ չնայած իմոնք ոչ թե հեռուստադիտող ու հանդիսատես են, այլ ընդամենը՝ ընթերցող, իմոնք անհամեմատ թանկ ու անհամեմատ արժեքավոր են՝ ոչ միայն էն պատճառով, որ չափազանց քիչ ու չափազանց փնտրված են, այլեւ էն պատճառով, որ իմոնք հիմնականում ու միեւնույն ժամանակ ե՛ւ ընթերցող են, ե՛ւ հերոս ու գործող անձ, եւ նրանց հերոս անվանելն ամենեւին էլ չափազանցություն չի, որովհետեւ միայն իսկական հերոսը կարող էր հաղթահարել  տասնչորս հատորներս եւ դիմանալ էդ տասնչորսին, եւ չնայած Արիսն ու որոշ թանկագիններ չդիմացան, դիմացողներին համբերություն ու քաջառողջություն եմ մաղթում, իսկ ինչ վերաբերում է լուսահոգի Մելքումյան Արիսին, ինքը ոչ միայն էս կյանքին ու էս վեպիս չդիմացավ, այլեւ՝ իր իսկ վեպին, որն էս վեպիս նմանողությամբ արդեն սկսել ու ահագին առաջ էր տարել, եւ իրեն ճանաչողներիս ապրելն ու ստեղծագործելն իր էս մեծ բացակայության պայմաններում էականորեն է դժվարացել, եւ հատկապես ու առանձնապես ի՛մ ապրելն ու ստեղծագործելն է էականորեն դժվարացել, որովհետեւ Արիսն ամենաանարժանին անգամ ոգեւորում ու թեւավորում էր, եւ նմանապես ու առանձնապես ձեր խոնարհ ծառային էր ոգեւորում ու թեւավորում, եւ Արիսի ու Իրայի հյուրընկալությանն արժանացածն իրենց օջախից թեւավորված ու բազմապատկված էր դուրս գալիս, եւ ժամանակին Արիսի քաջալերանքից նույնիսկ Հրանտ  Մաթեւոսյանն էր ոգեւորվում ու թեւավորվում, եւ Արիսը հատկապես ու առանձնապես  էս վեպիս առիթով էր ինձ ոգեւորում ու թեւավորում, եւ երբ Վասակի թերթում ինքն էլ էր էս վեպիս կարգի մի հուշապատում սկսել, ես էլ իրեն էի ոգեւորում ու քաջալերում, բայց որեւէ մեկիս քաջալերանքն Արիսինի հետ  չի կարող համեմատվել, որովհետեւ, ահա, իր քաջալերանքից ոգեւորված ու թեւավորված՝ առ էս պահը շարունակում ենք ապրել, ստեղծագործել ու սավառնել էս նեղլիկ ու սահմանափակ տարածքում, եւ չնայած Արիսի հանկարծակի հեռացումը չափազանց սառը ջուր էր մշտապես իրենից ոգեւորվողներիս ու թեւավորվողներիս գլխին, այդուհանդերձ, իր լուսավոր դեմքը մշտապես հետներս է, եւ իր քաջալերանքներն էլ են մշտապես հետներս, եւ իր առողջ ու մշտական ժպիտն էլ է մշտապես մեզ ուղեկցում, եւ չնայած ինքը վերջին տասնհինգ տարիներին վատառողջ էր, իր ու մեր կյանքի ամենաառողջ  պահերը հիշում ու Վասակի թերթին էր ի պահ հանձնում, եւ երբ Վասակի  «Տարեգիրը» դադարեց տպվել, Արիսն ընդամենը մի քանի օր ապրեց, եւ հիմա իր օրինակով իմ մասին մտածելով՝ ենթադրում եմ, որ եթե, Աստված չանի, մի օր էլ իմ էս անվերջանալին վերջանա, Արիսի պես ինքս էլ եմ անելիքիցս ու ապրելիքիցս զրկվելու, որովհետեւ ինքս էլ Արիսի պես ոչ թե գրում, այլ ընդամենը գրելով ապրում եմ, եւ չնայած ինքը համեստորեն ասում էր թե՝ էս վեպիս օրինակով է իրենն սկսել ու առաջ տանում, ես լավ էլ տեսնում ու հասկանում էի, որ ինքն իրենն առաջ տանելով՝ Վասակի թերթի իր մշտական էջում իր կյանքն է ապրում, ընդ որում՝ առանց հոնորարի ու առանց որեւէ շահախնդրության, եւ Մելքումյան Արիսին հանկարծակի կորցնելով՝ շատերս հանկարծակի շատ բան կորցրինք, ընդ որում՝ միանգամայն տարբեր բաներ, եւ տուժածներից ամենատուժածն, ըստ ամենայնի, ձեր խոնարհ ծառան է, ինչպես նաեւ՝ ինձ նման շատերը, ովքեր ժամանակ առ ժամանակ կյանքի հանդեպ իրենց դիմադրողականությունն ու ինքնավստահությունը կորցնելով՝ ճիշտ Արիսի  պատկերով ու Արիսի նմանությամբ մեկի կարիքն ու անհրաժեշտությունն են զգում, ընդ որում՝ Արիսի  անհրաժեշտությունն օդի պես էինք զգում, որովհետեւ լուսահոգին որդիան որդի հայտնվելով՝ վհատվածներիս հույս ու հուսահատվածներիս ինքնավստահություն էր ներշնչում, եւ չնայած կյանքի վերջին տարիներին ծանրաշարժ ու վատառողջ էր, այդուհանդերձ, միշտ ճիշտ պահին ու ճիշտ տեղում էր դեմներս ծլում ու ծաղկում, եւ չնայած մշտապես ինքն էլ մեր քաջալերանքի կարիքն ուներ, մշտապես ինքն էր նախահարձակ  լինողն ու քաջալերողը, որովհետեւ ինքը մեր իսկ գոյության կարեւորությունն ու անհրաժեշտությունը մշտապես ու շատ ուժեղ էր զգում, եւ չնայած կյանքի վերջին շրջանում հիշողությունը նկատելիորեն վատացել էր, ինքն իր ու մեր կյանքից էնպիսի դրվագներ էր հիշելով հիշեցնում, որ հիշողությունը չկորցրածներս մեծ դժվարությամբ էինք  հաջողացնում հիշել, եւ մշտապես ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին ծաղկելով՝ մեր իսկ կյանքից էնպիսի հազվագյուտ պահեր ու դեպքեր էր հիշեցնում, որ ինքներս էլ էինք մեր աչքին բարձրանալով՝ աճում ու ծաղկում, եւ հիմա առանց Արիսի ապրելով ու շարունակվելով՝ ժամանակ առ ժամանակ գիտակցում ու հասկանում ենք, որ ոչ թե Արիսին ենք կորցրել, այլ՝ ինքներս մեզ, եւ Արիսին էսքան ու էսպես հիշելս էլ է ինքնասիրահարվածության դրսեւորում, որովհետեւ  Արիսն էս վեպս մշտապես ու ամենուր էր գովում, եւ չնայած ուրիշներին գովելն իր բնավորության հիմնական գիծն էր, այդուհանդերձ, կային մարդիկ, որոնց Արիսը հատկապես ու առանձնապես էր սիրում ու գովում, եւ դրանք առանձնապես շատ չէին, եւ էդ քչերից մեկը ձեր խոնարհ ծառան էր, եւ էսքան ինքնավստահ  էս բանը չէի ասի, եթե իր հուշագրության վերնագրի տակ մեծամեծ տառերով գրած չլիներ՝ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՋՈՅՍԻՆ, ԴՈՆ ՊԱՍՈՍԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻՆ,- եւ եթե Արիսի էդ գլխատառ ենթավերնագիրն աչքովս տեսած չլինեի, էսօր ինձ իրավունք  չէի վերապահի ասել թե՝ Արիսն ինձ էլ էր կարեւորում ու գնահատում, եւ սեփական անձիս  մասին նման եզրակացության չէի հանգի, եթե Արիսն  իր էդ հուշագրության մի քանի գլուխներում ինձ հիշած ու հիշատակած չլիներ, բայց Արիսի հուշագրության էդ մի քանի գլուխները կարդալով՝ ոչ մի  կերպ չէի կարողանում հիշել ինձ առնչվող էդ դեպքերն ու իրադարձությունները, ինչպես նաեւ իմ էն ասածները, որոնք Արիսն իր հուշագրության մեջ իմ անունից՝ իբրեւ ուրիշի ուղղակի խոսք էր գրել ու մեջբերել, եւ հիմա ինձ վերաբերող իր էդ գրածները հիշելով եւ դրանց մասին մտածելով՝ սկսում եմ ենթադրել, որ Արիսն էդ ամենը միանգամայն մտածված էր անում՝ ինչպես որ ձեր խոնարհ ծառան է իր հերոսների ու ժամանակակիցների  անունները պահելով ու պահպանելով՝ էդ մարդկանց անունից զանազան բաներ ասում ու գրում, ընդ որում՝ ոչ միայն էդ մարդկանց ասածներն եմ հորինում, այլեւ՝ արածները, ընդ որում՝ էդ մարդկանց անունից ու էդ մարդկանց մասին հիմնականում լավ բաներ եմ ասում ու գրում, եւ, ինչպես Արիսի դեպքում, իմ դեպքում էլ հիշողության կորստի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ, ի տարբերություն շատերի, ես շատ լավ եմ հիշում՝ ով ինչ է ասել ու ինչ է արել, մանավանդ՝ շատ լավ հիշում եմ իրար հասցեին մարդկանց ասած հատկապես վատ բաները, եւ եթե էդ բաները վեպիս մեջ չեմ գրում, դրա պատճառը հիմնականում խաղաղասիրությունս ու մաքրասիրությունս են, որովհետեւ ինձ ինչքան հիշում եմ՝ մարդկանց կռվացնելու ուղղությամբ երբեւէ ակտիվություն հանդես չեմ բերել, ու էդ է պատճառը, որ իրար հասցեին մարդկանց ասած կեղտոտ ու չարամիտ բաներն էս վեպիս տարածքում գրեթե տեղ չունեն, եւ, դրանից էլ բացի, հակված եմ էս վեպիս տարածքը հնարավորինս մաքուր պահել, եւ չնայած Արիսը չհասցրեց  էսքան շատ գրել, եւ չնայած նոր-նոր էր սկսում, խաղաղասիրության ու մաքրասիրության առումով ինձանից ու բոլորից ավելի էր փայլում՝ ոչ միայն իր կյանքի վերջին տարիներին սկսած էդ վեպի, այլեւ  իր ու մեր կյանքի անընդգրկելի ու անմոռանալի տարածքում, եւ եթե որոշ վատ բաներ մոռանում էր, դիտավորյալ էր մոռանում, եւ եթե որոշ չեղած բաներ էր բստրում, էդ էլ էր հատուկ նպատակով անում, եւ ես էլ եմ, փաստորեն, նույնն անում, եւ իմ ու Արիսի տարբերությունն էն է, որ ինքն իր հուշապատումից առաջ էլ էր էդ անում, ընդ որում՝ իր ողջ գիտակցական կյանքում էր էդ անում. այսինքն, Արիսը ե՛ւ կյանքում էր բարեսիրտ, կամեցող ու ներողամիտ, ե՛ւ գրասեղանի առաջ, մինչդեռ ձեր խոնարհ ծառան էդ թվարկածս արժանիքներից ահագին հեռու է՝ ինչքան որ Արիսը չարախոսությունից ու վրեժխնդրությունից էր հեռու, եւ չնայած էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ձեր խոնարհ ծառան վրեժխնդիր անձնավորություն է, այդուհանդերձ, վրեժխնդրությանս պակասը երբեմն-երբեմն չարախոսությամբ եմ լրացնում, եւ,  ճիշտը որ ասեմ, չարախոսության ասպարեզում էլ առանձնապես հաջողություններ չունեմ, եւ եթե ասածներս երբեմն-երբեմն չարախոսության են վերածվում, էդ նրանից է, որ նեղսրտությանս ու չարությանս պահերին որոշ մարդկանց հասցեին ասածներս որոշ մարդիկ  անմիջապես տարածում են՝ իրենցից որոշակի բաներ ավելացնելով եւ ասածներս որոշակիորեն նենգափոխելով ու ճոխացնելով, մինչդեռ ձեր խոնարհ ծառան կյանքում ու մանավանդ ստեղծագործելիս ուրիշների չարախոսությունները երեսներով չի տալիս, ու էդ իմաստով լուսահոգի Արիսին ահագին նման եմ, որովհետեւ Արիսի պես ինքս էլ մարդկանց՝ իրար հանդեպ թշնամությունից չեմ ուրախանում, եւ հատկապես չեմ ուրախանում՝ երբ հայն է հայի հետ թշնամանում, ու խաղաղասիրությունս էն աստիճանի հիվանդագին է, որ նույնիսկ հայերի ու օտարների թշնամանքից չեմ ոգեւորվում, ու երեւի նաեւ էդ էր պատճառը, որ վերջին պատերազմի ժամանակ որեւէ կերպ աչքի չընկա, եւ չնայած երբեք աղանդավոր ու Եհովայի վկա չեմ եղել, պատերազմ երեւույթն իրենցից պակաս չեմ ատում, եւ չնայած պատերազմ երեւույթն ամբողջ  հոգով եմ ատում, վերջին  պատերազմին չմասնակցելուս համար խորապես ամաչում ու գետինն եմ մտնում, որովհետեւ խորապես հասկացել եմ, որ մասնակցողներն էդ պատերազմին մեր կողմից մասնակցելով՝ իրենց հայրենիքն էին թշնամուց պաշտպանում, ինչպես նաեւ՝ իրենց հարազատներին, ինչպես նաեւ՝ մեզ ու մեր հարազատներին, բոլորիս անխտիր՝ ներառյալ վատերին, ու էդ վատերից մեկն էլ ձեր խոնարհ ծառան էր, որ մնացել տանն ու տանը մնացած այլ տկարների ու տկարամիտների պես մթից ու ցրտից էր բողոքում ու նվնվում, եւ ձեր խոնարհ ծառան օրենքով ու օրենքի ողջ զորությամբ էր պատերազմից խուսափում ու պատսպարվում, որովհետեւ արդեն քառասունն անց էի, եւ չնայած քառասունն անց էի, եղավ մի պահ, երբ քառասունն անցերին էլ սկսեցին ներգրավել, ու էդ պահին էլ պաշտոնովս պատսպարվեցի, որովհետեւ էդ պահին Թումանյանի թանգարանի տնօրենն էի, եւ տնօրեններին բանակ չտանելու օրենքը, չգիտես ինչու, միանգամայն հստակ էր գործում, եւ տնօրեններից շատերը պաշտոնի բերումով ու պաշտոնի չարաշահումով պատերազմից  բարեհաջող  ու օրինականորեն պլստացին, բայց պլստացողներից ամենադասալիքը նվաստս էր, որովհետեւ ծանոթներիցս շատերն էդ պահի դրությամբ միանգամայն կամավոր ու ինքնակամ էին կռիվ գնացել, եւ առավել վճռականներն արդեն զոհվել էին՝ Մոսոն, Սիմոնն ու Լեոնիդը:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930