Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ. համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երեւանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնով: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:
«Արդեն ավանդույթ է դարձել, որ փառատոնով է բացվում Ֆիլհարմոնիկի համերգաշարը: Ավելի քան մեկ ամիս տեւող փառատոնային ծրագիրը կներառի 11 սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներով` միջազգային բարձր վաստակ վայելող արտիստների, ինչպես նաեւ Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ»,- ասաց գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Փառատոնն այս տարի կբացվի Ալեքսանդր Հարությունյանի ու Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով եւ կավարտվի հոկտեմբերի 20-ին` աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգով: Այդ ժամանակ Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա նաեւ Լեգրանը:
Ծրագրում նախատեսված է նաեւ երկու հատուկ նշանակության երեկո: Մեկը նվիրված է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, իսկ մյուսը կնվիրվի ՀՀ. անկախության 21-ամյակին:
Նախորդ տարիների նման, այս տարի եւս մենակատարները կանցկացնեն վարպետության դասեր Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ