Կիրակի օրը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ հենց այդ օրը կորոշվի նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը: «Մենք դեռեւս ամռանն էինք հայտարարել, որ մինչեւ ԱԺ հերթական նստաշրջանը «Ժառանգության» վարչությունը որոշում կընդունի այն մասին, թե ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու: Որոշ հարցերի պատասխաններն այդ օրն արդեն կլինեն»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Թե ի՞նչ տրամադրություններ են գերիշխում կուսակցության վարչությունում, պարոն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց ենթադրություններ անելուց. «Վարչության որոշելիք հարց է, կքննարկենք բոլոր կողմ եւ դեմ հարցերը եւ որոշում կկայացնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ