Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես ի՞նչն է կասեցրել Գիտությունների ակադեմիան

Սեպտեմբեր 07,2012 14:57

Կամ՝ «ապրեն հայոց «ապաքաղաքական» գիտության մշակները»

«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ»,- տակն էլ ստորագրված է՝ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ: Երբ պանիկան, որ այս փաստից սկսվել էր մոտս, անցավ՝ մնաց երկու հարց: Ի՞նչն են կասեցրել «գիտության հայ մշակները» (ինչպես իրենք են իրենց անվանում) եւ ինչո՞ւ են հայ գիտնականները «ապաքաղաքական համարվում»: Երկրորդ հարցի եւ նրա պատասխանի հետ գործ չունեմ՝ հայ մամուլն ու ինտերնետը լցված են իրարամերժ կարծիքներով: Կարծում եմ՝ Հայաստանում «ապաքաղաքական» ոչինչ չկա՝ արտաքին քաղաքականությունից բացի: Փորձենք թվերի տեսքով հասկանալ, թե ի՞նչն են կասեցրել «գիտության հայ մշակները»: Մի կողմ թողնենք չինովնիկների անիմաստ ու թանկարժեք փոխադարձ այցերը՝ դա Գիտպետկոմի կողմից հովանավորվող գիտահետազոտական տուրիզմն է՝ ինչի մասին գրված է «Գիտության ռազմավարություն» անունը կրող դարակազմիկ փաստաթղթում: Փորձենք հասկանալ, թե հայ-հունգարական գիտական համագործակցությունը ինչ արդյունք է տվել եւ ինչից պետք է անհապաղ հրաժարվել: Դիմենք նորից գիտության տվյալների ամենամեծ շտեմարանին՝ «Thomson Reuters» գործակալության «Web of Science» կայքին: Առայսօր, Հայաստան-Հունգարիա համագործակցությունը «փառավորվել» է 322 տպագրված աշխատանքով՝ սկսած 1991թ.: Աշխատանքներից  299-ը կատարվել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի մասնակցությամբ: Դրանք կոլաբորացիոն աշխատանքներ են: Այս հրատարակումների հեղինակների ցուցակը կազմում է մինչեւ 13 էջ, այն դեպքում, երբ բուն հոդվածը կարող է լինել 4 էջի վրա: Բացատրում եմ՝ թշվառ երկրների ներկայացուցիչները «վզերը ծռած» կանգնում են որեւէ մեծ գիտափորձի մոտ՝ հաճախ չունենալով ոչ մի ներդրում: Կամ էլ ներդրում ունեն՝ բայց նյութական բարիքների տեսքով: Դե գիտեք, Հայաստանն այնքան հարուստ է, որ կարող է ֆինանսավորել գիտափորձեր արտերկրներում: Մնացած 23 աշխատանքից 20-ը նորից «կոլաբորացիոն» է, բայց արդեն առանց ԵրՖԻ: 3-ն են ինքնուրույն գործեր: Բայց դա չէ էականը: Եթե խզել են հարաբերությունները՝ ուրեմն դո՞ւրս պետք է գան կոլաբորացիաներից, որտեղ մասնակցում է Հունգարիան: Ես կողմ եմ՝ երկու պատճառով: Նախ՝ ես շատ եմ սիրում  ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ-ն, ուղղակի գժվում եմ: Երկրորդ՝ Հայաստանին ոչինչ չտվող անիմաստ կոլաբորացիաներին եմ դեմ: Ահա թե ինչից է պահանջում հրաժարվել «գիտության հայ մշակների» միությունը՝ ՀՀ ԳԱԱ-ն: Շատ էլ լավ են անում՝ ձեր ի՞նչ գործն է:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին ԵրՖԻ նախկին

աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930