Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորիկ Սարգսյանը՝ խնդիրների ու ՃՈ աշխատանքի մասին

Սեպտեմբեր 07,2012 14:52

Վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը: Քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը:

Այս և երթևեկության մի շարք այլ խնդիրների վերաբերյալ «Pastinfo.am»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, վարորդների և հետիոտների շրջանում բազմաթիվ են դժգոհությունները` կապված լուսացույցների չաշխատելու կամ թերի աշխատելու հետ: Խոսքը հատկապես Փոքր կենտրոնից հեռու գտնվող փողոցների մասին է: Խնդիրն ինչո՞վ է պայմանավորված: ՃՈ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ:
-Չաշխատող կամ թերի աշխատող լուսացույց հասկացությունը փողոցում ամենօրյա ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանի ուշադրության կենտրոնում է: Լուսացույցների հսկողությունը ճանապարհային ոստիկանության վրա է դրված: Երբ տեսուչը հայտնաբերում է թերություն, միանգամից ռադիոկապով ահազանգում է համապատասխան ստորաբաժանում: Չեմ կարծում, թե այն թերությունները, որոնք հնարավոր է միանգամից վերացնել, չեն վերացվում: Օրինակ՝ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի լուսացույցները երկու օր չէին աշխատում, քանի որ մեծ վթար էր եղել՝ կապված հոսանքի սնուցման հետ: Դա մեզ հետ անմիջական ոչ մի կապ չունի: Բայց եթե ահազանգը լինում է, միանգամից վերացվում է, լուսացույցն էլ աշխատում է:
Իմ կարծիքով՝ մեր լուսացույցների ցանցը շատ լավ է աշխատում: Դժգոհել, ասել, թե չեն աշխատում՝ սխալ է: Ամեն օր դրանք նորացվում են, նոր սարքավորումներ են ձեռք բերվում: Շատ քիչ քաղաքներում կտեսնեք հետիոտնի, վարորդների համար տեղադրված հետին հաշվարկի վայրկյանաչափեր:

-Բայց դրանք հիմնականում տեղադրված են Փոքր կենտրոնի փողոցներում: Մյուս փողոցներում բացակայում են:
-Աստիճանաբար դրանք կլինեն նաև ծայրամասերում:
-Վարորդների շրջանում դժգոհություն կա նաև արագաչափերի առումով: Կա կարծիք, որ դրանք սխալ են գրանցում արագությունը: Այդ սարքերն անցե՞լ են պատշաճ փորձաքննություն:
-Տեղադրելուց առաջ արագաչափերը պարտադիր սերտիֆիկացվում են: Վստահեցնում եմ՝ առանց ստուգաչափվելու հնարավոր չէ, որ արագաչափ տեղադրվի:
Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, կարծում եմ՝ դրանք պարզապես խոսակցություններ են: Երևի մի վարորդ սխալվել է, իր արագաչափ սարքին նայելով կարծել է, թե դանդաղ է ընթանում, հետո պարզել է, որ արագությունը գրանցվել է: Արագաչափերի՝ արագությունը սխալ գրանցելու մասին խոսակցությունները տարածված են վարորդների շրջանում, սակայն դրանք պարզապես ասեկոսեներ են:

-Հայաստանի և մայրաքաղաքի երկրորդական շատ փողոցներում բացակայում են նշագծումները, կամ մնում են ասֆալտի տակ, ինչի պատճառով անհնար է դառնում երթևեկության կանոններով նախատեսված մի շարք կանոնների պահպանումը:
Ի՞նչ քայլեր է կատարում ՃՈ-ն այս ուղղությամբ:

– Խնդիրը ժամանակն է: Առայժմ հետիոտնային անցումներն են գծանշվում: Մի փոքր որ համբերենք, աշխատանքը տեսանելի կլինի նաև այդ առումով: Մայրաքաղաքի երկրորդական փողոցները ևս գծանշված կլինեն: Կենտրոնում նույնիսկ կրկնակի գծանշումներ ենք արել: Որակի տարբերությունը կարծում եմ՝ նկատելի է: Վարչական բոլոր շրջաններում հետիոտնային գծանշումներն արդեն ավարտված են, մյուսները ևս կթարմացվեն: Այնպես չէ, որ մենք սևեռվել ենք միայն կենտրոնի վրա: Աշխատանքներն արդեն սկսվել են Դավթաշենում, Ջրվեժում:

-Վարորդների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը: Քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր եռապատիկը: Եռապատիկը չես կարող վճարել, հնգապատիկը վճարիր: Ձեր մեկնաբանությունը:

-Խոսքը առաջին անգամ վճարել չկարողանալու մասին չէ: Դժգոհությունները վերաբերում են այն դեպքերին, երբ մեքենայի տեխանձնագրով նշված է մեկ այլ հասցե, վարորդը բնակվում է բոլորովին այլ հասցեում: Որոշումն ուղարկվում է այն հասցեով, որտեղ գրանցված է տվյալ տրանսպորտային միջոցը: Այսինքն՝ որոշումն ստացող չի լինում, այն հետ է գալիս տարբեր պատճառաբանություններով: Օրենքով սահմանված կարգով որոշումը հետ գալու օրը ճանապարհային ոստիկանության համար դիտվում է որպես ծանուցման օր, այդ օրվանից հաշված 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում արդեն եռապատկվում, իսկ երկու ամսվա ընթացքում հնգապատկվում է: Քաղաքացին օրենքով պարտավոր է տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց անմիջապես վերագրանցել իր հասցեով, որտեղ ինքը բնակվում է:
Կարծում եմ՝ ամբողջն օրենսդրության շրջանակներում է:

– Որոշ փաստաբաններ առաջարկում են հետևյալը` եթե 30 օրվա ընթացքում մարդը չի վճարել տուգանքը, պետք է վարույթ հարուցել, չվճարելու հանգամանքները պարզել: Ձեր կարծիքը օրենքի այդ դրույթի և փաստաբանների առաջարկի մասին:

-Դա փաստաբանների կարծիքն է: Իմ կարծիքով բոլորս պարտավոր ենք ենթարկվել տվյալ պահին գործող օրենսդրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930