Ասում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ժամանցային արվեստները շարունակում են գիշատիչ ձեւով կուլ տալ դասականն ու նրա տեսակները, մինչդեռ ցանկացած պետության մշակութային կշիռը որոշվում է հենց դասական արվեստների բարձր նշաձողի իրողությամբ, այլ ոչ թե մեկ-երկու փոփ երգչով՝ թեկուզեւ համաշխարհային ճանաչում ու սեր վայելող: Այն երկրները, որտեղ օպերային թատրոն է գործում, իրենցից արդեն իսկ միջազգային կշիռ են ներկայացնում: Նույնը վերաբերում է ակադեմիականի դրոշմը կրող ստեղծագործական կոլեկտիվների գոյությանը, քանի որ դասական արվեստները ոչ թե ժամանցի կամ հաճույքի խնդիր են լուծում, այլ մարդկության ձեռքբերումների նվաճումներ են, որոնց մասնակից լինելն իսկ արդեն տվյալ երկրի քաղաքացիների՝ համաշխարհային քաղաքակրթությանը մասնակից լինելու վկայությունն է:
Այսօր Ճապոնիայի նման գերզարգացած երկրի կառավարությունը ուշադրություն է դարձնում ոչ միայն դասական արվեստների զարգացմանը, այլեւ իր ժողովրդի մասնակցությանն այդ ընթացքին: Բացի դասական կոլեկտիվներին ու մշակութային օջախներին լուրջ ֆինանսավորում ապահովելուց, այդ երկրի օրենսդիրը հնարավորություն է տալիս դասական արվեստի երկրպագուներին՝ ողջ տարվա ընթացքում ներկայացումների ու համերգների համար գնված տոմսերը տարեվերջին վերադարձնելով՝ ետ ստանալ վճարված ամբողջ գումարը: Գուցե այդ կրթվածության դրսեւորումներից մեկն էլ այն է, որ 2011-ին ցունամի տեսած ժողովուրդը դասական արվեստին հատուկ բարեկիրթ ու զուսպ ձեւով, բարձր կազմակերպվածությամբ ու արժանապատվությամբ հաղթահարեց անհաղթահարելի թվացող դժվարությունները:
Լեհաստանի կառավարությունն էլ աշխատավարձի հետ իր քաղաքացիներին պարտադրաբար տալիս է դասական միջոցառումների տոմսեր:
Կարդացեք նաև
Ժամանակին «Առավոտը» մի առիթով փոխանցել էր Մոսկվայի Մեծ թատրոնի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար Կատերինա Նովիկովայի այն միտքը, թե Պետդուման շահագրգռված լինելով դեպուտատների մշակութային «հանգստով», ամենօրյա կապի մեջ է մշակութային օջախների հետ, պատվիրելով անհրաժեշտ քանակությամբ տոմսեր, վճարելով դրանց գումարը, այլ ոչ թե, ինչպես մեզ մոտ է ընդունված՝ հրավիրատոմսեր պահանջել միջոցառումների, նույնիսկ բարեգործական համերգների համար, մանավանդ՝ երբ հյուրախաղերի են ժամանում անվանի արվեստագետներ:
Ճապոնիայի, Լեհաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների օրինակները ներկայացնելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, հետաքրքրվեցինք՝ մեզ մոտ հնարավո՞ր է նման վերաբերմունք, մթնոլորտ ստեղծել:
Պարոն Դավթյանը նշելով, որ հիշյալ երկրների օրինակները հետաքրքիր են, ասաց. «Ես կարծում եմ, որ քննարկման արժանի նյութ է դա, ինչը պետք է ուսումնասիրել եւ, ընդհանուր հայտարարի գալու դեպքում, գուցե տեղայնացնել: Մեզանում էլ աշխատանքներ են տարվում մշակութային միջոցառումներն ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ, օրինակ՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք շրջանառության մեջ դրվեց դպրոցականների թանգարան անվճար այցելությունը»: Պատգամավոր-նախագահը մտաբերեց, որ երբ երկու տարի առաջ Վաշինգտոնում էր, այնտեղ թանգարանների ճնշող մեծամասնության մուտքը ազատ էր: Պատգամավորների մշակութային «հանգստի» առիթով էլ նշեց. «Ըստ էության, յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, նախընտրում՝ ինչ ձեւաչափով բավարարել սեփական մշակութային նախասիրությունները»: Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե պատգամավորը ցանկություն ունի ներկա գտնվել որեւէ մշակութային միջոցառման, ապա նրա համար դժվար չէ համապատասխան միջոցներ հատկացնել. «Իհարկե, յուրաքանչյուր միջոցառման համար պետք է վճարվի, չէ՞ որ հենց դրանից է ձեւավորվում մշակութային օջախի բյուջեն: Ինչ վերաբերում է, որ մշակութային օջախների տնօրենները տրտնջում են պատգամավորին հրավիրատոմս տրամադրելուց, այդ դեպքում թող քաջություն ունենան ու մերժեն»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ