Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ծառը համառորեն չի ուզում մեռնել

Սեպտեմբեր 07,2012 14:46

Գաղտնիք չէ, որ Մոնումենտի երբեմնի սաղարթախիտ այգին, որ Երեւանի թթվածնի անփոխարինելի մատակարարն էր, անկախության տարիներից ի վեր, աստիճանաբար նոսրանում է հայ օլիգարխների շնորհիվ: Այգու մի մեծ հողատարածք 2000-ականների սկզբին գրավեց մեզանում ոչ անհայտ մեկի հյուրանոցային համալիրը, հիմա էլ ոմանք փորձում են մանր-մանր կսմթել այգու եզրերից: Ազատության պողոտայի ու Բաբայան փողոցի խաչմերուկում՝ փոստատան դիմացից լավ տեսանելի է զբոսայգու տառապյալ, հաստաբուն, դեկորատիվ ծառը…անգրագետ չարագործը ուղղաձիգ պլոկել է ծառի կեղեւի գրեթե կեսը ու խեղճ ծառը մնացածի հույսին մնալով, կարելի է ասել՝ հերոսացել է, նա զարմանալիորեն վերընձյուղվել է ու չի ուզում մեռնել: Դեռ չի պարզվել, թե ո՞վ եւ ե՞րբ է իրականացրել այս վայրագությունը, բայց այն չի կարող չբացահայտվել, վաղը կամ մյուս օրը ինչ- որ մեկի բիզնեսը կծաղկի այս տարածքում, հենց նա էլ պետք է պատասխան տա, քանի որ նման գործելաոճը մեզանում ավանդույթ է, ինչին միշտ աջակցում կամ աչք են փակում պատասխանատուները՝ մեծ փողեր աշխատելով: Ինչեւէ… հասկանալի է, որ ծառը մերկացնելու գործն ամիսների պատմություն ունի, գոցե տարվա, քանզի ծառերի սանիտարական վաղ գարնանային մշակումը՝ սպիտակեցումն, ինչպես այս, այնպես էլ հարեւան՝ քիչ տուժած ծառն անցել են: Չնայած այս ամենին, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը տեղյակ չէր իրողությանը, բայց խոստացան առաջիկայում պարզաբանումներ տալ: Կառուցապատման մոլուցքը մեզանում այն աստիճան կուրորեն է կատարվում, որ հաճախ գրավում են հուշարձանների պահպանման գոտին: Ես չեմ տառապում խորհրդային կարոտախտով, բայց աններելի եմ համարում հեղափոխության 50-ամյակի առթիվ կառուցած հուշարձանի շուրջ ծլած առանձնատների գոյությունը: Այդ հուշարձան-կոթողի մոտից փառահեղ Մասիսների լավագույն տեսարանն էր բացվում եւ մտացածին թողնվել էր ազատ, ընդարձակ տարածություն, որ ստիպում էր դիտողին ակամայից առանձնանալ Մասիսների ու Արարչի հետ: Նրա միտքը կենտրոնանում էր:

Իսկ հիմա՝ այցելուն պետք է հիանա խիստ աղքատ, ծերացող երկրի մի քանի մեծահարուստների նորակառույցներով: Վերացրինք առասպելը, վեհը, գեղեցիկը… հետո էլ խոսում ենք զբոսաշրջությունը զարգացնելու մասին:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» հետեւողական է իր հրապարակումներում: Ի պատասխան մեր 14.08.2012թ. հրապարակած «Ծառերի հերթական սպանդը Երեւանում» հոդվածի՝ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ պրն Մաքսապետյանը Գայի պողոտայի «Հայկ նահապետի» արձանի հարակից ծառերի հատման առիթով տեղեկացրեց, որ պարզել են՝ հիշյալ տարածքից որեւէ հատկացում չի եղել: Հուսանք, որ չի էլ լինի, մանավանդ՝ ծառերն արդեն բավականին տերեւակալել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930