Միգրացիոն համակարգի առջեւ ներկայում ծառացած են հրատապ եւ արմատական լուծումներ պահանջող մի շարք մարտահրավերներ ու հիմնախնդիրներ, որոնց մի մասն անցած քսան տարվա ՀՀ միգրացիոն վիճակից բխող հիմնախնդիրներ են, որոնք, ՀՀ միգրացիայի պետական կարգավորման նախընթաց փուլերում լուծումներ չստանալով, փոխանցվել են ներկա փուլ: Հիմնախնդիրների մյուս մասը գլխավորապես առաջացել է վերջին մի քանի տարիներին՝ գլոբալացման եւ միջազգային ներգրավողական (ինտեգրացիոն) գործընթացների, տնտեսական եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների ազդեցությամբ, որոնց հրատապությունն ավելի ընդգծվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ:
ՀՀ միգրացիայի պետական կարգավորման հիմնական քաղաքական ուղենիշներն ու թիրախները սահմանվել են ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2-րդ գլխում («Կառավարության գործունեության հիմնական գերակայությունները»), որում «արտագաղթի կասեցումն ու ներգաղթի խրախուսումը» ճանաչվել է հիմնական գերակայություններից մեկը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ՝ ՄՊԾ) 4 տարի ժամկետի սահմաններում (2012-2016թթ. ընթացքում) պետք է իրականացնի օտարերկրյա պետություններում անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների անձը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Այդ հարցի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը դիմել է արտաքին գործերի, սփյուռքի նախարարություններին եւ Վեհափառ հայրապետին:
Կարդացեք նաև
ՄՊԾ-ի ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն, ովքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով, ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր, ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ՝ ունենալով միայն ծննդյան վկայականներ: Այդ հարցի վերաբերյալ «Արտասահմանում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիներ» ստորագրությամբ բաց նամակի տեսքով իրենց մտավախությունն են հայտնել արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները: Նրանք ընդգծել են հատկապես այն փաստը, որ տվյալ քաղաքականությունը հանգեցնում է արտասահմանում բնակվող հայերին արտաքսելուն:
Հավանաբար, ամեն մարդ բազմիցս լսել է, թե ինչպես են վերջին շրջանում իրենց կամքին հակառակ Հայաստան վերադարձվում այն արտագաղթած ընտանիքները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարբեր ճանապարհներով արտասահման էին մեկնել: Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիությունը խրախուսում է հատուկ մշակված «միգրացիոն քաղաքականությունը» եւ նույնիսկ մեծ դրամական միջոցներ փոխանցում ՀՀ պետբյուջե՝ դեպորտացիայի ենթարկվող հայերին իրենց նախկին բնակավայրերում վերստին ընդունելու եւ կենսական նվազագույն պահանջները բավարարելու համար: Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստան վերադարձող ցանկացած ընտանիք կամ անհատ բյուրոկրատական դժվարություններից ու արհամարհանքից բացի, ուրիշ ոչինչ չի տեսնում: Հատկապես այն երեխաները, որոնք արդեն հասցրել էին առաջադիմել քաղաքակիրթ երկրների կրթօջախներում, շատ ծանր են տանում պարտադրված տեղափոխությունը եւ մեծ դժվարություններ ունենում հայաստանյան ուսումնական հաստատություններում ու իրենց շրջակա թաղամասի ընկերային կյանքում:
Հակառակ բոլոր հետապնդումներին ու ճնշումներին, մեր ջանասեր դեսպաններն ու հյուպատոսները մինչ այժմ չեն կարողացել որսալ եւ տուն ուղարկել բոլոր նախկին ՀՀ քաղաքացիներին: Ուստի ներկայիս կառավարությունը ձեռնամուխ է եղել մեկ շատ ավելի ծայրահեղ քայլի, այն է՝ ներգրավել Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին ու գործածել նրանց որպես տեղեկություններ հավաքագրողներ: Այդ փաստի մասին է վկայում մեր ձեռքն անցած Մայր Աթոռի ներփակ գրությունը, որը Սբ. Էջմիածնի կաթողիկոսարանի կողմից Ֆրանսիայի հոգեւոր առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին է ուղղված: 2012թ. մայիսի 7-ի 774 թվակիր նամակում կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իր հոգեւոր եղբորը գրում է հետեւյալը. «ՀՀ կառավարության անունից Վեհափառ հայրապետին դիմում է կատարվել աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն»,- նշում են արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները:
Արտերկրում դեռ գոյատեւող յուրաքանչյուր փախստական սկսել է զգուշանալ հարեւաններից, որպեսզի որեւէ մեկն իրենց չմատնի պետական մարմիններին: Մարդիկ վախենում են տվյալ երկրի ՀՀ դեսպանատանը տեղ գտած ազգային անվտանգության աշխատակիցներից, որոնք պարբերաբար մտնում են հայկական շրջանակներ ու փորձում զանազան միջոցներով օտարության մեջ հաստատված հայաստանցի ապաստանյալների վերաբերյալ տվյալներ հավաքել: Ամեն մարդ խստագույն զգուշավորություն է պահպանում եւ որեւէ անձնական տեղեկություն չի կամենում փոխանցել նույնիսկ մտերիմ ընկերներին:
Այդ արձագանքներին հակառակ, ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը պնդում է. «Կան քաղաքացիների ստվար զանգվածներ, ովքեր դրսի երկրներում առանց փաստաթղթերի են ման գալիս: Փաստաթղթեր չունենալը հազար ու մի պրոբլեմներ է առաջացնում իրենց համար: Որպեսզի հասկանանք, թե այդ մարդկանց ինչպես կարող ենք օգնել, պետք է հասկանանք, թե ինչ պատճառներով են նրանք հայտնվել այդ վիճակի մեջ, թե որն է խնդիրը: Ենթադրենք՝ անձը խորհրդային նմուշի անձնագրով է գնացել կամ երեխան գնացել է, երբ չուներ ՀՀ անձնագիր կամ ծնվել է այնտեղ եւ չի կարողանում անձնագիր ստանալ, շատ տարբերակներ կան: Որպեսզի իմանանք՝ ինչ խնդիրներ կան, պետք է հասկանանք խնդրի պատճառը: Ես դիմել եմ արտաքին գործերի նախարարությանը, Սփյուռք եւ նորեն Վեհափառին՝ խնդրելով իրենց խողովակներով փորձեն այդպիսի խնդիրների վերաբերյալ ոչ թե անձերի, այլ խնդրի էության վերաբերյալ տեղեկություններ հավաքեն»:
Ստեղծվել է վիճակ, երբ ՄՊԾ-ի վարած քաղաքականությունը, որը փաստաթղթերի հետ կապված խնդիրների վերացման ծրագիր է իրականացնում, արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների շրջանակում վատ արձագանքներ է ստացել, եւ մարդիկ միահամուռ խուսափում են տեղեկություններ տալ իրենց վերաբերյալ, մտածելով, թե կարող են հայտնվել անցանկալի դրության մեջ:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ