Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ինձ բանտ տանեն, որ գոնե տանիք ունենամ»

Սեպտեմբեր 07,2012 14:41

Թոշակառու Մարիա Նազարովան ուզում է իրեն տնից զրկողին վնասել ու հայտնվել բանտում, միայն թե տանիք ունենա:

85-ամյա միայնակ թոշակառու Մարիա Նազարովան խաբեբաների պատճառով մնացել է անտուն: Այսօր այդ խաբեբաներն իրենց համար «առոք-փառոք» վայելում են կյանքը, իսկ անժառանգ ծեր կինը դռնեդուռ ընկած փորձում է ծերանոցներում իր համար մի անկյուն գտնել, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկինը՝ ծերանոցներում էլ ազատ անկյուն չկա:

Մոտ 5 տարի առաջ Մարիա Նազարովան վաճառել էր իր տունը, որպեսզի 1 սենյականոց բնակարան գնի, իսկ բնակարան գտնելու համար դիմել էր  բրոքեր Ագնեսա Պապյանին: Վերջինս տիկին Մարիայից վերցրել է $8000՝ փոխարենը խոստանալով Ավան վարչական շրջանում 1 սենյականոց բնակարան տրամադրել նրան: Խաբեբա բրոքերը եւս 2 անձի հետ, որոնք ներկայացել էին  որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ պետգույքի կառավարման աշխատակիցներ, պարբերաբար ձգձգել է բնակարան տրամադրելը, իսկ ծեր կինը որոշ ժամանակ անց ո՛չ բնակարանի երես է տեսել, ո՛չ էլ գումարի: Եվ չնայած հետագայում դատարանի որոշմամբ խաբեբաները բացահայտվել են եւ տիկին Մարիայի գումարը վերադարձրել, սակայն տարեց կինն այդ գումարով այլեւս չի կարողացել բնակարան ձեռք բերել, քանի որ անշարժ գույքի գներն այդ ժամանակ բավականին բարձրացել էին: Մարիա Նազարովան այս տարիների ընթացքում եղած գումարով հոգացել է իր կենցաղի եւ ապրելու ծախսերը:

Նշենք, որ «Առավոտն» իր «Ինչպես խաբեցին 80-ամյա կնոջը» (02.06.2009) հրապարակմամբ անդրադարձել է այս խնդրին: Երեկ մեր խմբագրություն եկած տիկին Նազարովան պատմեց, որ առաջիկա օրերին ինքն անտուն կմնա, քանի որ հարազատները, ում բնակարանում ժամանակավոր բնակվել է, վաճառում են բնակարանը՝ արտերկիր մեկնելու համար: Ծեր կնոջ պատմելով՝ «Հետաքրքրվել եմ Նորքի ծերանոց գնալու համար, բայց ինձ խորհուրդ են տվել անգամ ծերանոցի դռանը մոտ չգնալ, քանի որ տեղ չկա, կամ էլ՝ պարտադիր ծանոթ է պետք, որ տեղավորեն որեւէ ծերանոցում: Էդ խաբեբա բրոքերը, դատարանի որոշմամբ, ինձ էլի գումար պիտի վճարեր, որպեսզի իմ եղածին ավելացնեի ու 1 սենյականոց գնեի: Բայց հետո ԴԱՀԿ-ն տեղեկացրեց, որ այդ բրոքերը մի կոպեկ էլ չի կարող վճարել, որովհետեւ իր անունով ոչ մի սեփականություն չունի: Ես մի անգամ ասել եմ ու հիմա էլի կրկնում եմ՝ ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եւ ինչի շնորհիվ է օրենքը Ագնեսային ու նրա նման խաբեբաներին սատարում, իսկ ինձ նման անօգնականների համար օրենքն անզոր է, դատարանի վճիռն էլ չի կատարվում: Ես ոչինչ չունեմ կորցնելու, մնում է մի տեղ այդ խաբեբայի գլխին քարով խփեմ ու մի լավ վնաս պատճառեմ, որ գոնե սիրտս հովանա: Ու թող ինձ բանտ տանեն, այնտեղ գոնե տանիք կունենամ գլխիս»:

Նորքի տուն-ինտերնատից «Առավոտին» հայտնեցին, որ տարեցներին իրենց մոտ ուղեգրում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, եթե ծերերը համապատասխանում են իրենց սահմանած մի քանի չափանիշներին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930