Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողին մուննաթ», կամ հայկական կայքերի վրա հարձակվում են ադրբեջանցիները՝ ռուսական ընկերության օգնությամբ

Սեպտեմբեր 07,2012 14:38

Երեկվանից հայաստանյան մի շարք կայքեր ենթարկվում են DDOS հարձակման: Հասանելի չէին a1plus.am, Lragir.am, Tert.am և բազում այլ կայքեր: Aravot.am-ը փորձեց նշված կայքերից պարզել, արդյոք կրկին հարձակումները շարունակվո՞ւմ են և մասնավորապես ի՞նչ հարձակումների մասին է խոսքը: Ա1+.am կայքի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Երեկվանից հարձակումներն այնպիսի արագությամբ էին տեղի ունենում, որ մեր տեխնիկական սպասարկման աշխատակիցն անգամ չէր կարողանում սերվեր մուտք գործել: Առավոտյան արդեն կայքը նորմալ աշխատում էր, բայց այս պահին կրկին հարձակումներ են գործում»:

Lragir.am կայքի խմբագիր Հայկազ Ղահրիյանը ևս նշեց, որ հարձակումները դեռ շարունակում են և մանրամասնեց. «Այդ պատճառով մեր կայքը միացրել ենք միայն Հայաստանում և մինչև այս խնդրի վերջնական կարգավորումը կայքն աշխարհում հասանելի չի լինի: Այստեղ խոսքը DDOS հարձակումների մասին է»: Հետաքրքրվեցինք՝ հարձակումները կապո՞ւմ  են Սաֆարովի խնդրի հետ և արդյոք հարձակումները գործում են ադրբեջանակա՞ն կողմից: Հ. Ղահրիյանը պատասխանեց. «Երբ IP-ները ստուգում ենք, տեսնում ենք, որ հարձակումները գալիս են տասնյակ երկրներից, ուստի չենք կարող վստահորեն ասել, թե անպայման այսինչն է անում, այնինչ նպատակով: Դրանք գալիս են ԱՊՀ երկրներից, Պակիստանից, Հնդկաստանից, Աֆղանստանից, բայց դա չի նշանակում, որ այդ պետություններն են անում: Մի որևէ կենտրոնից կարող են այդ պետությունների սերվերներ ջարդել և ուղարկել, որ չկասկածես, թե անողն ով է: Բայց մի բան հաստատ կարող ենք ասել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն ի վիճակի չեն այդպիսի գործողություններ անել: Շատ ավելի հզոր երկրները կարող են դա անել, օրինակ՝ ռուսները: Կասկածներ կան, որ ռուսական ընկերություն է դա անում:Հարձակումները չեն դադարում և կարող է ամիսներով միացված մնալ ավտոմատ համակարգը, և հարձակումները շարունակվեն այնքան ժամանակ, մինչև տվյալ երկրների ինտերնետ պրովայդերները չդադարեցնեն»:

Զրուցեցինք նաև մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Նա մեկնաբանեց. «Սա սպեցիֆիկ հարձակում է, երբ կոնկրետ մարդ չի հարձակվում, այլ 100 հազարավոր վարակված համակարգիչներ: Այդ համակարգիչները խողովակները լցոնում են աղբով, ինչի հետևանքով կայքերը կոտրված չեն, բայց նաև հասանելի չեն: Խնդիրն այն է, որ չի երևում՝ ով է անում: Բայց ես 101 տոկոսով վստահ եմ, որ ադրբեջանական կողմից է  պատվիրված: Իրենք չեն անում, քանի որ  ռեսուրս չունեն, բայց մեծ հաքերային խմբի փող են տվել, ոը այդ հարձակումն իրականացնեն»:

Մեր դիտարկմանը, թե վարկած կա, որ ռուսներն են անում, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Նույնը կարող է լինել Հնդկաստանը, Չինաստանը, ուղղակի ռուսներն ամենաուժեղներից են և նրանց հետ ավելի հեշտ է հետխորհրդային հանրապետությունների հետ կապի մեջ մտնել»:

Մեր հարցին՝ որքա՞ն կարող է երկարաձգվել հարձակումը, մեդիա փորձագետը պատասխանեց. «Փողին մուննաթ, մեշոկով փող են դրել»:

Իսկ թե հայկական կողմն արդյոք պատրա՞ստ է դիմակայել նման հարձակումների, Ս. Մարտիրոսյանն ասաց. «Մենք պաշտպանվում ենք, եթե երեկ համարյա ոչ մի կայք չէր աշխատում, ապա այսօր կայքերը ոտքի են կանգնել: Բայց հարձակումը շարունակվում է, ուղղակի հայերը դեմն առել են: Եթե մի քանի միլիոն էլ դնեն գործի մեջ, ապա մի քանի ամիս էլ կարող է շարունակվել: Ադրբեջանը ընդհանուր քարոզչական ոլորտում շատ ծանր վիճակում է հայտնվել, ուստի գոնե մի բան անելու համար են սա անում: Ամբողջ աշխարհը Սաֆարովի դեպքն այնքան միանշանակ ընկալեց, որ ադրբեջանցիներին մնացել է հայերին գոնե այսպիսի վատություն անելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930