Լրահոս
Օրվա լրահոսը

Պետերբուրգցի օլիգարխները խցանումների մեջ չընկնելու համար շտապօգնություն են վարձում

Սեպտեմբեր 07,2012 14:36

Գինեկոլոգի ծառայության մասին այս հայտարարությունը դաջված էր մետրոյի մուտքի մոտ՝ գետնին. ե՛ւ քաղաքը չի աղտոտվում, ե՛ւ ավելի մեծ թվով մարդկանց ուշադրություն է գրավում:

 

Էլեկտրագնացքում շները մարդու հետ «հավասար իրավունքներով» են երթեւեկում:

Ավտոբուսի վարորդները նաեւ զուգարանի բիզնես էին անում:

Սանկտ Պետերբուրգում գտնվելու օրերին այս քաղաքի արվարձան համարվող Զելենագորսկում տաջիկները մի ռուս աղջկա էին բռնաբարել: Ճիշտ է, այդ դեպքը չդարձավ պետերբուրգյան լրատվամիջոցների թոփ-նորությունը, բայց ամեն անգամ կովկասցիների կամ ասիացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերից հետո ռուսների վերաբերմունքը դեպի այդ երկրամասի բնակիչները կտրուկ փոխվում է: Տոմսավաճառից սկսած մինչեւ խանութի աշխատակից, որոնք ազգությամբ ռուս են, բավականին կոպիտ ու արհամարհանքով են սպասարկում կամ պատասխանում «թուխ» մարդկանց հարցերին: Այդ օրերին մետրոյի, գնացքի կայարաններում էլ ոստիկանները ուժեղացված ռեժիմով էին աշխատում՝ առիթը բաց չթողնելով նեղելու Սանկտ Պետերբուրգ «խոպան» եկած հայերին, ադրբեջանցիներին, տաջիկներին, ուզբեկներին, որոնք իրենց հագուկապով, նիստուկացով տարբերվում էին նույն ազգի, բայց տուրիստ ներկայացուցիչներից: Չնայած անկախ ազգությունից՝ տուրիստների նկատմամբ վերաբերմունքով ու հյուրընկալությամբ էլ պետերբուրգցիներն առանձնապես չեն փայլում: Այս տարվա օգոստոսին հանգստի նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած քաղաքացուս համար օրեր անց պարզ դարձավ, որ խնդիրը միայն կովկասցի կամ ասիացի լինելու մեջ չէր: Տուրիստի պակաս չունեցող պետերբուրգցիներն առանձնապես ջանք չէին թափում անգամ եվրոպացի զբոսաշրջիկներին հաճոյանալու համար կամ այնպես անելու, որ հաջորդ անգամ էլ նույն զբոսաշրջիկը ցանկություն ունենար այցելելու իրենց քաղաք:

Երբեմնի ցարական Ռուսաստանի մայրաքաղաք հանդիսացող Պետերբուրգում մշակութային օջախներ ու ճարտարապետական գլուխգործոցներ շատ կան, սակայն դրանցից օգտվելու համար գնային խտրականություն է դրվում՝ ի վնաս տուրիստի: Օրինակ՝ օտարերկրացու համար Էրմիտաժի տոմսը մոտ 3 անգամ թանկ արժեր: Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցները պատմում էին, որ մինչեւ վերջերս շատ հայեր, որոնք ամենեւին էլ Ռուսաստանի քաղաքացիներ չեն, Էրմիտաժի այդ «դրվածքը» շրջանցելու ձեւը գտել էին եւ Էրմիտաժ էին մուտք գործում մատչելի տոմսերով: Նրանք հերթում կանգնած որեւէ պետերբուրգցու գումարը տալով՝ ընդամենը խնդրում էին իրենց համար էլ տոմս գնել: Սակայն Էրմիտաժի տնօրինությունը օտարազգիների այս մեքենայության մասին գլխի էր ընկել, եւ նույնիսկ ՌԴ քաղաքացին այլեւս իրավունք չուներ մեկից ավելի տոմս գնելու:

Էրմիտաժի այն սրահներում, որտեղ մասնավորապես ցուցադրվում էին քարե դարից պահպանված էքսպոնատներ՝ տեսանկարահանելն ընդհանրապես արգելվում էր: Սակայն Էրմիտաժի տնօրինության այդ նախազգուշացմանը կովկասցի եւ ասիացի շատ տուրիստներ չէին հետեւում եւ հսկիչի աչքը թեքելուն պես՝ նմուշների կողքին թաքուն լուսանկարվում էին: Տեղեկացանք, որ թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից: Իսկ իր հարկի տակ ունեցած շուրջ երեք միլիոն էքսպոնատներից մշտական ցուցադրման է ներկայացվում մոտ 60 հազարը։

Օրական հարյուր հազարավոր տուրիստ հյուրընկալող Պետերբուրգի փողոցները մաքրամաքուր էին, այգիները՝ խնամված եւ նույնիսկ ամենաընդարձակ հասարակական այգում ոչ մի սրճարան կամ զվարճանքի օբյեկտ կառուցված չէր:

Չնայած այս քաղաքի փողոցներն ընդարձակ էին, իսկ վերջերս էլ Պետերբուրգի իշխանությունները կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցել՝ քաղաքը մեքենաներից բեռնաթափելու համար, սակայն օրվա պիկ ժամերին խցանումներն անխուսափելի են: Տեղացիները պատմեցին, որ Պետերբուրգի որոշ օլիգարխներ, պաշտոնյաներ խցանումների մեջ ժամերով չնստելու ձեւը գտել են. նրանք իրենց ուզած վայրը հասնելու համար օգտվում են ոչ թե ծառայողական մեքենայից, այլ քաղաքի շտապօգնության ծառայությունից, որը նրանց օպերատիվ տեղ է հասցնում՝ իր ճանապարհին չունենալով որեւէ խոչընդոտ. իհարկե՝ շտապօգնության մեքենան նրանք վարձակալում են համապատասխան վճարի դիմաց: Մեծահարուստների ամառանոցները հիմնականում գտնվում են Պետերբուրգի արվարձաններում, որտեղ հասնելու համար 40-60 րոպե է պահանջվում:

Տեղաշարժվելու համար ամենահարմար հասարակական տրանսպորտն այստեղ մետրոն ու քաղաքի արվարձանները սպասարկող էլեկտրագնացքն է: Մետրոյի ամեն անկյունում մարդկանց սթափեցնող ու տեռորիզմի մասին հիշեցնող ցուցանակներ են փակցված, որոնք կոչ են անում կասկածելի իր կամ անձ տեսնելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն: Հարբեցողության դեմ պայքարն էլ Սանկտ Պետերբուրգում ուղեկցվում է տուգանքներով. գնացքներում ալկոհոլ պարունակող ցանկացած խմիչք օգտագործող անձը տեղում տուգանվում էր: Տրանսպորտում, փողոցում ու ամենուրեք թմրամոլության դեմ արշավ է գնում. մարդկանց բաժանվում էին բուկլետներ, որտեղ մանրամասն ներկայացվում էր թմրանյութի հասցրած վնասների մասին:

Պետերբուրգյան ինտերնետ ծառայություններ առաջարկող ընկերություններն էլ բաժանորդներին գրավելու համար նորամուծություններով էին հանդես գալիս. օրինակ՝ առաջարկում էին «մանկական ինտերնետ», որը սահմանափակում է երեխաների համար անթույլատրելի կայքեր բացելու հնարավորությունը եւ թույլ տալիս օգտվել միայն ծնողի կողմից ընտրված կայքերից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Սանկտ Պետերբուրգ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930