Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցս թրքություն

Սեպտեմբեր 07,2012 14:27

Ականջդ կանչի մեծն Սերվանտես. գիտեիր, գուշակել էիր, թերեւս նաեւ առնչվել, երբ ժամանակների մեջ չժանգոտվող քո էպոսի հերոսներն էիր ստեղծում, եւ Սանչո Պանսայի շուրթերով երդում հռչակեցիր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ: Ես չգիտեմ, թե քո հրաշալի վեպի թուրքերեն թարգմանության մեջ այս տողերը մնացել են, թե խմբագրվել, չգիտեմ նաեւ, թե թուրքերեն թարգմանվե՞լ է վեպդ արդյոք, բայց մտածում եմ, որ թուրքերի համար օգտակար կլիներ Սանչոյի երդումը՝ ամեն անգամ կարդալով: Եվ որովհետեւ թուրքերի մեջ ոչինչ չի փոխվում իրենց՝ աշխարհի կյանքում հայտնվելու գրեթե հինգ հարյուր տարիների ընթացքում, թուրքը, իհարկե, այսօր եվրոպական հագուստ է հագնում, մասնակցում նույնիսկ միջազգային գիտաժողովների, թվում է՝ բան է փոխվում, թվում է, քանի որ չի փոխվում ամենակարեւորը՝ արտաքին ձեւերի տակ նրբորեն թաքնված թրքությունը…

Էկզյուպերին «Մարդկանց երկիրը» գրքում հետաքրքիր հիշատակություն ունի, թե ինչպես մի թուրք մի նոր աստղ էր հայտնաբերել եւ աստղագետների փարիզյան միջազգային գիտաժողովում ներկայացրեց իր գյուտը, բայց որովհետեւ այդ գիտնականը չալմայով էր, ներկա աստղագետներից ոչ ոք չհավատաց նրան: Մի տարի անց նույն թուրքը, այս անգամ արդեն եվրոպական հագուստով, նույն աստղը ներկայացրեց, եւ բոլոր գիտնականները հավատացին: Հավատացին եւ չհասկացան, որ այդ օրը Եվրոպան խաբվեց, ինչպես որ խաբվում է մինչեւ այսօր…

Բազմաթիվ գիտական վկայություններ կարելի է բերել, թե ինչով է մարդը տարբերվում անասունից, կենդանիներից ընդհանրապես: Իմ կարծիքով՝ այդ շատ օրինակներից ամենաառաջնայինը խիղճն է: Այո, խիղճն է, որ մարդուն տարբերակում է անասունից, քանզի խիղճը մարդ արարածի մենաշնորհն է, խիղճը հատուկ է միայն մարդուն:

Իմ ապրած կյանքի ընթացքում, հետեւելով աշխարհի անցուդարձին, ես նկատել եմ, որ պետությունները խիղճ չունեն, բայց միշտ վախեցել եմ բարձրաձայնել, քանզի չեմ ուզեցել հավատալ: Մտածել եմ նաեւ, որ պետությունները ստեղծել են մարդիկ, այսինքն թե՝ ցանկացած պետություն իր ժողովրդի, քաղաքացիների կամքի վերացական արտահայտությունն է, այդ դեպքում ո՞ւր է անհետանում մարդկանց հավաքական խիղճը՝ թերեւս տարրալուծվում է իշխանությունների բավիղներում եւ վերածվում պետական շահի: Իսկ պետական շահը անխիղճ է եւ ընդամենը փող արժե: Իհարկե, այդ շահի գինը լավ գիտեն մեծ տերությունները, բայց որ այդ շահի նշանից Հունգարիան էլ խաբվեց, թերեւս զարմանալի է, գրեթե անհնարին, բայց ամոթալի փաստ, խեղճ հունգարացիներ… քանզի ձեր պետությունը սեփական ժողովրդի խղճի դեմ գործեց, եւ ակամա դուք էլ եք մեղավոր, քանի որ թրքությունը ձեզ էլ քսվեց:

Եվ հիմա այս ամենից հետո մտածում եմ, որ չի կարելի ոչ մեծ, ոչ փոքր տերություններից խիղճ հայցել, այլ պետք է լինել ուժեղ, կազմակերպված ազգ ու պետություն եւ ազգովի գնալ Արցախի անկախությունը ճանաչելուն՝ դիմելով ոչ թե տերություններին, այլ մարդուն, մարդու խղճին, հռչակել համամարդկային հանրաքվե՝ հանուն ազատ ապրելու կամքի: Ափսոս, հազար ափսոս թուրքերին քաղաքակրթելու Եվրոպայի եւ աշխարհի հուսահատ ջանքերին, քանզի եվրոպական տարազը, հեռուստացույցն ու համացանցը թուրքերին ի զորու չեղան քաղաքակրթելու, եւ ես այսօր տագնապ ու վախ ունեմ, որ Եվրոպան ու աշխարհն է սկսում թրքանալ, չնայած նրան, որ մեծն Սերվանտեսը վաղուց արդեն զգուշացրել էր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930