Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ՀՀԿ լուրջ հակասություններ Եղեգնաձորում

Սեպտեմբեր 07,2012 14:24

Քաղաքապետի պաշտոնի համար այստեղ լուրջ պայքար է սպասվում, ուժային եւ իշխանական լծակներն արդեն գործի են դրվել:

Աշակերտներն ու ուսուցիչներն այս խողովակին ապավինելով են մուտք գործում դպրոց:

Քաղաքապետի տան հարակից այս դիտահորից են կեղտաջրերը հոսում մինչեւ քաղաքապետարան, իսկ ոռոգման ջրերը ողողում են քաղաքի փողոցները:

Քաղաքի կենտրոնում՝ Ամֆիթատրոնի եւ մշակույթի տան կողքին, ոստիկանապետ Մանվել Դավթյանի տունն է: Դա մշակութային գործիչների համար նախատեսված հանդերձարանի տարածքն է:

Կոյուղաջրերը եւ աղբը հանգրվանում են այս գետում եւ հոսում Արփա:

Սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Վայոց ձորի մարզի 44 համայնքներից 36-ում, այդ թվում՝ մարզկենտրոն Եղեգնաձորում եւ Վայք քաղաքում: Վայքում երեք թեկնածու է՝ ՀՀԿ-ից առաջադրված՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը, ինքնաառաջադրված ԲՀԿ անդամ Բաբա Բաբայանը եւ անկուսակցական Թարո Ավետյանը: Եղեգնաձորում առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանը եւ ԲՀԿ տեղական կառույցի պատասխանատու Դավիթ Հարությունյանը: Սիրեկան Բաբայանը պաշտոնավարել է 12 տարի: Սակայն հավանական է, որ այս անգամ զիջի դիրքերը: Թեեւ իր վերջին հարցազրույցներից մեկում նա թերագնահատել էր ԲՀԿ-ական թեկնածուին, սակայն ասում են, որ Դավիթ Հարությունյանը տեղում բավականին հեղինակություն է վայելում, մանավանդ, եթե նկատի առնենք վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնցում ԲՀԿ-ն հաղթեց: Եղեգնաձորում ընտրությանը մասնակցած մոտ 3500 ընտրողից 1800-ը ձայն էին տվել ԲՀԿ-ին: ՀՀԿ-ական քաղաքապետն ուժային կառույցների հետ համատեղ հարազատ կուսակցության համար մոտ 1300 ձայն կարողացավ ապահովել: Հավանաբար, հենց այս մտահոգություններն են պատճառը, որ Եղեգնաձորում իշխանական թեկնածուի հերթական հաղթանակը ապահովելու համար ոստիկանությունն արդեն ակտիվացել է:

Եղեգնաձորի գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի շտաբի պետն է նախկին պատգամավոր եւ մարզպետ Սամվել Սարգսյանը: Մեզ հետ զրույցներում տեղացիները պատմեցին, որ վերջինս իր մոտ է հրավիրում մարդկանց, ովքեր տեղում ազդեցություն ունեն, եւ տարբեր ձեւերով ճնշումներ է գործադրում՝ սեփական կամքը նրանց թելադրելով: Նրանից ետ չի մնում նաեւ տեղի ոստիկանապետ Մանվել Դավթյանը: Տեղացիներին զայրացնում է նաեւ այն, որ հատկապես երեկոյան գործող քաղաքապետի շտաբի մոտ են հավաքվում թանկարժեք մեքենաներ՝ «գոլդ» համարներով: Նման ոչ արտառոց նախընտրական աշխուժությունը տեղացիներին զայրացնում է, քանի որ «ցուցադրությունները» այլեւս որեւէ ազդեցություն չեն գործում: Մարդիկ առօրյա, արդեն երկրորդ տասնյակը բոլորող հազար ու մի խնդիրներ ունեն եւ ուզում են գոնե ինչ-որ բանով իրենց հոգսը թեթեւացած տեսնել: Մարզկենտրոնի բավականին անշուք տեսքն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Ընդամենը մի քանի օր է, որ քաղաքում բարեկարգման աշխատանքներ են սկսվել, անգամ քաղաքի մուտքը խորհրդանշող արձանի մոտի խոտերն են քաղվել, արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան է տեղադրվել, շրջապատն են բարեկարգում, տարածքն էլ 99 տարի ժամկետով տրված է ԵԿՄ-ից մեկին: Ժամանակին այդ, ինչպես նաեւ այլ տարածքներ, որոնք ճեմուղիներ, ծառուղիներ եւ այգիներ են եղել, այժմ վերածվել են առեւտրական կրպակների: Վերջերս քաղաքի Միկոյան փողոցի 15-16 շենքերի հարակից տարածքներում՝ հերթական կրպակների տեղադրման ժամանակ, բնակիչների եւ կրպակատերերի միջեւ վիճաբանություն է եղել: Բնակիչները սեփական նախաձեռնությամբ եւ ինչ-ինչ բարերարների աջակցությամբ փորձել են այդ տեղում խաղահրապարակ կառուցել, ոստիկանությունն արգելել է՝ հիմնավորելով, թե բացակայում է համապատասխան որոշումը, եւ գործողություններն անօրինական են: Արդյունքում տուժել է Հովհաննես անունով վարպետը, ով ընդամենը տեղադրելու աշխատանքն է կատարել՝ 480 հազար դրամ տուգանել են: «Լավ, էս քաղաքը ճարտարապետ չունի՞, որտեղ հասնում՝ տարածք են տալիս, ասում են՝ գենպլանով ա: Գենպլանն ինձ չի հետաքրքրում, ինչի՞ են քաղաքի տեսքը փչացնում: Քաղաքը պտի քաղաքապետինն ըլնի, որ սիրտը ցավա: Եղեգնաձորցիները ճարտարապետությունից անցել են առեւտրի, սաղ քաղաքը խանութ ա»,- քաղաքի բակերից մեկում «Առավոտի» հետ զրույցում վրդովված պատմեց տեղի տարեցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց՝ «էտի կարեւոր չի»: Նրա նախկին ուսուցիչ ընկերներից մեկն էլ՝ Գեւորգ անունով, շարունակեց դժգոհությունները. «Ասում են՝ տուրիզմ, տուրիզմ… էսքան պատմական վայրեր կան, Նորավանքը, Սպիտակավորը, որտեղ Նժդեհն է ստեղծագործել, տարածաշրջանում 37 վանք կա, սրանից էլ լավ տուրի՞զմ… զարգացրեք, ծառուծաղիկ տնկեք, ասֆալտ արեք, արտասահմանցիներին բերեք, ցույց տվեք, թող ներդրում անեն… հենա, մասնավորը տուրիզմի կենտրոն ա սարքել, լավ էլ գործում ա, ուրեմն արդարացնում ա… Խիտ-խիտ շենքերի արանքները էլի մի բան են խցկում. ծառ տնկեք, նստարաններ դրեք, մարդիկ նստեն, երեխեքը խաղան: Չէ՜, ճարտարապետ, քաղաքապետ գոյություն չունի: Գեւորգ սրբազանը ստեղից-ընդեղից փող ճարեց, «Գիտելիք» համալսարանը սարքեց, քաղաքապետն իրա բուկլետում գրել էր իրա վրա: Բացօթյա լողավազան, մարզադպրոց էլ էր հինգ տարի առաջ բուկլետում գրել, ամերիկացիներն էին, իտալացիներն էին՝ սարքեցին»:

Տնամերձ հողամասեր եւ կրպակների տարածքներ են տրամադրվել նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների՝ կանաչապատման համար նախատեսված տարածքներից: Թիվ մեկ դպրոցի՝ տասնամյակներ առաջ աշակերտների ջանքերով ստեղծված պտղատու այգու մի մասը նախընտրական այս թոհուբոհերում տրամադրվել է ինչ-որ մարդկանց. «Հիմա հենց ընենց ախպերն ախպորը հող չի տա: Էդ այգին ի՞նչ բաժանվեց»: Վայքի փողոցում՝ հիվանդանոցից մինչեւ թիվ մեկ դպրոց ձգվող հատվածում, փողոցի չեզոք համարվող տարածքներում 30 կրպակատեղ է հատկացվել: Երկրորդ դպրոցի խաղահրապարակի 30 տոկոսը նույնպես հատկացվել է կրպակների համար: Տեղացիներին վրդովեցնում է, որ այս ամենից հետո գոնե քաղաքի խնդիրները լուծելու համար պատշաճ գումարներ չեն հատկացվում, բայց չէ՞ որ բոլոր հարկերն ու տուրքերը պարտաճանաչորեն հավաքվում են: Մշակութային կյանքի զարգացման մասին արդեն չեն էլ խոսում: Հոգնել են:

Եղեգնաձորում մեծ խնդիր է ոռոգման ջուրը: Ջրագծերը վերակառուցելու մրցույթում հաղթել է Արարատի մարզից ինչ-որ կազմակերպություն. «Սաղ փողոցները ավերեցին: Մարդն ասեց՝ ինձնից հասնում ա ծածկելը, խճապատելն ու ասֆալտապատելը քաղաքապետարանի գործն ա: Չարեցին: Արդեն հինգ տարի»,- պատմեցին մեր զրուցակիցները: Սրանով, սակայն, ոռոգման ջրի խնդիրն էլի չի լուծվում, քանի որ նաեւ առուները մշտապես չեն մաքրվում, եւ ոռոգման ջուրը հոսում է ողջ փողոցի լայնությամբ: Ավագյան փողոցից, որտեղ ապրում է գործող քաղաքապետը, ճանապարհները տանում են դեպի «Գլաձորի» համալսարան, Լեռնաշեն, Սպիտակավոր, քաղաքապետի տան մոտի դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս եւ փողոցով հոսում՝ մինչեւ քաղաքապետարանի բակ: Այստեղ խնդիր է նաեւ կոյուղաջրերի հարցը: Դրանք լցվում են քաղաքի միջով հոսող գետը, ապա Արփա գետը: Ամռան օրերին գարշահոտությունից պարզապես քայլել չի լինում այդ փողոցներով. «Գետի մեջ մեծ քարեր կան, կեղտը կպնում-նեխում ա»,- պատմեց Սերոբ պապը: Հիմա այդտեղ էլ են աշխատանքներ ընթանում: Թեկնածուներից որի՞ նախաձեռնությունն է, դեռ պարզ չէ, բայց տեղացիները դրա վրա չեն ծանրանում, ուրախ են, որ գոնե նախընտրական շրջանում են փորձում մի բան անել:

Լուրջ է նաեւ աղբահանության խնդիրը: Մարդիկ ասում են, որ կոմունիստների ժամանակներից ի վեր չեն հիշում, որ Եղեգնաձորում աղբահանության հարցը նորմալ կազմակերպվի: Մարդիկ խոստովանում են, որ գումարներ էլ չեն վճարում, որովհետեւ չեն վստահում, եւ հավատում: Աղբահանության համար բերված նոր մեքենան միայն տոն օրերին է երեւում:

Այստեղ նաեւ ավանդույթ է եղել: Քաղաքի մեջտեղում, «պուլպուլակի» մոտ, սովորաբար տեղի տարեցները հավաքվում, նարդի, կարտ են խաղում եւ բոլոր քաղաքապետերն իրենց սուրբ պարտականությունն են համարել ամեն առավոտյան գալ «պուլպուլակի մոտ»՝ զրուցել մարդկանց հետ, լսել գովեստներն ու նախատինքները: Սիրեկան Բաբայանն այդ ավանդույթին վերջ է դրել: Փոխարենն այլ ավանդույթ է հիմնել՝ մայրաքաղաքից ժամանած բարձրաստիճաններին ուղեկցում է սարերը՝ որսի: Լուսավորության խնդրի մասին մարդիկ անգամ ավելորդ են համարում խոսել: Նույնիսկ կենտրոնական փողոցը լուսավորություն չունի, գոնե տոն օրերի համար: Անկախության 20 տարիների ընթացքում ասֆալտապատվել է միայն Եղեգնաձորի կենտրոնական մի փողոց, որով նախորդ նախագահական ընտրություններին պետք է անցներ Սերժ Սարգսյանի նախագահական կորտեժը: Այդ ասֆալտը պահել-փայփայել են նաեւ առաջիկա նախագահական քարոզարշավի համար: Բարվոք չէ նաեւ համայնքապատկան մանկապարտեզների վիճակը, հատկապես սանհանգույցները, իսկ ուտելիքի մի մասն ապահովում են ծնողները՝ սեփական բերք ու բարիքից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Առաջիկայում կներկայացնենք նաեւ քաղաքապետի խոսքը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930