Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան ու Սպարտակ Ղուկասյաններին այդպես էլ չհաջողվեց խաթարել Գյումրու քարոզարշավը

Սեպտեմբեր 07,2012 14:08

Այս կարծիքին են թեկնածուները

Այսօր քարոզարշավի վերջին օրն է. եթե հաշվի չառնենք այս երկու շաբաթվա ընթացքում Գյումրիում հնչած կրակոցներն ու խուլիգանական մանր-մունր արարքները, օրինակ՝ ասենք, քաղաքապետի թեկնածուներից մեկի բուկլետները բաժանող երիտասարդ տղաներին Պոլիգոն թաղամասում ահաբեկելը, ապա պետք է ասենք, որ քարոզարշավն անցավ անցնցում, առանց ինտրիգների:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածուներից մեկը՝ Կարինե Մկրտչյանը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս անգամվա քարոզարշավը շատ ավելի հանգիստ անցավ, քան նախորդ տարիներին: «Շատ լավ անցավ, եթե ի նկատի ունենանք, որ մի միջադեպ գրանցվեց՝ Վարդան Ղուկասյանի տղայի եւ ավագանու անդամության թեկնածուի միջեւ, անունը չեմ հիշում, դրանից զատ՝ ընդհանուր առմամբ բացահայտ կերպով քաղաքակիրթ ձեւով է գնում, բայց թաքնված շերտը կա, երբ որ արդեն թաղային հեղինակություններ են մասնակցում, մութը ընկնում է, սեւ գույնի մեքենաները սկսում են շրջել թաղերով, էսպես կոչված՝ լավ տղաներին պարտադրում են ձայներ հավաքել, դա չերեւացող մասն է: Նախքան քարոզարշավը սկսվելը՝ մեր խմբի 7 թեկնածուները գիտեին, որ թաղամասերում ինչ բաժանումներ են տեղի ունեցել, քաղաքը արդեն բաժանված էր: Առաջադրումների հետ կապված էլ ասեմ, որ այս անգամ ունեցանք 71 ավագանու թեկնածու՝ 7 կին: Ցանկացած դեպքում սա աննախադեպ երեւույթ է Գյումրիի համար՝ տարբեր խմբեր, նախաձեռնություններ, քաղաքական կուսակցությունների թիմեր, նույնիսկ ներկայիս գործող քաղաքապետի թիմակիցներ, էս առումով բազմազան ու բազմերանգ է, ես դրական եմ գնահատում»: Այս բազմազանության մեջ Կարիեն Մկրտչյանին զարմացրել է այն, որ որեւէ մեկը հրապարակային խոսքով հանդես չի եկել, այս մարդիկ բավարարվել են միայն իրենց «պասպորտի» նկարները պատերին փակցնելով ու ծննդյան տարեթվերը ներկայացնելով: «Ես կուզենայի ասել, որ թեկնածուներին ես չեմ տարբերում մեկը մյուսից, խոսքս «Աշխատանք եւ արժանապատվություն» խմբին է վերաբերում, ոչ անուններն եմ կարդալուց հետո մտապահել, ոչ էլ դեմքերը, նույնատիպ հայացքով, նույն կարմրաթուշիկ, փմփուշիկ տղայիկներն են: Սա խնդիրների մեջ թաղված քաղաք է, դուք ապրել եք էս քաղաքում, մի խոսքով՝ արտահայտվե՞լ եք երբեւէ, հրապարակային կարծիք ունեցե՞լ եք, անհայտ ծագման մարդիկ են, ըստ իս»,- ասում է Կարինե Մկրտչյանը: Ավագանու այս թեկնածուի կարծիքով՝ ինտրիգը ավագանու թեկնածուների միջեւ է, ոչ քաղաքապետերի:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն քարոզարշավի մասին քաղաքապետի թեկնածուները, օրինակ՝ Գյումրու քաղաքապետի որդու՝ Սպարտակի ռազբորկաները ազդեցի՞ն արդյոք ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի քարոզարշավի ընթացքի վրա: «Չէի ասի, թե ազդեց, ես դատապարտում եմ նման դեպքերը, չլիներ, շատ լավ կլիներ, իմ քարոզարշավը իր գրաֆիկով կարողացա նորմալ անցկացնել, բնակչությունը, բնականաբար, այս հարցը բարձրացրեց, մենք պետք է կարողանանք ձերբազատվել այսպիսի դեպքերից, քաղաքակիրթ առաջընթաց ունենալ՝ երիտասարդներին ճիշտ դաստիարակելու համար, մենք պետք է այնպես անենք, որ գյումրեցի երիտասարդը չգնա ու մնա Երեւանում, Ռուսաստանում, նա պետք է հետ գա: Եթե կարողանանք էս ամեն ինչը անել, ամենամեծ խնդիրը լուծած կլինենք, այլապես այսօր Գյումրի քաղաքը ծերերի ու հաշմանդամների քաղաք է դարձել»,- ասաց Սամվել Բալասանյանը: Մենք քաղաքապետի թեկնածուին նաեւ հարցրինք, թե ինչո՞վ է պայմանավորված կուսակից ընկերների՝ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուների իր քարոզարշավին չմասնակցելը: «Ճիշտն ասած, շատ լավ աշխատում ենք, շատ կուռ կառույց է, այսօր կուսակցականների լուրջ թվաքանակ ունենք բոլոր ընտրատարածքներում, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ լուրջ աշխատանք ենք ծավալում: Չէի ասի, որ նման բան կա, էսօր էդ կուսակցականացված լինելը Ազգային ժողովում հստակ երեւում է, ԱԺ-ի ու ՏԻՄ ընտրությունների միջեւ շատ մեծ տարբերություն կա: ՏԻՄ-ի պարագայում, ինձ թվում է, իմաստ էլ չկա, որ ասեմ՝ ես ԲՀԿ ներկայացուցիչ եմ, տեղակալը ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, կամ մյուս տեղակալը այլ կուսակցության ներկայացուցիչ է, կապ չունի արդեն: Ճիշտն ասած, նոր եմ մտնում այս պրոցեսի մեջ, բայց համենայնդեպս՝ այդպես եմ տեսնում, որ մասնագետներ պետք է լինեն»,- կարծում է Սամվել Բալասանյանը: Նա նաեւ ասաց, որ իր համար շատ ձեռնտու է Հանրապետական կուսակցության սատարումը: «Ինձ համար շատ լավ է, որ էսօրվա դրությամբ Հանրապետականը պաշտպանում է ինձ, ինչի՞ համար, որովհետեւ նա իշխող կուսակցություն է, ունի կառավարություն, ֆինանսներ կարող է տրամադրել քաղաքին՝ պրոբլեմներ լուծելու համար: Սա՝ մեկ, երկրորդը՝ օրենսդիր դաշտում ունի մեծ խմբակցություն. եթե Գյումրի քաղաքի օրենքի վերաբերյալ ինչ-որ փոփոխություններ եւ լրացումներ ունեմ անելու, եթե դու ինձ սատարել ես, ուրեմն սատարի նաեւ օրենքի նախագիծը լրացնելու, որը կբերի մեծ ներդրումներ: Այստեղ վատ բան կա՞: Էսօրվա դրությամբ ինչ-որ տարբեր շահարկումներ կան, ես չեմ ընդունում: Ես ասում եմ՝ սա նոր քաղաքական մշակույթ է, հիմա ի՞նչ վատ է, որ մենք՝ ԲՀԿ-ականներս, Արթիկում պաշտպանում ենք Հանրապետական թեկնածուին: Նորմալ է, մենք գտնում ենք, որ սա կարող է համենայնդեպս փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, հիմա ոնց որ էստեղ՝ Գյումրիում ենք փոխելու, եւ հանրապետության նախագահն ասաց, թե բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է Բալասանյան Սամվելը փոխել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ուրախ չե՞ն, բնականաբար՝ ուրախ են, այսինքն՝ անձ կա, որը կարող է ինչ-որ փոփոխություն կատարել տվյալ տիրույթում, տվյալ համայնքում»,- ասաց թեկնածուն: Ըստ նրա՝ թեեւ ինքը տարիներ շարունակ նախընտրական հանդիպումների մեջ է. 4 անգամ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի իր թեկնածությունն է առաջադրել, սակայն այսպիսի ջերմ հանդիպումների ականատես չի եղել: «Ոնց որ, ասենք, զարթոնք լինի, երեւի ինչ-որ տեղ մթնոլորտի փոփոխությունից է, երբ առաջին անգամ ելույթ ունեցա, ժողովուրդը սովորական ընդունեց, բայց երկրորդ անգամ դահլիճը ծափահարություններից տրաքում է: Սովորական բան ես ասում, ասենք ասում ես՝ բերեք մենք խուլիգաններին էնպես անենք՝ հեռացնենք, իհարկե մարդ կա, որը ուզում է խուլիգաններին տանի, պահի (թեկնածուն ակնարկում է իր մրցակցին՝ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին), բայց ես սխալ բան չեմ ասել, ասել եմ՝ մենք պետք է կարողանանք մեր երիտասարդներին, մեր երեխաներին ճիշտ դաստիարակել: Ես գտնում եմ, որ գյումրեցին պետք է մնա իր բարձունքի վրա, ունենա իր կարեւոր նիշան էս երկրում, լինի արհեստի, արվեստի, մշակույթի, սպորտի քաղաք, որն ունեցել է, իր տրադիցիան ու կոլորիտը կարողանա պաշտպանել, այլապես մենք մեր տրադիցիան ու դեմքը կորցնում ենք»: Պարոն Բալասանյանը ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավի ընթացքից, միայն թե նեղվեց, որ քարոզարշավին հատկացված ժամանակը շատ քիչ էր, եւ քանի որ Գյումրին էլ մեծ քաղաք է՝ 120 հազար ընտրող ունեցող, ֆիզիկապես հնարավոր չէ հանդիպել բոլոր գյումրեցիների հետ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930