Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծամասնության ծուղակը

Սեպտեմբեր 07,2012 13:51

Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաեւ մեր թերթում, գալիս է ապացուցելու, որ հարեւան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության եւ ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, ովքեր ընկել են այդ զանգվածային պսիխոզի գիրքը: Հիշենք, օրինակ, որ 1930-ականներին գերմանացիների մեծամասնությունը վստահ էր, որ իրենց դժբախտությունների միակ պատճառը հրեաներն են: Թե ինչով դա վերջացավ՝ հայտնի է: Այլ կերպ չէր էլ կարող վերջանալ, որովհետեւ ատելության հիման վրա կարելի է քնած մարդուն կացնահարել կամ խաղաղ բնակիչների նկատմամբ «պոգրոմ» սարքել: Բայց հաղթել պատերազմում՝ երբեք: Իսկ հետո գալիս է սթափվելու պահը:

Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է եւ կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեք խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:

Կամ՝ մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները՝ եկեք մտավոր փորձ կատարենք եւ ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է եւ արդյունավետ, քան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որեւէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առեւտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»:

Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենեւին ոչ աղքատ, բողոքում են կյանքից եւ հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին: Շատ ցանկալի է, որ այդ ընթացքում 2-3 րոպեն մեկ 80-ամյա տատիկի նման ձեռքերդ խփես ծնկներին եւ բացականչես՝ «ախ, թալանեցին, ախ, ժողովրդի արյունը ծծեցին, բա ափսոս չէր «սովետը»: Շուտով նորից ընտրություններ են լինելու, եւ մենք դարձյալ ականատես կդառնանք, թե ինչպես են գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարվածելու իրենց ծնկներին եւ «տոն տալու» այս խոսակցություններին: Այդպես է արդեն 20 տարուց ավելի. ճիշտ է, հիմա արդեն ասպարեզում չկան լալահառաչ «բայաթիների» այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին 90-ականների Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը:

…Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է՝ բլիթի նման, եւ եթե որեւէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում էին կրակի վրա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930