Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռացե՞լ են, որ «կոպեկներով» են սեփականաշնորհել …

Սեպտեմբեր 07,2012 13:23

Շաբաթ օրը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց էր կատարել Արմավիրի մարզում, որից հետո խորհրդակցություն էր անցկացրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկությունների ղեկավար-սեփականատերերի հետ և նրանց հորդորել էր ավելի շատ քանակությամբ գյուղմթերք մթերել, այսինքն` գործարանը աշխատեցնել իր հնարավորությունների ծավալին մոտ, և նորմալ խաղողը մթերեն 140 դրամից ոչ պակաս: Հանրապետության նախագահը նշել էր նաև, որ օրենք են հանելու, որ ով իր հզորությունների 50 տոկոսից պակաս աշխատի, լրացուցիչ հարկեր է տալու:

Պարզ է, որ հանրապետության նախագահի մոտեցումը գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների սրտովը չէր: Որոշ լրատվամիջոցներ էլ քննադատեցին այն, նշելով, որ նախագահը իր միջամտությամբ խախտում է շուկայական տնտեսության, ազատ բիզնեսի կանոնները:

Այո, ազատ բիզնեսը ունի իր կանոնները, սակայն հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Տարիներ առաջ ունեինք գյուղմթերք վերամշակող, պետական, հզոր և տեխնիկապես հագեցված գործարաններ, որոնց հիմնական մասը «կոպեկներով» սեփականաշնորհվեց որոշ ճարպիկ մարդկանց կողմից: Այդ գործարանների սեփականատերերի մի մասին թվում էր, թե գործարանները իրենք պապենական ժառանգություն են ստացել և իրավունք ունեն գործարանի ունեցվածքի հետ վարվել այնպես, ինչպես որ կամենան: Դրա համար էլ, գործարանների սեփականաշնորհումից որոշ ժամանակ անց սկսվեց գործարանների զանգվածային թալանը, հիմնական միջոցների փոշիացումը: Թալանում էին ինչ պատահեր` գործարանի մեքենա-սարքավորումները, ծածկը, պատերը, և այլն: Թող հիշեն, թե որքան մեքենա-սարքավորումներ վաճառվեցին կամ «մետաղի ջարդոնի» անվան տակ, արտահանվեցին երկրից: Եվ այդ ամենի համար ոչ ոք մինչև այժմ պատասխան չի տվել: Չէ՞ որ դա պետության, ժողովրդի ունեցվածքն էր:

Այսօր այդ գործարանների սեփականատերերը գյուղացիների հետ վարվում են այնպես, ինչպես որ ցանկանում են` կուզենան գյուղմթերքը կընդունեն, չեն ուզենա` չեն ընդունի, ինչ գնով, որ ցանկանան, այդ գնով էլ կընդունեն, և այլն: Երկրում պաշտպանված չեն գյուղացիների իրավունքներն ու շահերը: Իսկ գործարանների սեփականատերերը մոռացել են, որ «կոպեկներով» են սեփականաշնորհել …:

Այս առումով, կարծում եմ շատ տեղին էր հանրապետության նախագահի միջամտությունը, ավելին` ցանկալի կլիներ նաև գործարանների սեփականատերերի առջև դրվեին այնպիսի պարտավորություններ, ինչպիսիք են` գործարանների վերազինումը ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան մեքենա-սարքավորումներով, գյուղացիներից հարմար գներով ավելի շատ գյուղմթերքի ընդունումը, նոր աշխատատեղերի ապահովումը,  մեծաքանակ պատրաստի արտադրանքի արտահանումը, և այլն: Այդ ժամանակ արդեն, գյուղացու մոտ կվերականգնվեր վստահությունը և կգործեր արտադրող – վերամշակող – իշխանություններ կապը, իսկ հանրապետության նախագահը կմիջնորդեր բանկերին, որպեսզի վերջիններս գործարաններին տրամադրեին մատչելի պայմաններով անհրաժեշտ վարկեր:

Սարգիս Սեդրակյան

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930