Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը Ջհանգիրյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ են

Սեպտեմբեր 07,2012 13:37

 Այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այդ հանձնաժողովը պետք է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով ուսումնասիրի իրավական նորմատիվ ակտերը, օրինագծերը, ուսումնասիրի հակակոռուպցիոն չափորոշիչների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահպանումը: Բացի այդ, նախագծում նշված է, որ հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն: Այս ձեւակերպումը խրտնեցրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: Նա ասաց, որ կողմ է, որ նման հանձնաժողով ստեղծվեր, սակայն որոշակի վերապահումներ ունի զուտ ձեւակերպման հետ կապված. «Ասենք, հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ պատգամավորները գնում, ուսումնասիրում են այսինչ ոլորտներում: Մեզ պետք է որ ոչ թե հայտնաբերենք, այլ զբաղվենք հայտնաբերվածներով: Ընդհանուր առմամբ համամիտ եմ, Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներ եղան, իմանանք՝ ինչպես են ուսումնասիրել, գործեր են հարուցել, ի՞նչ եղավ: Լիովին ձեր հետ կիսում եմ,  միլիարդների մասին է խոսքը, բայց երբեւիցե չեմ լսել, որ քրգործ հարուցվի, պատժեն: Եվ հետո, օրենքով սահմանված հակակոռուպցիոն չափորոշիչներ մենք ունե՞նք, գուցե ինչ-որ ժամանակ կտրվել եմ կյանքից, այդ ժամանակ սահմանել են, ես չգիտեմ: Սա եթե ընդունում եք, որ կարելի է վերամշակել, միասնական աշխատանք կատարենք, թողնենք հետո քննարկենք, չեմ ուզում ֆորմալ պատճառաբանություններով բովանդակությանը դեմ լինել: Սա նշանակում է ԱԺ-ն մեզ լիազորություն է տալիս, որ մենք որտեղ ուզենանք գնանք ստուգենք: Մենք չգիտենք էլ՝ իրավաբանական վարչությունը ինչ եզրակացություն է տվել՝ Սահմանադրությանը սա հակասո՞ւմ է, թե՞ չէ»:

Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես դրական արտահայտվեց՝ առաջարկելով, որ այնպես ձեւակերպվի, որ իշխանություններն էլ կողմ քվեարկեն: Ջհանգիրյանն էլ Ռուբեն Հակոբյանին այսպես ասած «դուխ» տվեց՝ «Հենա, կողքից մի հատ կողմ էլ ունեցար, էլ ի՞նչ ես ուզում»:

Ռուբեն Հակոբյանը համաձայնեց, որ այն վերամշակման կարիք ունի եւ որոշվեց հանձնաժողովում այդ հարցը քննարկել ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930