Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը՝ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին. «Էդ ոջիլի պատմությունը գիտես, չէ՞»

Սեպտեմբեր 07,2012 13:01

Այսօր ԱԺ-ում պետական-իարավական մշտական հանձաժողովի նիստում քննարկվում էր մի շարք օրինագծերի վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություն տալու հարցը:

ՀՀԿ-ի ներկայացրած «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ այս օրինագիծը կկարգավորի, թե որն է պետական գաղտնիք, ծառայողական գաղտնիք, որը՝ չէ: Օրինագծով առաջարկվում է ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը որ հաստատվի ՀՀ կառավարության կողմից: Բացի այդ, առաջարկվում է օրենքում լրացնել, որ գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում եւ ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության անվանումն ինքնին կարող է արդեն իսկ իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել, որի տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել կամ վնաս հասցնել մեր երկրի անվտանգության համար:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ «պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը երբ կառավարությունը նոր կարգով սահմանի, հնարավո՞ր է այս օրինագծով այլ տեղեկություններ, որոնք պետական, ծառայողական գաղտիք չեն, մտցնեք այս ցանկի մեջ»:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը օրինագծի համահեղինակին՝ Արփինե Հովհաննիսյանին հիշեցրեց հայտնի ոջիլի պատմությունը. «Էդ ոջիլի պատմությունը գիտես չէ՞, որ ուսանողը մենակ ոջիլի պատմությունն է իմանում ու դա է ներկայացնում: Հիմա իրենք ել սովոր են ամեն բանի տակ մտցնեն այն, ինչ ուզում են: Գերատեսչական ցանկերի հիման վրա նույն գերատեսչության փորձագետները հնարավոր է ցանկացած ինֆորմացիան ճանաչեն պետական գաղտնիք ու նույն եզրակացության հիման վրա պետական գաղտնիք սահմանեն»:

Ջհանգիրյանը կտրականապես դեմ էր օրինագծին եւ խորհուրդ տվեց միայն օրենքով սահմանված կարգով կարգավորել այդ դաշտը. «Թե չէ, գերատեսչությունները չեն նկարող կոնտրոլ անել»:

Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց պարոն Ջհանգիրյանի հետ՝ ասելով, որ հիմա ցանկը երբ հրապարակվում է, ավելի զգոնության մի բան կստեղծվի: Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Ես զարմանում եմ, որ դու ես այդ հարցը զեկուցում, ինչի՞դ ա պետք: Ոչ Արփինեն կնեղանա, ոչ պարոն Մարուքյանը: Ոչ ոք երաշխավորված չի որեւէ բանից՝ ո՛չ իշխանավոր, ոչ ընդդիմադիր, եւ մենք օրենքով պետք է հստակ տանք , ճիշտ է, օրենքով ավելի դանդաղ է, բայց սա այն ոլորտն է, որը անպայմանորեն օրենքով կարգավորման անհրաժեշտություն ունի»:

Դրական եզրակացության համար նա եւ Արծվիկ Մինասյանը ձեռնպահ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930